Բաժիններ՝

Նախ աջակցենք ուսուցիչներին, հետո խստացնենք պահանջները

Օրերս Հայոց լեզվի և Հայոց պատմության մասնագետների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նախարարությունը քննարկում է Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն և Մաթեմատիկա առարկաների ուսուցիչների աշխատանքի ընդունման կարգում փոփոխություններ կատարելու հարցը։ Հաշվի առնելով այդ առարկաների կարևորությունը՝ նախատեսվում է նրանց աշխատանքի ընդունել քննության հիման վրա։

Վերջին տարիներին աշխարհում քննարկվող հարցերից մեկն ուսուցիչների աշխատանքի ընդունման կարգն է։ Հանրությունն ավելի խստապահանջ է դարձել ուսուցիչների հանդեպ, իսկ կառավարություններն ուսուցիչների համար չեն ապահովում լավ կենսապայմաններ։ Այս իրավիճակում, եթե կառավարությունը խստացնում է ուսուցիչ դառնալու պայմանները, ապա բախվում է ուսուցիչների պակասի խնդրին։

Մի շարք զարգացած երկրներում ուսուցիչների պակաս կա, քանի որ պահանջները խիստ են։ Շատ քչերը կուզեն ցածր աշխատավարձով կատարել պատասխանատու աշխատանք՝ խստացված պահանջների պայմաններում։ Բայց մյուս կողմից, եթե ուսուցիչ դառնալու գործընթացը հեշտացվում է, ունենում ես մեծ թվով անորակ ուսուցիչներ։ Որոշ երկրներ նույնիսկ քննություններ են անցկացրել ուսուցիչների ընդհանուր մակարդակը հասկանալու համար։ Օրինակ՝ Ռուսաստանում անցկացված նման ստուգումներից մեկի արդյունքում Մաթեմատիկայի ուսուցիչների կեսն անբավարար էր ստացել։

Սա բավական բարդ հարց է։ Ակնհայտ է, որ ուսուցիչ պետք է աշխատեն լավագույնները։ Բայց եթե աշխատավարձը ցածր է, ապա ինչպե՞ս համոզես լավ մասնագետներին, որպեսզի ուսուցիչ աշխատեն։ Օրինակ՝ այսօր նույնիսկ Երևան քաղաքի դպրոցների տնօրենները դժգոհում են, որ չեն կարողանում լավ մասնագետներ գտնել։ Ըստ տնօրենների՝ ուսուցչի թափուր պաշտոնին հավակնող շատ շրջանավարտներ տարրական մասնագիտական բաներ չգիտեն։ Էլ չենք խոսում լայն մտահորիզոնի մասին, որը պահանջվում է լավ ուսուցիչ դառնալու համար։ Հիմա պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե էլ ավելի խստացվեն ուսուցիչ դառնալու պայմանները։ Հատկապես դժվար կլինի գյուղերի դպրոցների համար։ Եթե քննությունների արդյունքում թեկնածուներն անբավարար ստանան, ինչպե՞ս են գյուղերի դպրոցները համալրելու թափուր տեղերը։ Լուրջ խնդիր կառաջանա Մաթեմատիկայի մասնագետների պարագայում, որոնց թիվը քիչ է։ Մաթեմատիկա իմացող լավագույն մասնագետներն այսօր նախընտրում են աշխատել ՏՏ ոլորտում։

Նախարարության այս մտադրությունը խնդրահարույց է այն առումով, որ վերաբերում է 3 առարկաների ուսուցիչների։ Որքանո՞վ է ճիշտ՝ 3 առարկաների ուսուցիչների աշխատանքի ընդունել մի կարգով, մյուս առարկաների ուսուցիչներին՝ այլ կարգով։ Ընդհանրապես մենք չպետք է շատ ոգևորվենք քննություններով։ Քննությունը Հայաստանում դառնում է աշակերտներին, ուսանողներին, քաղծառայողներին, ուսուցիչներին վերահսկելու ձև։ Դա մարդկանց պրոֆեսիոնալիզմը պարզելու լավագույն ձևը չէ։ Մեզ պետք են ավելի համակարգային փոփոխություններ, մարդկային ռեսուրսի ավելի լավ կառավարում։ Քննությունն այն գործիքը չէ, որը կարող է նպաստել պրոֆեսիոնալիզմի զարգացմանը։ Հաճախ քննությունից բարձր թվանշան են ստանում ոչ թե լավագույն մասնագետները, այլ լավ քննություն հանձնողները։ Ուսուցիչների դեպքում էլ հնարավոր է՝ թեկնածուն լավ հանձնի քննությունը, բայց չկարողանա երեխաների հետ լավ աշխատել։

Լուծումները հետևյալն են։ Ուսուցիչների համար պետք են նյութական և ոչ նյութական խթաններ, մանկավարժական կրթությունը պետք է դարձնել անվճար, կամ շատ ցածր վարձավճարներ սահմանել։ Կարևոր է մանկավարժական կրթության և ուսուցիչների մասնագիտական զարգացման որակի բարձրացման վրա ներդրումներ կատարելը։ Ուսուցիչներին պետք է վերապատրաստեն մասնագիտական և մարդկային բացառիկ որակներ ունեցող մարդիկ, ովքեր պետք է լավ վարձատրվեն, որպեսզի միայն այդ գործով զբաղվեն։ Պետք է լինի վերապատրաստողների թիմ, որի անդամները, անկախ առարկայական ուղղվածությունից, պետք է համագործակցեն իրար հետ։ Այս հարցերը լուծելուց հետո կարելի է խստացնել ուսուցչին ներկայացվող պահանջները։ Ընդհանրապես քայլերի հերթականությունը պահպանելը կարևոր է։ Նախ՝ պետք է ուժեղացնես համակարգը և աջակցության մեխանիզմները, հետո նոր՝ խստացնես պահանջները։ Եթե սկզբում պահանջներն են խստանում, ապա համակարգը կորցնում է դրանց ադեկվատ արձագանքելու կարողությունը։ Մեր կրթությունն այսօր վատ վիճակում է, քանի որ տարիներ շարունակ խստացվել են ուսուցիչներին ներկայացվող պահանջները, իսկ աջակցության մեխանիզմները համարժեք չափով չեն բարելավվել։

Ի դեպ, նույն հանդիպման ժամանակ նախարարը նշեց նաև այն մասին, որ Հայոց լեզուն և Մաթեմատիկան համարում է մեր դպրոցի ամենակարևոր առարկաները։ Անվիճելի է այս 2 առարկաների կարևոր դերը դպրոցում՝ որպես մյուս առարկաների հիմք։ Բայց նման հայտարարությունները կարող են վատ ընդունվել այլ առարկաների ուսուցիչների կողմից։ Ավելին, աշակերտների մոտ կարող է ձևավորվել կարծրատիպ, որ դպրոցում կան առաջնային և երկրորդական առարկաներ։ Մենք այսօր էլ ունենք այդ խնդիրը։ Ունենք օրինակներ, երբ դպրոցները կարևորում են քննական առարկաները և լուսանցք մղում ոչ քննականները։ Այդ մտածելակերպի արդյունքում Հայաստանի դպրոցներում անտեսված են Ֆիզկուլտուրան, Արվեստի ուղղվածության առարկաները, Հասարակագիտությունը։

Նման մտածելակերպի արդյունք է նաև այն, որ շատ աշակերտներ 9-10-րդ դասարանում մտածում են, որ իրենց պետք են այն 2-3 առարկաները, որոնցից պետք է ընդունելության քննություն հանձնեն։ Սա, թերևս, հանրակրթության ձախողման ամենավատ դրսևորումն է։ 2-3 առարկա սովորելը բավարար չէ ոչ միայն՝ լավ քաղաքացի, այլև՝ լավ մասնագետ դառնալու համար։ Երեխան չպետք է մտածի, որ պետք է սովորել միայն պետքական առարկաները։ Իրականում, նույնիսկ ոչ կիրառական առարկաներ սովորելը մարդուն պետք է ուղեղը մարզելու և լայնախոհ լինելու համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս