«Եթե նախկինում խոսքը, ասենք, 100 մլն դրամի մասին էր, հիմա արդեն մենք խոսում ենք միլիարդների անարդյունավետ ծախսերի մասին». Դավիթ Խաժակյան
«2015թ. Երևան քաղաքի բյուջեի դեֆիցիտը 250 միլիոն դրամ էր, 2016թ.՝ 150 մլն, 2017թ.՝ 68 մլն, 2018թ.՝ 48 մլն, և արդեն գալիս է 2019-20թթ.՝ 8.5 մլրդ կազմում է 2019թ. բյուջեի դեֆիցիտը, և 2020թ. նախատեսվում է 9.1 մլրդ դրամ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ընդգծելով՝ դա աննախադեպ մեծ ցուցանիշ է:
«Դրա հիմքերը շատ ավելի վատն են, քան կարելի է պատկերացնել: Այս թիվը պայմանավորված է նախորդ տարվա չկատարված ծախսերով, որը կոչվում է տարեսկզբի ազատ մնացորդ, սրանք այն ծախսերն էին, որոնք նախորդ տարի պետք է իրականացվեին՝ ասֆալտապատում, բարեկարգում, մանկապարտեզների վերանորոգում, տարբեր քաղաքային տնտեսության վրա ծախսեր, բայց դրանք չեն իրականացվել, այդ մրցույթների մի մասը չի հայտարարվել, և գոյացել է ահռելի մեծ գումար: Ընթացիկ աշխատանքներն ադմինիստրացիան չի կատարել»,- ասաց նա:
Դավիթ Խաժակյանը նկատեց՝ միայն մեկ-երկու շաբաթ առաջ էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բացեց իր առաջին և այս տարվա համար նախատեսված միակ բարեկարգած այգին.
«Մի շարք աշխատանքներ չեն իրականացվել: Ուստի, այս մասով դիֆիցիտն աննախադեպ մեծ է, և ընդ որում՝ մի կարևոր ցուցանիշ ևս՝ նախորդ տարվա 2019թ. չկատարված ծախսերն ավելի մեծ են, քան 2018թ.: Իսկ դա այն անցումային շրջանն էր, երբ քաղաքային իշխանություն փոխվեց, և այդ ընթացքում ազատ մնացորդը գուցե ընդունելի լիներ, որովհետև երբ չկա քաղաքային իշխանություն, գուցե ծախսեր կան, որոնք չիրականացվեն: Բայց դա չի իրականացվում արդեն 2019թ., երբ սկզբից մինչև վերջ նոր քաղաքապետն է պաշտոնավարում, այն էլ՝ մի քաղաքապետ, որը սարեր էր խոստանում»:
Նա նշեց, որ աշխատավարձային ֆոնդի հետ կապված պարզաբանում են ստացել, թե այդ թիվը նաև ներառում է աղբահանության հիմնարկի աշխատավարձերը, և գումարի առումով դա, ըստ նրա՝ կազմում է ընդհանուր սեփական եկամուտների ֆոնդի 39.5 տոկոսը. «2018թ. դա կազմել է 29 տոկոս, իսկ 2019թ.՝ 32 տոկոս, տեսեք՝ ինչ աճ են արձանագրել, և սա նաև պայմանավորված է այս պարգևավճարների մեծ աճով, որովհետև նախորդ տարի եկան և 700 մլն դրամի պարգևավճարների ֆոնդը հասցրեցին 1 մլրդ 900 մլն դրամի»:
Պարգևավճարների մասով բերված փաստարկները, Դավիթ Խաժակյանի խոսքով՝ համոզիչ կլինեին, եթե ականատես լինեինք ավելի լավ աշխատանքի կամ աշխատակիցների մոտիվացվածության. «Բայց աշխատավարձային ֆոնդը երկար ժամանակահատված պահեցին նույն մակարդակի վրա, փորձ արեցին բարձրացնել և այնպիսի նախագիծ բերեցին, որն անհավասար և անարդար բաշխում էր ենթադրում, և աշխատակիցների մոտ ձևավորվեց ակնկալիք, որը հասկանալի երևույթ է, որ աշխատավարձերը պետք է բարձրացվեն: Բայց դա տեղի չունեցավ, և փոխարենը՝ որոշեցին, որ պետք է եռամսյակային պարգևատրումներ հատկացնել: Մեկ տարի շարունակ մենք ասում էինք, որ ավելի ճիշտ կլինի վերանայել աշխատավարձերը պարգևատրումների ֆոնդի հաշվին, և լրացուցիչ միջոցներ չներգրավել, բայց իրենք կարծես թե հակված են առաջիկայում և՛ աշխատավարձերը բարձրացնել, և՛ պարգևատրումների ֆոնդը պահպանել:
Հասկանալի է, որ մենք ևս ցանկանում ենք, որ մեր քաղաքապետարանի աշխատակիցները լավ վարձատրվեն, և դրա վերաբերյալ առաջարկներ ներկայացրել ենք քաղաքապետին: Բայց կարևոր թիվ պետք է հնչեցնեմ, որ ասվում է՝ 107 մլրդ դրամ է քաղաքային բյուջեն, դա վերաբերում է նաև պատվիրակված լիազորություններին՝ դպրոցների, պոլիկլինիկաների աշխատավարձերին, որոնք պատվիրակվում են կառավարության կողմից:
Այդ գումարը տրամադրում է կառավարությունը: Եվ որպես սեփական եկամուտ՝ մենք կարող ենք հաշվել միայն 26.9 մլրդ դրամը: Այսինքն՝ երբ այս գումարի արդեն 40 տոկոսը վերածվում է աշխատավարձային ֆոնդերի, ադմինիստրացիայի պահպանման, նշանակում է՝ մենք քաղաքի վրա լրացուցիչ ծախսեր չենք կարողանում անել կամ ավելի քիչ ենք անում: Ստացվում է, որ հարկատուները վճարում են, իսկ ադմինիստրացիան փոխանակ ավելի շատ աշխատանք կատարի՝ իր վրա ավելի շատ գումար է ծախսում»:
Դ. Խաժակյանն անդրադարձավ նաև Երևան քաղաքի 5-ամյա զարգացման ծրագրին՝ հիշեցնելով Հայկ Մարությանը նախընտրական խոստումները, թե փոխվելու են բոլոր վերելակները. «Հիմա տեսնում ենք, որ 5-ամյա զարգացման ծրագրից ընդհանրապես այդ բարեփոխումը հանել են, և 5-ամյա զարգացման ծրագրով, այսինքն՝ մինչև Հայկ Մարությանի պաշտոնավարման ավարտը, խոստանում են 0 նոր վերելակ: Պատվիրեցին 20 վերելակ՝ բոլոր վարչական շրջանների համար, որը, ըստ էության, օվկիանոսի մեջ կաթիլ է, և ասացին՝ դրանով կբավարարվենք: Ընթացիկ պահպանման ծախսերը, ինչպես նախկինում արվել էր, այդպես էլ շարունակելու է արվել»:
Խոսելով մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման հարցերի մասին, Դավիթ Խաժակյանն ասաց, որ համայնքային հիմնարկը լավ թե վատ աղբահանությունը կազմակերպում է, բայց, ըստ նրա՝ սանիտարական մաքրման խնդիր կա. «Քննարկման էր դրված, թե ինչ միջոցներ պետք է հատկացնել այս հիմնարկին, արդյո՞ք այն կկարողանա գոնե նույն արժեքով իրականացնել ծառայության մատուցումը, ինչ անում էր մասնավոր կազմակերպությունը: Մենք տեսնում ենք, որ աղբահանության վրա իրականացվող ծախսերն էապես աճել են, որակն էլ, դժվար է ասել, որ շատ ավելի է բարձրացել:
Ընդ որում, այն մեքենաների շարժակազմը, որ հիմա է շահագործվում, իր պահպանման ծախսերով շատ ավելի էժան պետք է նստեր, քան այն, ինչ սպասարկում էր «ՍանիՏեքը»:
Հիմա այդ ինչպե՞ս են արել, որ այդ աղբահանության հիմնարկի ծախսերը մեր միջին գնահատումներով 6 մլրդ դրամը գերազանցում է՝ նախկին 5.2 մլրդ դրամի նկատմամբ: Դա պետք է ուսումնասիրել, որովհետև բացվածքն այդպես էլ մեզ չեն տրամադրում: Արդյունքում՝ ստացվեց, որ մենք ստեղծեցինք մի հիմնարկ, որը գործում է անարդյունավետ, տանում է շատ գումար և չի մատուցում այն ծառայությունը, որից նույնիսկ իրենք լիովին գոհ չեն, ասում են՝ դե, էն չէ: Իսկ քաղաքում երբևէ 50 և ավելի մեքենա չի շահագործվել աղբահանության համար: Նշանակում է, որ իրենք աշխատանքը կազմակերպել են վատ կերպով»:
Դիտարկմանը՝ Դավիթ Խաժակյանն ու իր գործընկերները նախկինում քննադատում էին Տարոն Մարգարյանին, բայց հիմա էլ Հայկ Մարությանին են քննադատում և նշում, թե նախկինի համեմատ՝ ավելի անարդյունավետ է կառավարում, նա այսպես արձագանքեց. «Ես Տարոն Մարգարյանի ժամանակ ասում էի, որ քաղաքապետարանի աշխատակազմն ուռճացված է, հաստիքացուցակների քանակը մեծ է:
Հայկ Մարությանն եկավ ու է՛լ ավելի այն մեծացրեց: Մենք ասում էինք, որ ներկայացուցչական ծախսերը շատ են, և իսկապես շատ էին, բայց խոսքը, ասենք, 100 մլն դրամի մասին էր, հիմա մենք արդեն խոսում ենք միլիարդների անարդյունավետ ծախսերի մասին: Կառավարումը պետք է լինի և՛ արդյունավետ, և՛ թափանցիկ. արդյունավետության մասով մենք ունենք հետընթաց, թափանցիկության մասով ևս որոշակի առումով ունենք հետընթաց, որովհետև հիմա բաներ են քննարկում, որոնց մասին հանրությանը և մեզ չեն իրազեկում, ինչը շատ վատ երևույթ է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում