
Վովա Գասպարյանը խաշկերույթի է մասնակցել

Հեղափոխությունից հետո նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տևական ժամանակ մեկուսացած էր Սևանի իր առանձնատանը, խուսափում էր շփումներից: Տեսախցիկների սիրահար նախկին ոստիկանապետը հրաժարվում էր անգամ իր անվանն առնչվող թեմաների շուրջ հարցազրույցներ տալ, հեռախոսով նույնպես մեկնաբանություններ չի տալիս, որ չհիշեն իրեն: Բայց ահա օրեր առաջ նրան հանդիպել են ՀՀԿ-ական նեղ ու համեստ մի միջավայրում:
Նախկին ոստիկանապետը մոտ տասն օր առաջ խաշկերույթի է եղել Արարատի մարզում: Գոռավան համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Արսեն Բազիկյանը, ասում են, հին կապերի մեջ է՝ ինչպես նախկին ոստիկանապետ Գասպարյանի, այնպես էլ՝ վերջինիս թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հետ: Վերջինս ևս ներկա է եղել հանդիպմանը։ Ականատեսը պնդում է, որ Վլադիմիր Գասպարյանին մարզում իշխանափոխությունից հետո տեսնում են երկրորդ անգամ, պարզապես նախորդ դեպքում առանց Ա. Հակոբյանի ուղեկցության է եղել:
Ըստ մամուլի հրապարակումների ՝ Վլադիմիր Գասպարյանը հեղափոխությունից հետո հրաժարվել էր Արշակ Հակոբյանի ծառայություններից, սակայն խաշկերույթին նրանք միասին են եղել։
Թեև մեր աղբյուրը պնդում է, որ խաշկերույթին մասնակցել է նաև Գոռավան համայնքի ղեկավար Արսեն Բազիկյանը, սակայն, վերջինս հերքում է՝ ասելով, որ ինքը ո՛չ Վլադիմիր Գասպարյանին է ճանաչում, ոչ էլ Արշակ Հակոբյանին: