Միքիայի մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր հատվածներից մեկն է
Միքիայի մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր հատվածներից մեկն է: Միքիան Աստծո նվիրյալ մարգարեներից մեկն էր, ով, ամենայն հավանականությամբ, ապրել է մ.թ.ա. 740-700 թթ: Նա եղել է Եսայի մարգարեի ժամանակակիցը, և իր անձնվեր առաքելությունն է ծավալել այնպիսի դժվարին ժամանակաշրջանում, երբ Հուդայի թագավորության բնակիչները գտնվում էին ասորեստանյան բանակի անմիջական հարձակման սպառնալիքի տակ:
Ինչպես իր ժամանակակից Եսայի մարգարեն, Միքիան նույնպես իր խոսքն ուղղում է Հուդայի թագավորության բնակիչներին և իր ունկնդիրներին ազդարարում, որ իրենց սիրելի մայրաքաղաք Երուսաղեմը գտնվում է համընդհանուր ճգնաժամի մեջ, և եթե այս ամենը կրի շարունակական բնույթ ապա այն նույնպես կնվաճվի, ինչպես ժամանակին նվաճվել էր Իսրայելի թագավորության մայրաքաղաքը`Սամարիան:
Նա նաև նախազգուշացնում է, որ այդ ամենի մեղավորը հենց իրենք՝ բնակիչներն են, իսկ գալիք աղետը՝ իրենց գործած անվերջանալի մեղքերի տրամաբանական հանգուցալուծումը: Միքիա մարգարեն Աստծո կողմից հաշիվ է պահանջում նրանցից, իսկ հետագայում դուրս է գալիս անգամ մեծամեծների ու պատասխանատու պաշտոնատար անձանց դեմ, ինչպես նաև բանավիճում այն մարգարեների հետ, ովքեր ապահովություն ներշնչող իրենց սուտ խոսքերով և խոստումներով մոլորեցնում էին ժողովրդին՝ մարելով Աստծո և միմյանց հանդեպ վերաբերմունքի փոփոխման վերջին հույսը:
Այս ազդարարությունների միակ նպատակն այն է, որ ի վերջո Միքիա մարգարեն իրեն հավատացող ժողովրդին մղի խորհելու, որպեսզի նրանք ընտրություն կատարեն ապրել աստվածահաճո կյանքով և Տիրոջ կամքի համաձայն, ինչպես նաև սիրեն իրենց մերձավորներին: Բարեբախտաբար, մարգարեի քաջարի և անզիջում պայքարն ի վերջո տալիս է իր բաղձալի արդյունքը, և այս ամենն ուղեկցվում է փրկության նոր գործերի ավետիսով, որը հետագայում Աստված պետք է կատարի՝ ի բարորություն իր ժողովրդի:
Պատմության մեջ քիչ չեն այնպիսի խիզախ ու արի մարգարեներն ու լուսավորիչները, ովքեր պատրաստ են շարունակաբար պայքարել հանուն Տիրոջ կամքի և ժողովրդի փրկության, սակայն յուրաքանչյուր անհատ առաջին հերթին պետք է ինքն իր մեջ գիտակցի փրկագործության կարևորությունը և պայքար մղի, քանզի միայն այդ դեպքում կարող ես իրապես ճանաչել Աստծուն և վայելել փրկության բերկրանքը:
Արմեն Չաքմիշյան