ՀՀ մտած թունաքիմիկատում ազդող նյութի տոկոսն այնքան է, որքան նշված է. Գեորգի Ավետիսյան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2018 թվականի դեկտեմբերի 20-ին հաստատել էր 2020 թվականը որպես Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահ է, որ դա կբարձրացնի բույսերի առողջության կարևորության մասին իրազեկվածության և ազդեցության մակարդակը գլոբալ նշանակության խնդիրների լուծման հարցում:

«Վնասակար օրգանիզմների տարածման գոտու ընդլայնմանը զուգահեռ՝ աճում են սննդամթերքի, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության դեմ սպառնալիքները։ Մասնավորապես, վնասակար օրգանիզմները, որոնք ներթափանցում են նոր էկոհամակարգեր, կարող են կործանարար ազդեցություն ունենալ պարենային անվտանգության և շրջակա միջավայրի անվտանգության տեսակետից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գեորգի Ավետիսյանը՝ հավելելով, որ վնասակար օրգանիզմների ներգործությամբ առաջացած բերքի կորուստները կարող են հասնել 50 տոկոսի:

«Միայն տնտեսական առումով՝ բույսերի հիվանդությունները համաշխարհային տնտեսությանը տարեկան մոտ 220 մլրդ դոլարի վնաս են պատճառում, իսկ վնասատու միջատները՝ շուրջ 70 մլրդ-ի»,- տեղեկացրեց Ավետիսյանը:

Հայաստանը Բույսերի առողջության պահպանման միջազգային տարվա շրջանակում մի շարք միջոցառումներ է նախատեսել՝ դպրոցներում բույսերի առողջության վերաբերյալ դասընթացների կազմակերպումից մինչև ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստ, ինչպես նաև Պեստիցիդների և ագրոքիմիկատների, բուսաբուծության ոլորտում օգտագործվող սարքավորումների ցուցահանդեսի կազմակերպում:

Միջոցառումները նախատեսվում է իրականացնել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի աշխատակազմի (IPPC) հետ համատեղ:

Պատեհ առիթն օգտագործելով, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն անդրադարձավ թունաքիմիկատների սխալ օգտագործման խնդրին:

Նրա վստահեցմամբ՝ Հայաստան մտնելիս դրանք բոլորը ստուգվում են, նշված է ազդող նյութերի քանակը:

«Մենք վստահ կարող ենք ասել, որ Հայաստան մտնող թունաքիմիկատը, որի վրա գրված է ազդող նյութի տոկոսը, հենց այդպես էլ մտնում է: Լաբարատոր հետազությունները հստակ ապացուցում են դա: Սակայն մենք խնդիր ունենք թունաքիմիկատներում կողմնակի նյութերի մասով, որի մասով վերահսկողություն չի արվում: Այս մասով իրավական խնդիրներ կան: Խնդիր ունենք նաև իրազեկման մասով՝ հարևանս օգտագործել է այս թունաքիմիկատը, սրանից ինձ տվեք: Չկա մասնագիտական մոտեցում, քիչ են նաև մասնագետները, մինչդեռ թունաքիմիկատների վաճառակետերում պարտավոր են մասնագետներ աշխատել»,- ընդգծեց բանախոսը՝ հավելելով, որ խախտվում է ոչ միայն թունաքիմիկատների օգտագործման չափաբաժինը, այլև մեթոդը:

 

Տեսանյութեր

Լրահոս