
«Բյուջեի նախագծում կան չհիմնավորված ծախսեր. սա ոչ թափանցիկ գործելաոճ է». Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսված են ծախսեր, որոնք հիմնավորված ու արժանահավատ չեն:
«Մասնավորապես՝ պետական բյուջեից ֆինանսավորվող «այլ ծախսեր» բաժնում 3 միլիարդ 780 միլիոն դրամ է նախատեսված, որը չի հասկացվում, թե ինչ ծախսերի համար է նախատեսված: Սա ոչ թափանցիկ գործելաոճ է: Սրանից զատ, կան նաև այլ ծախսեր, որոնք նույնպես անհասկանալի են, այդ թվում՝ դրամաշնորհների մասով»,- այս մասին մամուլի ասուլիսին ասաց Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին:
Ինչ վերաբերում է գիտության ոլորտին, ապա, ըստ Սերգեյ Բագրատյանի, այնտեղ կա 1,5 միլիարդ թերֆինանսավորում, իսկ մշակույթի ոլորտում էլ մոռացել են մարզային մշակութային տների բարելավման մասին, ուստի այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ այլևս Հայաստանը գիտության պահպանության խնդիր է լուծում, իսկ նման ճանապարհով անհնար է գիտություն զարգացնել:
«Գիտությունից պահանջել պրոդուկտ, երբ նրան տրամադրում են գոյատևման գումար, պարզապես անհնարին է»,- ընդգծեց Ս. Բագրատյանը:
Զվարթ Խաչատրյան