Այս բեռը չպետք է թողնել միայն աշխատող մարդու ուսերին. Ատոմ Մարգարյանը՝ առողջության հարկի մասին

Արդեն մեկ շաբաթ է, բուռն քննարկումների առիթ է դարձել «ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ցանկացած համակարգ իր մեջ ռիսկեր պարունակում է, հարցն այն է, թե որքանո՞վ են շահերը համակշռված կամ հավասարակշռված:

«Այս նախագիծն  առաջքայլ է բնակչության այն հատվածի համար, որը չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից, իսկ դա ավելի քան 20 տոկոսն է բնակչության, այսինքն՝  ավելի քան 600.000 հազար մարդ հիվանդանալիս կանգնում է  փաստի առաջ և չի կարողանում դիմել տարրական բուժօգնության  ծառայություններից օգտվելու համար:

Նման համակարգերի նպատակներից մեկը սա է, որ համակարգը թույլ տա, որ բուժսպասարկումը մատչելի դառնա եկամտի ցածր  մակարդակ կամ եկամուտ չունեցող մարդկանց համար»,- ասաց նա:

Մեր հարցին, թե արդյոք, բացի նոր հարկի սահմանումից, այլ տարբերակ չկա՞ր առողջապահության համապարփակ ապահովագրությամբ ՀՀ ամբողջ բնակչությանն ապահովելու համար, Ատոմ Մարգարյանը պատասխանեց.

«Սա առողջության հարկ է, կամ նպատակային հարկ է, որից պետք է գոյանա առողջապահական հիմնադրամ, այլ հարց է, որ այն  չպետք է թողնել միայն  վարձու աշխատող մարդու ուսերին, նման համակարգեր, որպես կանոն, չկան աշխարհում: Որպես կանոն, եթե պետական ապահովագրական հիմնադրամ է ստեղծվում, կամ այդ համակարգը սկսում է աշխատել, այդ ծախսերի բեռի կեսն առնվազն կրում է գործատուն: Այսինքն, եթե 6 տոկոս է սահմանված, երեք տոկոսը պետք է վճարի գործատուն իր շահույթից: Այդպիսի համակարգեր գործում են եվրոպական շատ երկրներում՝ Գերմանիա, Շվեյցարիա, Բելգիա, Ռուսաստանում առհասարակ գործատուն 100 տոկոսով է վճարում իր աշխատողի ապահովագրական այդ վճարները, ծախսերը, և դա տրամաբանական է»:

Ատոմ  Մարգարյանը պնդում է, որ, եթե գործատուն ևս վճարի իր աշխատողի առողջության պահպանման ապահովագրական վճարը, նա շահագրգիռ կլինի, որ իր աշխատողի համար աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծի: Ըստ տնտեսագետի՝ այս նախագիծը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, և շատ կարևոր է, որ ներկայացվեն բոլոր տեսակետները, նախագծի հեղինակներն էլ բերեն իրենց փաստերը, որ հաստատման գնա նորմալ նախագիծ.

«Սովորաբար այդ կարգի համակարգերը պարտադիրության տարր ունենում են, և դա նորմալ է, եթե մարդկանց հայեցողությանը թողնենք, իհարկե, շատերը չեն մտնի այդ համակարգ, և դա ցույց է տալիս այսօրվա պրակտիկան: Հայաստանում գործում են այդպիսի համակարգեր կայացած մեծ  հնարավորություն ունեցող կազմակերպությունների աշխատողների համար, կա ապահովագրության կամավոր համակարգ, երբ մարդիկ, այսպես ասած, գնում են այս կամ այն ապահովագրական ընկերության ապահովագրական վկայականները և ամեն ամիս ռեգուլյար իրենց  աշխատավարձից փոխանցումներ են անում տվյալ ապահովագրական ընկերություններին, որոնք անհրաժեշտության  դեպքում կազմակերպում են բուժումն ու գումարն էլ փոխանցում համապատասխան բուժհաստատություն: Բայց այդ համակարգից օգտվում է  բնակչության 1.5 տոկոսից էլ պակաս մասը, այնպես որ, եթե կամավորի մասին լինի խոսքը, մեծ մասը չի էլ ցանկանա մտնել այդ համակարգ»:

Ատոմ Մարգարյանը նկատում է, որ նախագծում հղումներ արված չեն միջազգային փորձին.

«Կարծես թե դա միտումնավոր է արված, որովհետև եթե հղումներ տրվեր միջազգային փորձին, տարբեր երկրների փորձին, անցած ճանապարհին ու ձեռբերումներին այս համակարգում, ստիպված կլինեին շատ բան փոխել և այլ ձևով մատուցել»:

Համեմատել մեր երկիրը գերհարուստ ու զարգացած երկրների հետ Ատոմ Մարգարյանը տեղին չի համարում, միայն թե կարծում է, որ պետք է ընդօրինակել մեր երկրին համապատասխանող համակարգերն ու օգտագործել:

«Բոլոր դեպքերում իշխանությունը պետք է զգույշ վերաբերվի այս հարցերին, մանավանդ որ, մեծ խնդիրներ են ծագելու այս տեսքով այս համակարգը ներդնելու դեպքում, որովհետև մենք ունենք զգալի թաքնված զբաղվածություն, ունենք թաքնված աշխատավարձեր, ստվեր, այս ամենը դեռ պետք է  երևակվի, բացահայտվի, և մյուս կողմից՝ ապահովագրական բեռը պետք է հավասարապես դրվի գործատուների  ուսերին: Այս սա է հիմնական խնդիրը, որը չի լուծվել այս նախագծում, և ես համոզված եմ, որ այս  կամ այն ձևով այն անդրադարձ կունենա և կփոփոխվի»,- ասաց Ատոմ Մարգարյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս