«Ոստիկանների՝ առանց աշխատանքի մնալու ռիսկը կա». Տարոն Սիմոնյանը՝ մի քանի հազար օբյեկտի պահպանությունը Ոստիկանությունից վերցնելու մասին

Մոտ մեկ ամիս առաջ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկության դրվեց երկրորդ ընթերցմամբ, ինչին  «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց՝  պատճառաբանելով, որ «այս տեսքով դեմ են քվեարկում, որպեսզի նաև հնարավորություն տան հեղինակին առաջարկ ներկայացնելու»:։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունն առաջարկում է ազգային  անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշերը նույնացնել պատգամավորների և կառավարության անդամների առջև դրվող չափանիշերին:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սպասում են «Իմ քայլի» առաջարկներին՝ հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ նախագիծը  կհաստատվի:

«Ինձ թվում է՝ այո, որովհետև դեկտեմբերի 3-ին արդեն  լիագումար նիստեր ունենք, իսկ մինչ այդ Պետաիրավական հանձնաժողովի նիստ պետք է գումարվի, որի ժամանակ, կարծում եմ, արդեն կքննարկենք «Իմ քայլի» առաջարկությունները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ նոյեմբերի 28-ին լրանում է մի քանի հազար  օբյեկտի պահպանության՝ Ոստիկանության հետ կնքված պայմանագրի ժամկետը, որը չի երկարացվելու,  և այս օբյեկտների պահպանությունը վստահվելու է մասնավոր ընկերության, ինչի արդյունքում բազմաթիվ ոստիկաններ առանց աշխատանքի կարող են մնալ, Տարոն Սիմոնյանը նախ նշեց, որ այդ օբյեկտներից ոչ բոլորն են պետական:

«Այո, առանց աշխատանքի մնալու ռիսկը կա: Մյուս կողմից՝ մասնավոր նման ընկերություններում և ծառայություններում հիմնականում նախկին ոստիկաններ են ծառայում, որոնք դուրս են գալիս ոստիկանական համակարգից և մտնում մասնավոր ընկերություններ: Իհարկե, դա չի նշանակում, որ բոլորն են մտնում մասնավոր ծառայություններ, և ռիսկ կա, որ ոստիկաններից շատերը գործազուրկ մնան: Ուստի սրան պիտի ուշադրություն դարձնել, որ հանկարծ այնպես չլինի, որ ինչ-որ խնդիր լուծելու փոխարեն՝ բազում այլ խնդիրներ առաջացնենք: Իսկ այսօր գիտենք, որ ՀՀ-ում գործազրկությունը թիվ մեկ խնդիրներից է»,- շեշտեց Սիմոնյանը՝ հավելելով, որ մասնավոր ծառայությունների գործունեությունը, միևնույն է, պետության վերահսկողության տակ է լինելու: Այսինքն՝ այդ պահնորդական ընկերությունները պարտադիր լիցենզավորման գործընթաց են անցնում:

Հակադարձմանը՝ հնարավո՞ր է այս դեպքում ևս մերձավորի, բարեկամի, ծանոթի ընկերությանը նախապատվություն տալու երևույթից զերծ չմնանք, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Այդ ռիսկը միշտ կա: Դա արդեն հակակոռուպցիոն աշխատանքների արդյունքում պետք է վեր հանվի, և նրանք, ովքեր ծանոթ-բարեկամ սկզբունքով  են նման գործունեության համար լիցենզիա տրամադրում, պետք է աշխատանքից ազատվեն և ենթարկվեն քրեական պատասխանատվության»:

Մարիամ Պետրոսյան

Հ.Գ. 168.am-ը հարցում է ուղղել Ոստիկանության լրատվական վարչություն՝ պարզելու, թե ճի՞շտ են տարածված խոսակցությունները, որ Ոստիկանության հետ օբյեկտների պահպանության պայմանագիրը, որի ժամկետը լրանում է   նոյեմբերի 28-ին, չի երկարացվելու, և եթե՝ այո, ապա մասնավոր ո՞ր ընկերությանն է հանձնվելու:

Տեսանյութեր

Լրահոս