Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է բողոքներին մասնակցող «երկրի թշնամիների» ընկրկելու մասին
Իրանի իշխանությունները վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ստիպել են ընկրկել թշնամիներին, որոնք սպառնում էին երկրի անվտանգությանը: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Մեր բարեկամներն ու հակառակորդները պետք է հասկանան, որ վերջին օրերի իրադարձությունների ընթացքում, որոնք սպառնում էին երկրի անվտանգությանը, մենք հարկադրեցինք թշնամիներին նահանջել»,- նրա խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը: Ալի Խամենեին ընդգծել է, որ «այդ իրադարձությունները վերաբերում էին ոչ միայն հասարակությանը, այլեւ Իրանում խաղաղության հարցին»:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) խոստացել է վճռական միջոցներ ձեռնարկել եւ միջամտել երկրում անկայունության շարունակվելու դեպքում: ԻՀՊԶ-ն ընդգծել է «իշխանության բոլոր թեւերի միասնության պահպանման կարեւորությունը ընդհանուր սպառնալիքին դեմ հանդիման»: Զորակազմը նշել է, որ ինքն իրավունք ունի միջամտել երկրի ներքին գործերին անվտանգության եւ պետության ներսում իրադրության անկայունացման սպառնալիքների առկայության դեպքում:
Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան մարտական զենքի կիրառումից երկրում ցույցերը ցրելիս եւ վերականգնեն ինտերնետի հասանելիությունը:
«Մենք մտահոված ենք ուժի գործադրման միջազգային նորմերի ու ստանդարտների խախտումների վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ, ներառյալ մարտական զենքի օգտագործումն Իրանում ցույցերը ցրելիս: Մենք հատկապես անհանգստացած ենք այն բանից, որ մարտական զենքի օգտագործումը ենթադրաբար հանգեցրել է ամբողջ երկրում զգալի թվով մարդկանց զոհվելուն»,-ասել է նա:
Ինչպես նշում է Վարչությունը, ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի ընկած ժամանակահատվածում երկրի ութ տարածաշրջաններում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն հազար մարդ: Սակայն դրա պաշտոնական հաստատում չկա, քանի որ երկրում չկա ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակ, իսկ Համացանցի բացակայությունը բարդացնում է մոնիթորինգը, հայտարարել են ՄԱԿ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: