Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսը դուրս է եկել նախագահական ընտրարշավից
Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, որը ձգտում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման հասնելու Դեմոկրատական կուսակցությունից, դուրս է եկել նախընտրական արշավից: Դեկտեմբերի 3-ին այդ մասին նա հայտնել է Twitter-ում։
«Ես այսօր դադարեցնում եմ իմ նախընտրական արշավը եւ այդ մասին իմ կողմնակիցներին հայտնում եմ խորին ափսոսանքով, բայց միեւնույն ժամանակ երախտագիտության զգացումով»,- ասված է հաղորդագրության մեջ: CNN հեռուստաընկերությունը մեջբերում է կատարել էլեկտրոնային փոստով իր կողմնակիցներին Հարիսի ուղերձից:
«Ես գնահատեցի իրադրությունը բոլոր կողմերից եւ վերջին օրերի ընթացքում կայացրեցի իմ կյանքում ամենադժվարին որոշումներից մեկը: Նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու իմ արշավը պարզապես ֆինանսական միջոցներ չունի, որոնք անհրաժեշտ են այն շարունակելու համար»: Ինչպես այնուհետեւ նշել է սենատոր Հարիսը, ինքը «միլիարդատեր չէ եւ չի կարող ֆինանսավորել իր նախընտրական արշավը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: