Բաժիններ՝

Ֆրանսիայում համազգային գործադուլը կաթվածահար է արել հանրային տրանսպորտի աշխատանքը

Ֆրանսիայում հանրային տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխման դեմ համազգային գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնել են ֆրանսիական ԶԼՄ-ները:

The Local-France հրատարակության տվալներով՝ ամբողջ Ֆրանսիայում գնացքների միայն 10 տոկոսն է շարունակում երթեւեկել, քանի որ երկաթուղային ընկերությունների աշխատակիցները միացել են գործադուլին: Eurostar ընկերությունը մինչեւ երեքշաբթի օրը չեղարկել է շուրջ հարյուր գնացքների երթեւեկությունը: Բացի այդ, փակ են Փարիզի մետրոյի կայարանները: Հինգշաբթի առավոտյան բնակիչներն ստիպված են եղել էլեկտրասկուտերներ եւ հեծանիվներ օգտագործել աշխատավայր հասնելու համար:

Easyjet, British Airways բրիտանական ընկերությունները եւ Ryanair իռլանդական ավիաընկերությունը հարյուրավոր չվերթներ են չեղարկել դեպի Ֆրանսիա եւ այդ երկրից, իսկ Air France-ը չեղյալ է հայտարարել ներքին չվերթների 30 տոկոսը: Ֆրանսիայի հյուսիսում բողոքողները փակել են երթեւեկությունը ճանապարհներին:

«Դեղին բաճկոնավորների» շարժման ներկայացուցիչները արգելափակել են վառելիքի պահեստները երկրի հարավի Վարի դեպարտամենտում: Նավթավերամշակման մյուս գործարանները նույնպես տուժել են գործադուլից: Նշվում է, որ 200-ից ավելի ավտոլցակայաններում ամբողջովին սպառվել է վառելիքը: Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բոռնի տվյալներով՝ ուրբաթ օրը տրանսպորտի աշխատանքի հետ կապված իրադրության բարելավում չի սպասվում: ԶԼՄ-ների տվյալներով՝ փակ են դպրոցների, հիվանդանոցների եւ պետական այլ հիմնարկությունների մեծամասնությունը, ոստիկանությունը կարգադրել է գործադուլների մասնակիցների ելույթների շրջաններում փակել բոլոր ձեռնարկությունները, սրճարաններն ու ռեստորանները: Ավելի քան 6 հազար ոստիկան է ժամանել Փարիզ՝ կասեցնելու հնարավոր անկարգությունները:

Բացի այդ, դադարեցվել է Էյֆելյան աշտարակի աշխատանքը: Բազմաթիվ այցելուներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարը, գործադուլի անցկացման օրերին չեղարկել են ուղեւորությունները Ֆրանսիա: Կա հավանականություն, որ համազգային գործադուլը կարող է շարունակվել մինչեւ Նոր տարի: Համընդհանուր գործադուլը կազմակերպվածէ 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմներ վերացնելու կառավարության պլանների կապակցությամբ, որոնց շնորհիվ առանձին ճյուղերի աշխատողներ, այդ թվում՝ երկաթուղայինները, էներգետիկները, իրավաբաններր եւ Փարիզի օպերայի աշխատողները կարող են թոշակի անցնել ավելի շուտ եւ ընդսմին ավելի շատ ստանալ:

Նաեւ բոլոր կատեգորիաների քաղաքացիների համար նախատեսված է կենսաթոշակային մուծումների ժամանակաշրջանի երկարացում: Կառավարությունը նման միջոցների է դիմել կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման բազմամիլիարդանոց դեֆիցիտից խուսափելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս