«Վարչապետն ինքն իրեն չի համեմատել Հիսուսի հետ, պարզապես ինքն իրեն տեսնում է՝ իբրև Հիսուսի գործի շարունակող». Միքայել եպիսկոպոս Աջապահյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ հասարակություն-եկեղեցի կապն այսօր թույլ չէ. «Ուժեղանալու տեղ ունի և շատ, բայց որ ասենք՝ շատ տկար է, ոչ: Եկեղեցին այսօր բավականին լուրջ հիմքեր և ներկայություն ունի հասարակության բոլոր շերտերի մեջ»:
Երևանում Հայ Առաքելական եկեղեցուն հատկացված հողատարածքների վերաբերյալ քննարկումները, ըստ Սրբազանի՝ կեղծ հարցադրումներ են. «Նախ՝ եկեղեցին ինքը կանաչ տարածքների պաշտպան է, եթե այդ հարցադրումներն անողներն ուշադիր լինեին, կտեսնեին, որ ամենագեղեցիկ, ծաղկաշատ և ծառաշատ տարածքները եկեղեցամերձ տարածքներն են: Այն տարածքները, որոնք պետք է լինեին այգիներ և որոնք հանձնված են եկեղեցուն, որ այդտեղ եկեղեցիներ կառուցվեն, վստահ եղեք, որ եկեղեցի կառուցելուց հետո դա լինելու է լավագույն հանգստի վայրը»:
Սրբազանը վստահեցնում է՝ նոր եկեղեցիներ կառուցելու անհրաժեշտություն կա. «Այն հասարակությունը, որն իրեն համարում է քրիստոնյա, պետք է ունենա եկեղեցիներ: Նրանք են խոսում եկեղեցու դեմ, որոնց համար եկեղեցին պարզապես մոմ վառելու տեղ է: Բայց եկեղեցին ոչ թե մոմ վառելու, այլ հավատացյալներին հավաքելու և Աստծո խոսքը նրանց փոխանցելու վայր է: Հետևաբար՝ պետք է, որ եկեղեցին հնարավորինս շատ մարդ կարողանա հավաքել: Յուրաքանչյուր կիրակի հսկայական բազմություն պետք է հավաքվի եկեղեցում, որպեսզի լսի Աստծո խոսքը, ստանա սուրբ հաղորդություն: Իսկ դրա համար 1 միլիոնանոց քաղաքին 5-10 եկեղեցին բավարար չէ: Սա պարզագույն մաթեմատիկա է»:
Հարցին՝ արդյո՞ք բոլոր հոգևորականներն են այնպես անում, որ հավատացյալը չմնա մոմ վառողի մակարդակի, նա հարցով պատասխանեց. «Իսկ արդյո՞ք բոլոր բժիշկներն են այնպես անում, որ մարդիկ հիվանդանոց գնան կամ չգնան, արդյո՞ք բոլոր ուսուցիչներն են լավը, որ արժե երեխային դպրոց ուղարկել, թե ոչ: Այս հարցադրումն ինչո՞ւ չեք անում: Անշուշտ, կան հոգևորականներ, որոնք իրենց առաքելությունը չեն կարողանում լավ իրականացնել: Ցանկացած ասպարեզում կան լավերը, և կան վատերը»:
Սրբազանը բացարձակ համաձայն չէ տարբեր շրջանակների կողմից հնչեցվող՝ «եկեղեցին բիզնեսի վերածելու» մեղադրանքի հետ. «Այո, կան որոշ հոգևորականներ, որոնք գուցե իրենց կենցաղով գայթակղության առիթ են տվել կամ կտան, ես չգիտեմ, ես որևէ հոգևորականի մեղադրելու իրավունք չեմ վերապահում, որևէ մեկից ինձ չեմ գերադասում: Բայց ոչ ոք եկեղեցին բիզնեսի վայր չի դարձրել: Այն կոպեկները, որոնք եկեղեցին ստանում է մոմավաճառության կամ այլ նվիրատվությունների տեսքով, ամբողջովին վերադարձվում է ժողովրդին: Ցանկացած եկեղեցական բյուջե, եթե քննեք, կտեսնեք, որ այնտեղ եկեղեցականների աշխատավարձը չնչին տոկոս է կազմում: Մեծամասնությունը գնում է հարակից ծախսերի, եկեղեցու պահպանության և ուրիշ բարեգործական ծրագրերի համար: Հայ եկեղեցին Հայաստանի կարևորագույն հաստատությունը եղել է, մնում է և դեռ կմնա, նույնիսկ՝ սովետական 70 տարվա ընթացքում: Շատ ուժեր կան, մանավանդ՝ արտաքին, որոնց դա բնավ չի գոհացնում»:
Նա շեշտեց՝ լավ ապրող քահանան ծուխի պատիվն է, վատ ապրող քահանան՝ այդ ծուխի խայտառակությունը, ամոթը. «Եթե քահանան հարկադրաբար ցնցոտիավոր է, դա այդ ծուխի խայտառակությունն է, ոչ թե՝ քահանայի»:
Եկեղեցին, նրա խոսքով՝ ունի պետական հոգածության կարիք. «Ի վերջո, Սովետական Հայաստանի պետական իշխանությունն է, որ եկեղեցուն հասցրել է ծայրահեղ աղքատության, և, ի վերջո, այսօր պետությունը հարստացել է այն ունեցվածքի հաշվին, որ ունեցել է եկեղեցին: Դրան դեմ չենք, թող պետությունը միլիոնապատիկ հարուստ լինի եկեղեցուց, մենք՝ եկեղեցու ծառայողներս, պետության մեջ պետություն լինելու ցանկություն չունենք, և երբեք էլ մտադրություն չունենք լինելու պետությունից ավելի հզոր, առավել ևս՝ մեր հայրենի Հայաստանի Հանրապետությունից: Մեր ցանկությունն այն է, որ մեր առաքելությունն իրականացնելու համար ունենանք մինիմալ պայմաններ՝ եկեղեցական շենքեր, հարակից կառույցներ, արժանապատիվ աշխատավարձ, ինչպես բոլոր ասպարեզներում են ասում, որպեսզի հոգևորականները կարողանան արժանապատիվ ապրել և ծառայել հասարակությանը: Իսկ այդտեղ պետական հոգածություն անհրաժեշտ է»:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը Twitter-ում գրել էր. «Հեղափոխությունը հակազդեցությունն է ստին և, միևնույն ժամանակ, հաստատումն է ճշմարտության։ Բայց եթե հեղափոխությունն այդ հակազդեցությունից և հաստատումից բացի, ժողովրդի կյանքը հեղափոխող գործոն չի դառնալու, ապա այն սոսկ դատարկ մի պղպջակ է»։ Սրբազանից հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է նրա մտահոգությունը: Ի պատասխան՝ նա ասաց. «Մենք Վեհափառների ասածները քննարկման չենք դնում, մեզ համար նրանց ասածները բարձրագույն ճշմարտություն են: Այդտեղ այդքան էլ հստակ չէ՝ Վեհափառն իբրև երևույթ՝ նկատի ունի Հայաստանո՞ւմ, թե՞ Լիբանանում տեղի ունեցածը: Բայց իր ասածը, բնականաբար, լիարժեք կերպով կիսում եմ»:
Խնդրեցինք նաև կարծիք հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ՝ կապված Հիսուս Քրիստոսի և իր համեմատության հետ:
«Մեր վարչապետը սիրում է այնպիսի արտահայտություններ անել, որոնք բուռն քննարկման նյութ են դառնում: Խորքի մեջ, կարծում եմ, որ վարչապետն ինքն իրեն չի համեմատել Հիսուսի հետ, պարզապես ինքն իրեն տեսնում է՝ իբրև Հիսուսի գործի շարունակող: Ցանկացած քրիստոնյա պետք է իրեն այդպես տեսնի»:
Իսկ ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ինքը քրիստոնյա է, բայց հավատացյալ չէ, ու, որ իր համար շատ ցավալի է, որ իր 7 տարեկան թոռնիկն աղոթում է, և դա համարում է հոգևորսություն, նա հետևյալն ասաց. «Պատգամավորի ասածն իր մեջ ծիծաղելի շատ բաներ է պարունակում: Նախ՝ ինչ է նշանակում՝ քրիստոնյա եմ, բայց հավատացյալ չեմ, ի՞նչ է նշանակում՝ աղոթելը հոգևորսություն է: Երևում է, որ մարդը տարրական բաներ չգիտի, իսկ եթե մարդը տարրական բաներ չգիտի, պետք էլ չէ իր ասածը քննարկել: Հիմա, եթե մի մանուկ ինչ-որ մի բան է ասում, հո չե՞ս զբաղվի իրեն այդ բաները բացատրելով, պետք է սպասես՝ մինչև հասունանա: Այնպես որ, սպասենք, մինչև հասունանա»:
2020թ. ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի: Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այս խնդրի հետ կապված ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցին չի քաջալերում դիակիզումը, բայց չի էլ արգելում: «Հարցին չեմ կարող միանշանակ պատասխանել և իրավասու էլ չեմ պատասխանել, որովհետև դա եկեղեցու քննարկման և վերջնական որոշում կայացնելու խնդիր է: Մենք չենք ասում, որ միանշանակ դեմ ենք դիակիզմանը, մենք չենք քաջալերում դիակիզումը: Եկեղեցին քաջալերում է հուղարկավորությունը, և ոչ թե՝ դիակիզումը: Բայց արդեն դիակիզման դեպքեր կան, որ աճյունները հուղարկավորել և հոգեհանգիստ ենք կատարել: Այսինքն՝ այնպես չէ, որ եկեղեցին միանշանակ դեմ է կամ արգելում է դիակիզումը»,- նշեց նա:
Սրբազանն ընդգծեց, որ Հայ Առաքելական եկեղեցու կարծիքը պետք է հաշվի առնել. «Հայ ժողովրդի ճնշող մեծամասնության եկեղեցու կարծիքը չի կարող անկարևոր լինել որևէ պաշտոնյայի համար: Նման արտահայտություններ մեր պետական պաշտոնյաները վերջերս շատ են իրենց թույլ տալիս, դա կարելի է վերագրել հետհեղափոխական էյֆորիկ վիճակին. մարդիկ մտածում են, թե իրենք ավելի կարևոր են, քան 1700-ամյա հաստատությունը: Ցանկացած պետական պաշտոնյա պետք է հասկանա, որ ինքը շատ փոքր է 1700-ամյա հաստատության կողքին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: