«ՀՀ-ում «Լյուբավա-Արմենիայի» գործունեության դադարեցման  որոշումը պայմանավորված է  բացառապես  տնտեսական  հանգամանքներով». Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

168.am-ը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայության միջոցով հարցեր էր ուղարկել  նախարար Հակոբ Արշակյանին՝ այդ մասին նրան նախապես տեղեկացնելով:

Մենք պարզաբանումներ էինք խնդրել հետևյալ հարցերի կապակցությամբ.

 

  • Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս Դուք հայտարարեցիք, որ 2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով շուրջ 6,3 միլիարդ դրամի: Դուք ասացիք, որ միջոցների մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները և հայկական արտադրանքով արտաքին շուկա դուրս գալու հնարավորությունը:

 

Ըստ այդմ՝ նախատեսվա՞ծ է կոնստրուկտորական բյուրոների ստեղծում՝ նախագծելու գերակայություն ապահովող սպառազինություն, երկրորդ՝ ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան արտադրական կարողությունների զարգացման մասով և ի՞նչ տեսակի ապրանքի մասին է խոսքը, որը պիտի նաև արտաքին շուկա դուրս բերվի:

 

  • Նախարարության կազմավորումից ի վեր ի՞նչ ռազմարդյունաբերական պայմանագրեր են կնքվել, այդ թվում՝ համատեղ գործարանների, համատեղ արտադրանքի կազմակերպման և ո՞ր երկրի հետ:

 

  • Հայկական ռազմարդյունաբերության ոլորտում շեշտը ո՞ր ուղղության վրա է դրվում, մասնավորապես՝ ռազմական արտադրանք ունենալու հարցում՝ անօդաչու սարքե՞ր, թե՞ այլ  համակարգեր, զինատեսակներ՝ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ:

 

  • Ժամանակին ՀՀ-ում՝ Չարենցավանում, հաջող գործունեություն էր ծավալում «Լյուբավա-Արմենիա», որը հանդերձանք/սարքավորում էր արտադրում ՀՀ զինուժի համար, այնուհետ հայտնի դարձավ կուտակված պարտքերի և լեհական ընկերության՝ Հայաստանը լքելու մասին: Սրա հետ կապված ի՞նչ կարող եք ասել, արդյո՞ք սա կապված է Հայաստանում իշխանափոխությունից հետո խաղի կանոնների վերանայման հետ:

168.am-ի այս հարցերին ի պատասխան՝ 5 օրյա ժամկետում  ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից գրություն է ստացվել՝ գերատեսչության Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի ստորագրությամբ:

«Ի պատասխան ՀՀ բարձրտեխնոլոգիական  արդյունաբերության նախարարությանն ուղղված 19.11.2019թ. Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր ռազմավարությամբ  նախատեսվում է՝

– Ռազմարդյունաբերական  համալիրի կառավարման  արդյունավետ համակարգի և պետական քաղաքականության իրականացման գործիքակազմի ձևավորում, որը կապահովի  տնտեսապես  շահավետ և  երկրի  պաշտպանական   կարիքներից բխող ՌԱՀ զարգացումը:

– Ռազմավարական  նշանակության արտադրությունների և ծառայությունների կայուն և արդյունավետ գործունեության ապահովում և  առանցքային նշանակություն ունեցող նոր  արտադրությունների   հիմնում:

– ՌԱՀ նորարարական էկոհամակարգի ձևավորում, որը կխթանի առաջադեմ տեխնոլոգիական լուծումների կիրառումը սպառազինության և կառավարման ավտոմատացված համակարգերի տեխնոլոգիական վերազինման համար:

– ստեղծել ճկուն և բաց համագործակցության մոդելներ տեխնոլոգիական մասնավոր ընկերությունների և գիտահետազոտական ու գիտակրթական համայնքի հետ արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության համար:

– ՌԱ կլաստերների ձևավորման միջոցով հայկական ռազմարդյունաբերական արտադրությունների մրցունակության բարձրացում և միջազգայնացում:

– ՌԱ արտադրատեսակների, ծառայությունների և տեխնոլոգիաների արտահանման ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում:

– գիտակրթական համալիրի հետ համագործակցությամբ`  ռազմարդյունաբերական համալիրի համար կադրերի  պատրաստման ու  վերապատրաստման  ապահովում:

– կազմակերպել ՀՀ ԶՈՒ առաջնային անհրաժեշտության սպառազինության արդյունավետ արտադրությունը, նորոգումը և սպասարկումը, մասնավորապես, շարունակաբար արդիականացնել զինված ուժերի կողմից շահագործվող   ռազմական տեխնիկան: Հատուկ ուշադրություն է  դարձվում հատկապես տանկերի և այլ զրահատեխնիկայի   արդիականացմանը:

Ինչ վերաբերում է    «Լյուբավա-Արմենիա» ընկերության  Հայաստանում գործունեությունը դադարեցնելու մասին որոշմանը, ապա այն
պայմանավորված է  բացառապես  տնտեսական  հանգամանքներով»:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս