«Արցախյան հիմնահարցի առումով որևէ խնդիր, կոնսենսուս փնտրելու անհրաժեշտություն ժողովրդի մեջ չկա». Լարիսա Ալավերդյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին մասնակցող ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ հայհոյախառն խոսքն այսօր ուղղակի դարձել է միակը, որով կարելի է արտահայտել սերը կամ երկրպագությունն առ իշխանություններ: Նա ներկաներին առաջարկեց այսուհետ իրենց ողջ գործիքակազմը կիրառել այդ բառապաշարի վերջը միանգամից և ընդմիշտ դնելու համար:

«Դրա հետ միասին՝ հստակեցնենք, որ այն սլենգային և ժարգոնային, գողական աշխարհի խոսքերով հանդես գալը պետք է ամբողջովին մերժելի լինի բոլոր այն անձանց, ովքեր, չգիտես ինչպես և երբ, սովորել են գրել ու կարդալ հայերեն»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանի երկրորդ առաջարկությունը վերաբերում էր Արցախի պատասխանին, որովհետև ինքը կարծում է, որ չկա Արցախի հարց, այլ կա Արցախի պատասխան:

«Պետք է նախ և առաջ ներկայացնել աշխարհին իրական, իրավաչափ ու օրինականությանը համապատասխան համայն հայության խնդիրը՝ ադրբեջանաարցախյան հակամարտության պատկերը, բնութագրել այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, որն ընդունելի չէ բոլոր փորձագետների համար»,- նշեց ՀՀ նախկին ՄԻՊ-ը:

Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է, որ օրվա վարչապետը դեռ անցած տարի խոստացել էր ժողովրդին, որ 2019-ը պետք է դառնա Արցախի հիմնահարցի իրական պատկերացման տարին աշխարհով մեկ, քանի որ այդ պատկերացումները սխալ են՝ ինչպես արտերկրում, այնպես էլ՝ հայաստանյան հասարակության մեջ:

«Որևէ խնդիր, կոնսենսուս փնտրելու անհրաժեշտություն ժողովրդի մեջ այս հիմնահարցի առումով չկա: Ժողովուրդն արտահայտել է իր կամքը 1988-ից սկսած մինչ այսօր: Կոնսենսուս չկա որոշ քաղաքական ուժերի և ժողովրդի միջև: Կոչ եմ անում հստակեցնել բոլորի կարծիքն այն առումով, որ կոնսենսուս փնտրել ժողովրդի մեջ պետք չէ, և հստակեցնել, որ որևէ քաղաքական ուժ, եթե խոսում է Արցախյան հիմնահարցի մասին, ապա Հայաստանի խնդիրը պետք է դնի միայն հետևյալի մեջ՝ պահպանել և պաշտպանել Արցախի տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը՝ որպես ոչ թե արցախայության, այլ՝ հայության անվտանգության միակ երաշխիքը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար Սավզյան

 

Տեսանյութեր

Լրահոս