Ադրբեջանը տարաբևեռ լրատվամիջոցներով ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել
Ադրբեջանական «APA» իշխանամետ լրատվական գործակալությունը, հղում անելով Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Թվիթերյան էջին, գրում է, որ Ադրբեջանը Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ փաստաթղթի մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը նախկինի պես հանձնառու է կոնֆլիկտը լուծել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում, նրա՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում»,- ասված է փաստաթղթում:
Ըստ այդ փաստաթղթի՝ առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը:
Դրան պետք է հետևի ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ, ինչպես նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը:
Փաստաթղթում ասվում է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխանությամբ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը