Ո՞ւմ է ձեռնտու Գ. Նժդեհի շուրջ աղմուկը
Կրքերը հայ ազգի մեծագույն զավակներից Գարեգին Նժդեհի շուրջ չեն դադարում: Վերջին առիթը ս. թ. նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ռուս լրագրող Ստանիսլավ Սմագինի բարձրացրած հարցն էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Լրագրողը մասնավորապես նշեց, որ Գարեգին Նժդեհը հակասական կերպար է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների տեսակետից, քանի որ նա հայ ժողովրդի համար ազգային հերոս է, իսկ իրենց համար՝ ոչ միանշանակ կերպար: Լրագրողը հավելեց, որ իրենք Հայաստան են ժամանել այս հարցի շուրջ հստակեցում մտցնելու նպատակով, և հարց ուղղեց, թե արդյո՞ք ՀՀ վարչապետը նպատակահարմար է գտնում ստեղծել հայ և ռուս գործընկերներից բաղկացած կոմիտե, որը կքննարկի Գարեգին Նժդեհի կյանքի և գործունեության հակասական դրվագները:
Մինչև Նիկոլ Փաշինյանի պատասխանին անդրադառնալը՝ հիշենք՝ ինչ գործողություններ նախորդեցին տվյալ իրադարձությանը: Այսպես. ՌԴ Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ա. Վինոգրադովը մտել էր Հայ եկեղեցու տարածք և Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով: Վինոգրադովն իր քայլը բացատրել էր նրանով, որ քաղաքի բնակիչները դեմ են, այսպես կոչված, «ֆաշիզմի կամակատար» Գարեգին Նժդեհի հուշատախտակի գոյությանը Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշատախտակների կողքին:
Սույն անձը մեկնաբանել էր, որ ինքը դիմել է այս քայլին, քանի որ նոյեմբերի 11-ին լրացել էր երկշաբաթյա այն ժամկետը, որի ընթացքում մարզային և տեղական իշխանությունները, նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովն ասել էր, իբրև թե որոշ երկրների առաջնորդներ երկակի խաղ են վարում՝ Հայրենական Մեծ պատերազմի և, մասնավորապես, նացիզմի հերոսացման հարցում: Ըստ նրա՝ նման իրավիճակ է ստեղծվել՝ կապված Գարեգին Նժդեհի հուշատախտակի տեղադրման հետ, ապա հավելել էր, որ հուշատախտակ կանգնեցնելու որոշումը մեծ սխալ էր, և ինքը մտադիր է անձամբ զբաղվել այդ հարցի լուծմամբ:
Փաստերը հետաքրքրական են նրանով, որ ՌԴ-ում և ՀՀ-ում անհայտ և հայտնի ուժեր փորձում են ձուկ որսալ պղտոր ջրում, անդրադառնալով արդեն իսկ փակված թեմաների՝ ջանալով ցանկացած առիթ որսալ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ ստեղծելու նպատակով: Ընդհանրապես պետք է հասկանալ, թե ինչ ուժերի է առհասարակ ձեռնտու պատմության քաղաքականացման ճանապարհով հայ-ռուսական հարաբերություններում խութեր ստեղծելը:
Անաչառությունից ելնելով՝ փաստենք, որ ռուս լրագրողի հարցն իրականում թիրախավորված չէր և բխում էր համերաշխության հաստատման ցանկությունից: Հիշենք, որ նախօրեին գրեթե նույնանման առաջարկ էր արել Ռուսաստանի հայերի միությունը:
Սակայն մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ում տարբեր ուժեր կարողանում են հականժդեհյան կեղծ օրակարգ ձևավորել, և, ցավոք սրտի, մեր ռուս գործընկերներից ոմանք տրվում են այդ մոլորություններին: Հետևաբար՝ Փաշինյանից պահանջվում էր բավականաչափ քաղաքական հասունություն՝ հարցին ծնունդ տված ապակողմնորոշիչ դրդապատճառները հենց բնում խեղդելու համար:
Սակայն ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդունեց տղայական կեցվածք և ցուցաբերեց ռուսերենի և Հայոց պատմության խայտառակ չիմացություն: Այնինչ հարցի պատասխանի ընտրության բավականին մեծ շրջանակ էր առկա: Նիկոլ Փաշինյանը կարող էր, օրինակ, իր ելույթում անդրադառնալ նացիզմի իրական հերոսացման ադրբեջանական փորձին, շեշտելով նաև, որ ՌԴ-ում հականժդեհյան տարաբնույթ ակցիաները հաճախ հովանավորվում են հենց թուրք-ադրբեջանական միջոցներով: Նա կարող էր ի ցույց դնել նացիստների հետ սերտորեն համագործակցած և Ադրբեջանում այսօր հերոսացվող Էմիլ Ռասուլզադեին և Աբո Ֆաթալիբեյին, հիշեցնել, թե ինչ դերակատարում է ունեցել ադրբեջանական լեգեոնը, օրինակ, 1944թ.-ին Վարշավայի ապստամբության արյունահեղ ճնշման գործում: Սա այն դեպքում, երբ Նժդեհի կողմից Բուլղարիայում հավաքագրված արևմտահայերի խումբը երբևէ ռազմական գործողությունների մեջ չի մտել Կարմիր բանակի հետ և նախատեսված էր Թուրքիայի տարածքում հնարավոր գործողությունների համար: Ի վերջո, համապատասխան ցանկության և իմացության դեպքում նա կարող էր մեջբերել Նժդեհի նշանավոր խոսքերը, թե «հայության միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է»…
Դրա փոխարեն՝ Փաշինյանն անդրադարձավ Մոլոտովի շփումներին 3-րդ Ռեյխի հետ, որը թաքնված հոխորտանք էր պարունակում իր մեջ, մոռանալով նաև, որ դեռ 1989թ.-ին ՌԴ օրենսդիր մարմինն արդեն իսկ տրվել է քաղաքական և իրավական գնահատական հայտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին:
Փաստացի Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որսալ նման հարցերի նուրբ քաղաքական երանգները, զգալ պատվիրատուների ձեռագիրը և սլաքներն ուղղել ընդդեմ մեր երկրի իրական հակառակորդների: Ընդ որում, սա՝ այն դեպքում, երբ մենք ունենք հայրենակիցների (այդ թվում՝ աշխատանքային միգրանտների) հսկայական զանգված ՌԴ-ում, իսկ մեր պետության ապագան էականորեն կախված է Ռուսաստանի քաղաքական բարյացակամությունից: (Ի դեպ, պետք է ասել, որ նախկին իշխանություններին հաջողվել էր հմուտ աշխատանքի միջոցով հասնել փոխըմբռնման ռուսական կողմի հետ և հարցը հանել օրակարգից):
Եթե Նիկոլ Փաշինյանն իրոք մտահոգ է այս կնճռի լուծմամբ, ապա պետք է կիրառեր ավելի նուրբ դիվանագիտական գործիքակազմ. հակառակ պարագայում նա ջուր է լցնում բոլոր նրանց ջրաղացին, ովքեր նպատակ ունեն քանդելու հայ-ռուսական դաշինքը:
Ըստ որոշ վերլուծաբանների, ովքեր 2018թ.-ի ապրիլյան իրադարձությունները համարում են գունավոր հեղափոխություն, հարցն ավելի խորն է: Նրանց տրամաբանությամբ՝ Փաշինյանը չի կատարում խորքային անդրադարձ սույն թեմային, քանի որ նման բան խորհուրդ չեն տալիս իր արևմտյան հովանավորները: Ավելին, ընդունելով նման տղայական կեցվածք, նա կամա թե ակամա վնասում է հայ-ռուսական հարաբերությունները, ինչին սպասում են մեր թշնամիները: Ընդ որում, շահագրգիռ ուժերն աշխատում են երկու կողմերում, թե՛ ՌԴ-ում և թե՛ ՀՀ-ում:
ՀՀ նախորդ իշխանությունների օրոք ՌԴ-ի կողմից հականժդեհյան քարոզչությունը շատերի կողմից դիտարկվում էր՝ որպես ճնշման միջոց, հաշվի առնելով իշխող ՀՀԿ-ի գաղափարախոսության բնույթը: Սակայն այսօր, երբ ՀՀԿ-ն այլևս ընդդիմադիր դաշտում է, նման շահարկումները լուրջ մտորելու առիթ պետք է տան նաև մեր ռազմավարական դաշնակցին: Հարցը, թե ո՞ւմ է դա ձեռնտու, պետք է հուզի նաև մեր ռուս գործընկերներին: Ի դեպ, վերջերս հայաստանյան վառ արևմտամետ 1in.am կայքը փորձում էր Նժդեհին «պաշտպանել» ռուսներից:
Վահե Հայկունի
Հ.Գ. Հարցը, թե ինչո՞ւ է սույն պատմական կոնտեքստում, որպես կանոն, թիրախավորվում հատկապես Նժդեհը, և ոչ՝ այլ հայազգի գործիչներ, ովքեր ևս համագործակցել են նացիստների հետ, նույնպես կարոտ է պատասխանի: Թերևս, այն պատճառով, որ Նժդեհը գործիք չի դարձել տարբեր ուժերի ձեռքին, հետապնդել է զուտ հայակենտրոն շահեր, իսկ իր կյանքն ու թողած գաղափարախոսությունն ունեն ձգողական ուժ և հավիտենական ուղենիշ են հայության համար: