«Էլեմենտար դաստիարակության խնդիր է այն բառապաշարը, որ կիրառում են իշխանություններն ու ընդդիմությունը». Կարեն Քոչարյան
«Ես կարող եմ տալ տարբեր վարկածներ, իսկ թե որն է իրականությունը, գիտեն այն մարդիկ, ովքեր ազատել են աշխատանքից: Ես անգամ կասկածում եմ, որ նրանք, ովքեր ազատվել են աշխատանքից, չգիտեն պատճառը»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Մովսես Հակոբյանի և նրա տեղակալներ Վաչագան Ներսեսյանի ու Կամո Քոչունցի պաշտոնանկությանը:
«Կոնկրետ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը հակված եմ կապել Արցախի ապագա նախընտրական պրոցեսների հետ, որովհետև Մովսես Հակոբյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի քեռին է, Արմեն Գրիգորյանի նախընտրած թեկնածուն կարծես թե Մասիս Մայիլյանն է, որին հակված չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այստեղ չի բացառվում, որ թուլացվում են Արմեն Գրիգորյանի դիրքերը: Չի բացառվում, որ ապրիլյան պատերազմի հետ է կապված, որովհետև ԱԺ-ում ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է ապրիլյան պատերազմի դեպքերը, և որի ժամանակ Մովսես Հակոբյանը պատասխանատու անձանցից մեկն էր»,- նշեց նա:
Կարեն Քոչարյանը դեմ է, որ ամեն ինչի թափանցիկ արվի. «Ուժային կառույցները չպետք է լինեն թափանցիկ բոլորի համար, հեչ պարտադիր չէ, որ բոլորը, հատկապես՝ մեր հակառակորդները իմանան, թե ինչ է կատարվում այդ խոհանոցում: Այստեղ ես ամենևին հակված չեմ իշխանություններին մեղադրել ոչ թափանցիկության մեջ»:
Քաղտեխնոլոգը նշեց, որ էլեմենտար դաստիարակության խնդիր է այն բառապաշարը, որ կիրառում են իշխանություններն ու ընդդիմությունը. «Մամուլը գաղջ մթնոլորտ չի ստեղծում, այլ ընդամենը փոխանցում է այն գաղջը, որ գալիս է քաղաքական գործիչներից: Թող բոլորը դա իմանան: Մամուլն ընդամենը հայելին է այն պրոցեսների, ինչը տեղի է ունենում հասարակության մեջ, երկրում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում