«Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ, կներկայացնեմ իմ տեսակետներն այն ամենի մասին՝ ինչ է կատարվում մեր երկրում այսօր, ինչ է կատարվել և ինչ է լինելու». Արթուր Վանեցյան

Սաթիկ Սեյրանյանը 168 TV-ի եթերում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հետ զրուցել է ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային թեմաներով:

– Օրեր շարունակ բոլոր ֆուտբոլասերներն ու քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչներ քննարկում են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ՝  1:9 հաշվով պարտությունն Իտալիայի հավաքականից: Տարբեր մեղադրանքներ եղան, ընդհուպ՝ Ձեր հրաժարականն էին պահանջում: Նույնիսկ գործկոմի անդամներից ոմանք նշում էին, թե թիվ 1 պատասխանատուն Դուք եք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մեղադրանքները և, հատկապես՝ հավաքականի պարտությունը:

– Իհարկե, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտությունը շատ մտահոգիչ է, նման արդյունք երբևիցե չի գրանցվել ֆուտբոլի պատմության մեջ, բայց ունենք այն, ինչ ունենք: Ինչ վերաբերում է քննադատություններին, ես կարող եմ միայն մեկ բան ասել, որ ամենամեծ քննադատը և այս արդյունքից դժգոհ մարդը երևի թե ես եմ, բայց չի կարելի էմոցիոնալ ֆոնի վրա որոշումներ կայացնել և առանց վերլուծելու կատարել ինչ-որ քայլեր, որոնք կբերեն ավելի վատ հետևանքների: Ես կարծում եմ, որ պետք է բոլորս վերլուծենք ստեղծված իրավիճակը, քննարկենք և գտնենք այն ուղին, որը կապահովի մեր ֆուտբոլի առաջընթացը:

– Խաղից հետո հրավիրված ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ասել է, որ հավաքականի ղեկը ստանձնելուց հետո պատկերացրել է, որ կարող է նման բան լինել, մեջբերեմ. «Կարելի է ասել, որ ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա: Այսօր միգուցե սխալ է ասել, որ մենք ներկայացել էինք ազգային հավաքականով, այլ ներկայացել էինք ուղղակի հավաքականով, որովհետև հավաքականի գրեթե ամբողջ հիմնական կազմը, խնդիրների, վնասվածքների պատճառով՝ չկա: Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքն իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել: Եթե ղեկավարությունը կորոշի, որ ես շարունակեմ աշխատանքները, ես ամեն ինչ ամբողջովին պետք է փոխեմ, որովհետև ըստ ինձ՝ ոչ մի բան չի համապատասխանում ազգային հավաքականին, անգամ՝ մտածելակերպը»:

Խնդրում եմ՝ մեկնաբանեք նրա այս խոսքերը, որովհետև սա, ամեն դեպքում, ասում է մարդ, ով հավաքականի գլխավոր մարզիչն է:

– Ծանոթ եմ պարոն Խաշմանյանի խոսքերին և այս պահին զերծ կմնամ դրանք մեկնաբանելուց: Առաջիկա օրերին պարոն Խաշմանյանը և ողջ մարզչական թիմը կվերադառնան Հայաստան, մենք առիթ կունենանք մանրամասն վերլուծելու ստեղծված իրավիճակը, պատճառները, որից հետո որոշում կկայացնենք:

– Խոսելով 9:1 հաշվով պարտության մեղավորների մասին՝ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական և ներկայիս իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանն ասել է. «Բնականաբար, թիվ 1 պատասխանատուն մարզիչն է, բայց մենք ունենք իրավիճակ, երբ Աբրահամ Խաշմանյանն ընդամենը երկրորդ խաղն է, ինչ գլխավորում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Մեղավոր են բացառապես բոլորը, և թիվ 1 պատասխանատուն ՀՖՖ նախագահն է, և պետք է 9:1 հաշվով պարտությանը տան բացատրություն: Սա գործկոմի անդամների կարծիքն է: Առայժմ մեր օրակարգում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չկա, երբ լինի, կտեղեկացնենք»: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ինձ հայտնի չէ որևէ որոշում, որով պարոն Մկրտչյանը լիազորված է գործկոմի անունից անել հայտարարություններ: Պարոն Մկրտչյանը կարող է հայտարարություններ անել միայն իր անունից, և կարծում եմ, որ իր հայտարարություններն այս պահին սուբյեկտիվ են և իրականության հետ որևէ կապ չունեն: Եվ առհասարակ կարծում եմ, որ ֆեդերացիայի նախագահը չպետք է ամեն մի հայտարարություն մեկնաբանի:

– Այնուամենայնիվ, ինչպես Դուք նշեցիք, այս պարտությունն աննախադեպ է, և հստակ է, որ ինչ-որ բան այն չէ: Ի՞նչն է խնդիրը:

– Իրականում պատճառները շատ են: Ամենագլխավոր պատճառներից մեկն այն է, որ մեր հավաքականի հիմնական կազմի 6 ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով՝ վնասվածքներ և այլն, չեն մասնակցել այս խաղերին: Մենք ունեցել ենք մարզչի փոփոխություն: Արմեն Գյուբուդաղյանցը, ով ղեկավարում էր մեր հավաքականը՝ մինչ վերջերս իր հրաժարական ներկայացնելը, թիմում ձևավորել էր շատ լավ բարոյահոգեբանական մթնոլորտ, և բոլորն իրականում կարողանում էին խաղալ թիմային խաղ: Ի՞նչ կատարվեց Ֆինլանդիայում և Լիխտենշտեյնում տեղի ունեցած խաղերից հետո: Սկսվեց մի մեծ հանրային ճնշում գլխավոր մարզչի նկատմամբ: Բացի այդ, եղան ճնշումներ, անհարկի շահարկումներ և խոսակցություններ ֆեդերացիայի և, մասնավորապես, իմ անձի շուրջ, և ուղղակի պարոն Գյուլբուդաղյանցը չկարողացավ կամ չուզեց դիմանալ այդ ճնշումներին, և նա ներկայացրեց հրաժարական, և այդ հրաժարականը ես ընդունել եմ ոչ մեծ ցանկությամբ, բայց որոշումը կայացված էր: Եվ մենք պետք է որոշում կայացնեինք և ընտրեինք նոր մարզիչ: Մարզչի նշանակման գործընթացը ևս անցավ ոչ անաղմուկ: Ես պարզաբանում տվել էի, որ եղել էր զուտ տեխնիկական խնդիր, որը վերածվեց ինչ-որ մեծ աղմուկի, և արդյունքում՝ էլի մեծ աղմուկ ստեղծվեց մեր ֆեդերացիայի և առհասարակ ֆուտբոլի շուրջ: Այդ ամենը, հավատացնում եմ Ձեզ, ազդում է մեր ֆուտբոլիստների, մարզչական թիմի վրա: Ընդհանուր այդ մթնոլորտը բացասական առումով ազդում է մեր խաղի և արդյունքների վրա:

Բայց ունենք այն, ինչ ունենք, և պարոն Խաշմանյանը, երբ ստանձնեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները, ի սկզբանե ինձ և գործկոմի մնացած անդամներին ասաց, որ հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնում է շատ դժվար ժամանակաշրջանում, բայց ինքը պատրաստ է անել ամեն ինչ, որ մենք ունենանք հաղթանակներ: Որպես ֆուտբոլասեր՝ ես կարող եմ ասել, որ լավ արդյունքը հաղթանակն է, բայց որպես ՀՖՖ նախագահ՝ ես իրավունք չունեմ նման կոշտ դիրքորոշում ունենալ: Ես պետք է նաև հասկանամ, թե ինչ պատճառներից ելնելով է եղել, որ մենք ունենք այն արդյունքը, որն ունենք: Իսկ պատճառները ես նշեցի, և կարծում եմ՝ բոլորին հասկանալի են այդ պատճառները:

– Նորից պետք է անդրադառնամ իշխանական ֆրակցիայի ճեպազրույցին: Խոսելով ՀՖՖ-ում տիրող իրավիճակի մասին՝ պատգամավորն ասել է. «Ինչ տեղի է ունենում ՀՖՖ-ում մասնավորապես վերջին շրջանում, անընդունելի է մեզ համար: Մենք այս մասով գործկոմի փակ նիստում մեր դիրքորոշումը հայտնել ենք, թե այն, ինչպես կանոնակարգային կոպտագույն խախտումներով փորձում էին մարզիչ նշանակել՝ առանց գործկոմի ներգրավման, թե պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումներն ԱԱԾ-ում, որի հետ կապված՝ վերջին 1.5 տարում որևէ արձագանք չի եղել ՀՖՖ-ում, նաև յուրացումների հետ կապված՝ ֆուտբոլային ակադեմիաների կառուցման մասով: Բացահայտումներ, որոնք արել է Ոստիկանության 6-րդ վարչությունը»:

Կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ ֆեդերացիան չի արձագանքել ԱԱԾ բացահայտումներին, ի՞նչ է ակնարկում, ի՞նչ է քննարկվել գործկոմում:

– Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից կատարված բացահայտումներին՝ պայմանավորված խաղերի հետ կապված, կներեք, բայց պետք է ասեմ, որ ուղղակի անհեթեթություն է նման միտք արտահայտելը: Ես ուզում եմ նախ՝ հստակ ասել, որ պայմանավորված խաղերի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է այն ժամանակահատվածում, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն: Դա անհերքելի փաստ է, բոլոր փաստաթղթերը և քրեական գործը խոսում են այդ մասին: Այդ գործը բացահայտվել է իմ օրոք, քրեական գործը հարուցվել է իմ պաշտոնավարման ընթացքում: Եվ ո՞նց եք Դուք կարծում: Ես՝ լինելով ԱԱԾ տնօրեն, պետք է Նալբանդյան փողոցից դուրս գայի, գնայի Խանջյան փողոց և այնտեղ արձագանքեի ինքս իմ բացահայտմա՞նը:

– Ձերբակալված մարդ կա՞:

– Ձերբակալված մարդ չկա, բայց կա մի շատ կարևոր հանգամանք: Քանի դեռ չկա դատական վճիռ, և մարդու մեղավորությունն ապացուցված չէ դատարանում, մենք իրավունք չունենք անմեղության կանխավարկածը խախտելու: Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե դատական գործընթացում ապացուցվի, որ այդ ակումբը կամ այդ ակումբի աշխատակիցը, որը մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, մեղավոր չէ: Մենք ի՞նչ պատասխան ենք տալու մեր ֆուտբոլասեր հասարակությանը, միջազգային կառույցներին՝ ՈՒԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին: Մենք ունենք պարտավորություններ ու պարտականություններ: Պետք չէ օգտագործել պահը և փորձել շոու սարքել, որպեսզի ինչ-որ կերպ անդրադառնան ֆեդերացիայի իմ աշխատանքին:

– Այս ընթացքում նոր բան բացահայտե՞լ են:

– Այս ընթացքում որևէ նոր բան չեն բացահայտել:

– Այնուամենայնիվ, ո՞րն է քաղաքականությունը ֆուտբոլում, և ինչպե՞ս տարանջատել:

– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունը հստակ սահմանում է, որ ՀՖՖ անդամները, այդ թվում՝ գործկոմի անդամները, պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն: Ես՝ լինելով ՀՖՖ նախագահ, մշտապես արել եմ ամեն ինչ, որ մենք կարողանանք ապահովել այդ քաղաքական չեզոքությունը, բայց վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ գործկոմի որոշ անդամներ փորձում են այդ հարթակն օգտագործել իրենց նեղ քաղաքական շահերը սպասարկելու համար, որն անթույլատրելի է: Եթե իրենք խնդիր ունեն ինձ հետ, կարող են այդ հարցն այլ միջոցով պարզել, այլ ոչ թե բերել և Ֆուտբոլի ֆեդերացիա մտցնել այդ քաղաքականությունը: Ես պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած ֆորմատով հանդիպել ու պատասխանել ցանկացած հարցի, բայց չի կարելի ֆուտբոլը քաղաքականացնել:

– Կրկին անդրադառնամ իշխանական պատգամավորի ճեպազրույցին: Ի պատասխան լրագրողի հարցի, թե՝ քանի որ Արթուր Վանեցյանն այժմ իշխանական թիմի անդամ չէ, դրա համար են նրան թիրախավորել, Արեն Մկրտչյանը հայտարարել է. «Պարոն Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն և երբևէ մեր թիմի անդամ չի եղել: Բացահայտումներ անելը պարծենալու առիթ չէ, դա ԱԱԾ տնօրենի պարտականությունն է, և գործ ունենք մի դեպքում՝ ԱԱԾ տնօրենի, մյուս դեպքում՝ ՀՖՖ նախագահի հետ, որոնք բոլորովին այլ գործառույթներ են»:

Փաստորեն Դուք թիմի անդամ չէիք եղել, մինչ այդ թիմի անդամ էիք:

– Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ ԱԱԾ տնօրենն ի պաշտոնե ուղղակի չի կարող որևէ քաղաքական թիմի անդամ լինել: Առհասարակ ԱԱԾ ծառայողը ծառայում է պետությանը, այլ ոչ՝ օրվա քաղաքական իշխանությանը: ԱԱԾ ուղիղ պարտականությունն է՝ ապահովել երկրի և ժողովրդի անվտանգությունը: Ինչ վերաբերում է բացահայտումներով պարծենալուն, ի տարբերություն բոլորի՝ ես երբևիցե որևէ բանով չեմ պարծեցել: Դրանով պարծեցել ու ինչ-ինչ դիվիդենտներ փորձել են քաղել ինչ-ինչ մարդիկ, և կարծում եմ, որ այդքանից հետո պարոն Մկրտչյանն առաջիկայում, այն օրենսդրական նախաձեռնությանը, որը բերվել է Ազգային ժողով, որով Ոստիկանության և ԱԱԾ պետի պաշտոնները դառնում են քաղաքական, դեմ կքվեարկի և դեմ կխոսի այդ օրենքի ընդունմանը, որովհետև անթույլատրելի է այդ պաշտոնների քաղաքականացումը: Եվ, փառք Աստծո, որ իրենք ինձ չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ:

…Գործկոմի անդամները հիմա կարող են ասել ամեն ինչ, բայց նրանք շատ լավ գիտեն, թե ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում են դարձել ՀՖՖ գործկոմի անդամ: Ես համոզված եմ, որ նրանցից երևի թե ոչ մեկն անգամ չգիտի, թե որ ֆուտբոլային ակումբն է առաջադրել իր թեկնածությունը:

– Ինչպե՞ս են դարձել ՀՖՖ գործկոմի անդամ, պարոն Վանեցյան:

– Այդ հարցը ես կթողնեմ անպատասխան և մի առիթով անպայման կպատմեմ մանրամասների մասին:

– Ձեր հրաժարականից հետո խոսակցություններ եղան այն մասին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի շարքում է Ձեր հորեղբոր որդիներից մեկը, փորձում էին Ձեզ հետ կապել: Դրանից հետո Կոմբինատը լրագրողների համար այց կազմակերպեց, որի շրջանակներում ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ բաժնետերերը 4-ն են, և բոլորն էլ իրավաբանական անձինք են:

Ինչո՞ւ այդ ժամանակ ինֆորմացիան դաշտ նետվեց, և Ձեր հորեղբոր որդին, ընտանիքն ի՞նչ առնչություն ունեն այս կոմբինատի հետ:

– Ես արդեն մեկ անգամ առիթ ունեցել եմ խոսել այդ հարցի շուրջ և հերքել եմ իմ և իմ ընտանիքի անդամների մասնակցությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Իսկ ի՞նչ պատճառով և ո՞ր պահին դաշտ նետվեց այդ սուտ տեղեկատվությունը, արված էր ինձ վարկաբեկելու նպատակով, բայց տեսաք, որ ոչինչ չստացվեց: Ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ես և իմ ընտանիքի անդամները  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ որևէ առնչություն չունենք, չենք հանդիսանում բաժնետերեր:

– Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ԱԱԾ-ում Ձեր հրաժարականից հետո ստուգումներ իրականացրեց: Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել այնտեղ:

– Կարծում եմ՝ այս հարցի հասցեատերը ես չեմ: Դուք պետք է դիմեք կամ ԱԱԾ, կամ ՊՎԾ, բայց դատելով նրանից, որ որևէ մեկն ինձ այդ հարցով չի անհանգստացրել, ենթադրում եմ, որ որևէ լուրջ բան չեն հայտնաբերել:

– ՊՎԾ լիազորությունները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանը վերջերս կրկին պնդել է, որ իր դեմ գործ է կարվել, և ավելացրել է, որ այդ ամենում Ձեր և Արսեն Թորոսյանի գործոնը կա: Նա նաև ասել է, թե Ձեր հարաբերությունները սրվել են դեռևս ԱԺ ընտրությունների ընթացքում՝ Ալեն Սիմոնյանի ընտրվելու հետ կապված:

– Գործը գտնվում է դատարանում և դատաքննության փուլում: Ես կոռեկտ չեմ համարում որևէ հայտարարություն անել այս փուլում գործի վերաբերյալ: Ինչ վերաբերում է պարոն Սանասարյանի մնացած հայտարարություններին, ես ևս չեմ ուզում մեկնաբանել ի սկզբանե սուտ և իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարությունները: Եթե կան փաստեր, խնդրում եմ, թող ներկայացնեն:

– Ո՞ւմ էր ուղղված ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի Ձեր դիմումում հնչած «Կանգ առ»-ի կոչը:

– Մտածող և վերլուծող մարդը շատ լավ հասկանում է, թե ի՞նչ է գրված իմ հրաժարականի տեքստում: Իսկ մեղադրել ինձ նրանում, որ ես «Կանգ առ»-ի կոչ եմ արել կոռուպցիայի դեմ պայքարին, ուղղակի ծիծաղելի է: Ես, ստանձնելով ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը, և իմ ղեկավարած հիմնարկն այս 1.5 տարիներում եղել են կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը: Դրա մասին բազմիցս խոսվել է երկրի քաղաքական ղեկավարության կողմից, դրական է ընկալվել հասարակության կողմից, և բոլորը տեսել են, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել: Ես չեմ կարող ասել «Կանգ առ» մի երևույթի, որը մեր երկրի չարիքն է, որը խարխլում է երկրի հիմքերը: Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել շատ խիստ և մշտապես:

– Ո՞ր հարցում պետք է կանգ առնի Նիկոլ Փաշինյանը:

– Եկեք այս հարցը ես թողնեմ անպատասխան, բայց խոստանում եմ, որ առաջիկայում կխոսեմ ամեն ինչի մասին և մանրամասն կներկայացնեմ իմ տեսակետները երկրում ստեղծված մթնոլորտի և իրավիճակի մասին:

– Երբևէ Նիկոլ Փաշինյանը դժգոհե՞լ է Ձեր աշխատանքից:

– Այ այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է:

– Ձեր հրաժարականից հետո ստուգումներ սկսվեցին Ձեր հայրիկի ընկերությունում: Ձեզ համար սպասելի՞ էր: Ի՞նչ են հայտնաբերել այնտեղ:

– Սպասելի էր թե ոչ, չեմ կարող ասել: Կարծում եմ՝ նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականացվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ, բայց ես հիմա ինչքան էլ փորձեմ համոզել Ձեզ և հեռուստադիտողին, որ իմ հրաժարականի հետ որևէ առնչություն չունեն այդ ստուգումները, չեմ կարող; Բայց իրականում հորս պատկանող ընկերությունում եղել են ստուգումներ, և որևէ խախտում չի հայտնաբերվել:

– Դուք չէի՞ք տարակուսում, երբ Ձեր պաշտոնավարման ժամանակ կառավարության նիստի ընթացքում վարչապետը գազալցակայաններում ՀԴՄ կտրոնները ստուգելու հրահանգ իջեցրեց Ձեզ և ոստիկանապետին:

– Իհարկե, տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել, բայց այս պահին դրա մասին չեմ ուզում խոսել և միայն կարող եմ ասել՝ այդ իմ տարակուսանքներից ելնելով է կազմվել իմ հրաժարականի տեքստը:

– Պարոն Վանեցյան, «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ:

– Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին:

– Արդյո՞ք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:

– Կարծում եմ՝ այո:

– Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:

– Ոչ, նման խնդիր չի դրվել:

– Ձեզ համար սպասելի՞ էր Ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը:

– Այո, սպասելի էր:

– Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

– Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

– Հանրությունը մոլորության մե՞ջ է, պարոն Վանեցյան:

– Կարծում եմ՝ այո:

– Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

– Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: Արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակում է:

– Եթե կարճ պատասխանենք՝ այո:

– Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, պարոն Վանեցյան:

– Կարծում եմ՝ այո:

– Եթե՝ այո, ուրեմն այդ կուսակցություններն ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են:

– Այո:

– Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

– Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:

– Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:

– Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

– Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է «Մարտի 1»-ի բացահայտմանը:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

– Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:

– Կարծում եմ:

– Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:

– Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետներն այն ամենի մասին, ինչ կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու:

– Ի՞նչ պլաններ ունեք, պարոն Վանեցյան: Շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն:

– Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ՝ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ թե հասարակական գործունեությամբ՝ դա ես կորոշեմ:

– Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն:

– Ինչի՞ համար:

Տեսանյութեր

Լրահոս