Թե ինչպես պահպանողական բյուջեն մի քանի օրում դարձավ «հեղափոխական»

Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հաջորդ տարվա պահպանողական բյուջեն մի քանի օրում հանկարծ դարձավ «հեղափոխական»։ «Այո՛, այս բյուջեն հեղափոխական է։ Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»,- բյուջեի նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետը։

Ցույց տալու համար, որ բյուջեն «հեղափոխական» է` Ն. Փաշինյանը սկսել է ցուցանիշները ներկայացնել այնպես, ինչպես իրեն հարմար է։

Բայց բյուջեն հեղափոխակա՞ն է, թե՞ ոչ, դատում են ոչ թե նրանով, թե ի՞նչ է ասում վարչապետը, այլ նրանով, թե ի՞նչ ցուցանիշներ են դրված դրա հիմքում։ Ու որպեսզի համոզված լինեն՝ բյուջեն հեղափոխակա՞ն է, թե՞ ոչ, դա համադրում են ոչ թե տարիներ առաջվա, այլ նախորդ տարվա բյուջեի հետ։

Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. վերցնում ու հաջորդ տարվա բյուջեն համեմատում է ոչ թե՝ 2019թ., այլ՝ 2018թ. բյուջեի հետ։ Այսինքն` 1-ի փոխարեն՝ 2 տարի է հետ գնում։ Պարզ չէ՞, որ 2 տարվա կտրվածքով տարբերություններն ավելի մեծ պիտի լինեն։ Մինչդեռ այն, ինչ կա 2019թ. բյուջեում, արդեն կա, ու պետք չէ դա խառնել հաջորդ տարվա բյուջեի հետ։ Հաջորդ տարին սկսվում է ոչ թե 2018թ., այլ 2019թ. ավարտից հետո։ Եվ եթե խոսում ենք 2020թ. բյուջեի մասին, ապա պետք է դա համեմատենք 2019թ. բյուջեի հետ։

Հասկանալի է, որ այդ համեմատությունները «հեղափոխական» բյուջեի օգտին չեն։ Ու դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց հեռվից սկսել։ Չնայած նույն տրամաբանությամբ կարելի էր էլ ավելի հեռվից գալ։

Հիմա տեսնենք, թե ինչքանո՞վ է հաջորդ տարվա բյուջեն «հեղափոխական»։

Սկսենք եկամուտներից։ Բայց մինչ այդ հիշեցնենք, թե բյուջեի եկամուտների վերաբերյալ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։

«Նախկինում տարեկան կտրվածքով միջին եկամտային աճի տեմպը եղել է 7 տոկոս։ Մենք այդ տեմպը կրկնապատկել ենք։ Այսինքն` մեր բյուջեի միջին տարեկան աճը կազմում է 14 տոկոս։ Բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետը։

Հեղափոխությունը «պոզով-պոչո՞վ» է լինում, թե՞ այլ կերպ, թողնենք մի կողմ։ Պարզապես տեսնենք, թե վարչապետի ասած միջին տարեկան 14 տոկոսանոց եկամտային աճն ինչպես է արտահայտված 2020թ. բյուջեում։

Այսպես` 2020թ. նախատեսված է բյուջեում ապահովել 1 տրիլիոն 679 մլրդ դրամի եկամուտ։ Այս տարվա համար կառավարությունը կանխատեսել է, ավելին` համոզված է, որ կստացվի 1 տրիլիոն 567 մլրդ դրամի բյուջետային եկամուտ։ Այս երկու թվերի տարբերությունը 130 մլրդ դրամ է։

Այսինքն` հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է բյուջեի եկամուտները 2019թ. փաստացի կատարողականի համեմատ՝ ավելացնել 130 միլիարդով։ Աճը կազմում է ընդամենը 8,3 տոկոս։ Այն գուցե բարձր է նախորդ տարիների 7 տոկոսից, բայց բոլորովին էլ հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում է վարչապետը։ Ավելին, հաջորդ տարվա բյուջեում դրված եկամտային աճի տեմպն առնվազն կրկնակի ցածր է այս տարի սպասվողից։

Հեղափոխական չէ նաև հարկային եկամուտների ցուցանիշը։ Դա է վկայում նաև այն, որ 2020թ. բյուջեում կառավարությունը հարկային եկամուտները համախառն ներքին արդյունքի մեջ նախատեսում է բարելավել ընդամենը 0,3 տոկոսով։ Այնքան` ինչքան միշտ էլ նախատեսված է եղել։

Այս տարի սպասվող 1 տրիլիոն 464 մլրդ դրամի փոխարեն՝ 2020թ. բյուջեով կառավարությունն ակնկալում է ստանալ 1 տրիլիոն 602 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք։ Աճը կազմում է 9,4 տոկոս։ Այս տարվա ակնկալիքը 16,4 տոկոս է։ Այսինքն` 2020թ. հարկային եկամուտների նախատեսված աճի տեմպը 7 կետով պակաս է՝ 2019թ. համեմատ։

Մի՞թե սա է հեղափոխական աճը։ Նախկինում բյուջեի եկամուտների շատ ավելի բարձր աճեր են եղել՝ ընդհուպ մինչև 30-35 տոկոս։ Բայց երբեք որևէ մեկն իրեն իրավունք չի վերապահել խոսելու հեղափոխական աճերի մասին։

Ինչ վերաբերում է բյուջեի ծախսերին, ապա դրանում տարօրինակ ոչինչ չկա։ Միշտ էլ կարելի է ծախսերը չկատարել, տարեցտարի տեղափոխել և ստանալ բարձր աճեր։

Գանք տնտեսությանը։ Տնտեսական աճի այն ցուցանիշը, որը կառավարությունը դրել է հաջորդ տարվա բյուջեում, ամենացածրն է նախորդ երեք տարվա կտրվածքով։ 2017թ. տնտեսական աճը Հայաստանում կազմել է 7,5, 2018թ.` 5,2 տոկոս։ Այս տարի կառավարությունը սպասում է ՀՆԱ-ի ընդհուպ մինչև 7 տոկոս ավելացում։ Այդ ֆոնին հաջորդ տարվա բյուջեում դրվել է ընդամենը 4,9 տոկոս աճ։ Եվ ինչպե՞ս է դա արդարացնում Նիկոլ Փաշինյանը. «Մի քիչ ցածր ենք դնում ցուցանիշը, բայց բարձր ենք թռնում»։

Հարց է առաջանում՝ եթե կա բարձր թռնելու հնարավորություն, ինչո՞ւ է կառավարությունը ցածր ցուցանիշ դնում։ Ո՞րն է դրա տրամաբանությունը։

Անկախ նրանից, թե վարչապետն ինչպե՞ս կներկայացնի և ի՞նչ գնահատական կտա 2020թ. բյուջեին, փաստն այն է, որ այդ փաստաթղթով հաջորդ տարի ոչ միայն հեղափոխական, այլև քիչ թե շատ շոշափելի փոփոխություններ չեն սպասվում տնտեսության և ոչ մի ոլորտում։ Ընդհակառակը` մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, սպասվում է աճի տեմպի նվազում։

Վերցնենք արդյունաբերությունը. հաջորդ տարի արդյունաբերության մեջ տնտեսական աճի պոտենցիալը կառավարությունը գնահատել է հազիվ 5 տոկոս։ Սա վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշն է։ 2016թ. արդյունաբերության ոլորտում գրանցվել է արտադրության ծավալների 7,6, 2017թ.` 11,8, 2018թ.` 5,8 տոկոս աճ։ Այս տարվա ակնկալիքը 6,5 տոկոս է, հաջորդ տարվանը` 5 տոկոս։

Ծառայությունների ոլորտում 2019թ. սպասվում է 8,1 տոկոս, հաջորդ տարի կանխատեսվում է 6 տոկոս աճ, ինչը վերստին ամենացածրն է՝ սկսած 2017թ.։

Ակնկալիքները մեծ չեն շինարարության ոլորտում. ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա համար աճի պոտենցիալը գնահատվել է 4 տոկոս։

Ոչ մի հեռանկար չկա գյուղատնտեսության մեջ։ Հաջորդ տարվա բյուջեում ճյուղի տնտեսական աճը գնահատված է հազիվ 0,5 տոկոս։

Ահա սրանք են այն տնտեսական ցուցանիշները, որոնք դրված են հաջորդ տարվա բյուջեում։ Իսկ թե հոգու խորքում ի՞նչ ակնկալիքներ ունի կառավարությունը, որևէ նշանակություն չունի։ Վաղը, երբ կառավարությունը հաշվետվություն ներկայացնի, ներկայացնելու է ոչ թե հոգու խորքում ունեցած, այլ բյուջեով ամրագրված ցուցանիշների վերաբերյալ։ Ու այն ժամանակ քչերն են հիշելու, թե այսօր ինչ է ասում վարչապետը վաղվա մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս