«Նախարարն այս նախագծով իր իշխանության տակ է վերցնում բուհերը». Արտակ Մովսիսյան
«Նախագծի 26-րդ հոդվածի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհուրդը պետք է բաղկացած լինի 12 հոգուց, որից միայն 4-ը պետք է լինեն բուհի ներկայացուցիչները, իսկ 6-ին նշանակելու է ԿԳՍՄ նախարարը: Անընդունելի է նաև 31-րդ հոդվածի 8-րդ կետը, որով դեկանները նշանակվելու են ռեկտորի կողմից»,- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին ԿԳՄՍ նախարարի ու նախարարի տեղակալի հայտարարություններին ի պատասխան, թե նախագծի փոփոխություններն ուղղված են բուհական ինքնավարությանը, ասաց ԵՊՀ Պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը` վստահեցնելով, որ օրենքի այս նախագիծը բուհական ինքնավարության հետ աղերս չունի:
«Եթե մեր նպատակը բուհական ինքնավարությունն է, այս նախագիծը բերում է բաներ, որոնք ուղղակի ոչնչացնում են այդ գաղափարը: Այսինքն՝ իրականության մեջ իրենք մի շղարշով ուզում են ծածկել մեկ այլ բան: Ազգային ինքնության, հայագիտական առարկաների ուսուցման դրույթը ոչ պարտադիր համարելով՝ իրենք դա փորձում են քողարկել բուհական ինքնավարությամբ: Եթե բուհական ինքնավարությունն իրենք ուզում են, ապա այս կետերը նախագծում չպետք է տեղ գտնեին»,- ասաց Մովսիսյանը՝ փաստելով, որ այս նախագծով ԿԳՄՍ նախարարն ուղղակի իր իշխանության տակ է վերցնում հանրային բուհերի բոլոր հոգաբարձուների խորհուրդներին, որոնք էլ օրենքի նախագծով հետագայում պետք է նշանակեն ռեկտորներ, ռեկտորներն էլ՝ դեկաններ:
«Այսպիսի ինքնավարություն որևէ տեղ աշխարհում տեսե՞լ եք: Սա ընդամենը մի տեսակ ինքնաարդարացման նման մի բան է»,- հավելեց պատմաբանը:
Որպես բուհական ինքնավարությանը հակադարձում՝ Մովսիսյանը մարդկանց ուշադրությունը հրավիրում է մեկ այլ, իր խոսքով՝ շատ ավելի կարևոր փաստի վրա:
«Այսօր մենք պատերազմող երկիր ենք: Մեզ համար ազգային ինքնության, ազգային արժեհամակարգով դաստիարակության հարցը գերակա է, շատ ավելի կարևոր է, քան, օրինակ, բուհական ինքնավարության մեջ փոքրիկ մի նման դետալ»,- ասաց Արտակ Մովսիսյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հիմնավորմանը, թե իբր աշխարհի առաջատար համալսարաններում՝ Հարվարդում և Քեմբրիջում, ոչ հումանիտար ֆակուլտետներում անգլերեն լեզու, գրականություն և, համապատասխանաբար,ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պատմություն չի դասավանդվում, Մովսիսյանն ասաց.
«Բազմաթիվ ամերիկյան, աշխարհի լավագույն բուհերում տվյալ երկրի մայրենի լեզուն և իրենց պատմությունն իրենց դասացուցակների պարտադիր մաս են կազմում, և ոչ մեկը չի ասում, որ այդ բուհերում բուհական ինքնավարությունը խախտվում է»:
Նա նաև հավելեց, որ մայրենիի ու պատմության՝ դասացուցակների պարտադիր մաս լինելն այդ երկրների պետական քաղաքականության մի մասն է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ