Հրաժարականի դիմում և մետրոյի ժետոն՝ նախարարին. ՀՅԴ ՀԵՄ անդամը լքեց օրինագծի քննարկումը

Այսօր ԿԳՄՍ նախարարությունում «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկումն էր: Ներկայանալու և նախարարին հարցեր հղելու համար գրանցվել էր նաև ՀՅԴ ՀԵՄ-ը: Դաշնակցական երիտթևի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը նախագծի ներկայացումից հետո, մինչև հարցեր տալը նախարարին խնդրեց քաղաքական շահարկումներ չանել, իր խոսքով՝ հաշվի առնելով վերջին շրջանում ձևավորված վատ պրակտիկան:

«Ի՞նչ է նշանակում՝ օրենքով չի կարգավորվելու, թե ինչ ենք անցնելու բուհերում: Եթե հարկը կա, ապա ինչո՞ւ օրենքով չի կարգավորվելու: Հարցը մեր առաջնահերթություններին է վերաբերում, մենք Հայոց լեզվի առաջնահերթություն ունե՞նք, Հայոց լեզուն ակադեմիական և գիտական լեզու պետք է լինի՞, թե ՞ չպետք է լինի: Եթե պետք է լինի, ապա սրա ապահովողը ո՞վ պետք է լինի»:

Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվեց նաև, թե օտար լեզվի դեմ պայքարող նախարարը ի՞նչ է արել հայոց լեզվի և հայ գրականության համար: ՀՅԴ երիտթևի անդամը, շեղվելով թեմայից, հույս հայտնեց, որ նախարարը գիշերը հանգիստ է քնել, քանի որ երեկ իր հետ չկայացած հանդիպման հետևանքով մի շարք երիտասարդներ հայտնվել են ոստիկանական բաժանմունքներում:

«Հույս ունեմ, որ երեկ հանգիստ եք քնել: Երեկ միայն այսպիսի հանդիպում կազմակերպելու համար, բայց մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկելու համար, այստեղ էին ուսանողներ ու քաղաքացիներ, որոնցից 24-ն արդյունքում հայտնվեցին բաժնում»:

Քրիստինե Վարդանյանը ծրար փոխանցեց ԿԳՄՍ նախարարի օգնականին, որի մեջ հրաժարականի դիմում էր և ժետոն, որ նախարարն այսօր մետրոյով գնա տուն, քանի որ, ըստ իրեն՝ նա կտրվել է իրականությունից: Իր տված հարցերի պատասխանները ՀՅԴ ՀԵՄ անդամը ցանկացավ լայվով լսել, ասաց, որ քննարկումը լեզվակռվի վերածել չի ուզում:

Հիշեցնենք՝ երեկ ՀՅԴ ՀԵՄ-ը հանդիպում էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որը տեղի չունեցավ: Երիտասարդները նստեցին նախարարության մուտքի մոտ և իրենց խոսքով «պերֆորմանս» իրականացրին՝ գիրք էին ընթերցում:  Ոստիկանները, հղում անելով օրենքին, որ ցույցերը չպետք է արգելափակեն հարակից շինությունների ելքերն ու մուտքերը, նրանց ուժ կիրառելով հանեցին այդտեղից: Երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը: Ցուցարարներին մի քանի անգամ գերազանցող ոստիկաններն այստեղ ևս ուժ կիրառեցին և բացեցին ճանապարհը:  Երիտասարդներից 24-ին բերման ենթարկեցին:

Տեսանյութեր

Լրահոս