«Ամենախոտան ծրագրերը դպրոցական ծրագրերն են». Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն անհանգստացրել ու մտահոգել է անգամ Հայաստանի գրողների միությանը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ նախապես որոշել էին տեսակետ հայտնել այս հարցի մասին, երբ ծանոթանային ամբողջական նախագծին: Բայց շաբաթն ուրբաթից շուտ է եկել: Ու այսօր նախագծի մասին խոսելիս՝ Միլիտոնյանը հիշեց նաև նախկիններին:

«Գրականությանը, 4-5 տարի է, հետապնդում են ձախորդ որոշումները: Ավելին, նախորդ իշխանության մշակույթի վերջին նախարարը «գիր» բառով ինչ կար՝ հանեց Մշակույթի նախարարության ֆինանսավորվող ծրագրերից»,- ասաց Միլիտոնյանը, հավելելով, որ իրենց պայքարն ավելի է թեժացել, երբ անցած տարի կրթության ու գիտության նախարարը որոշել էր մանկական մամուլի ֆինանսավորման հարցը լուծել մրցույթների միջոցով:

Գրողների միությունում սկզբում ուրախացել էին այս որոշումը լսելուց, հետո, երբ հասկացել էին, որ մրցույթի միակ չափանիշը լինելու է ոչ թե մանկական մամուլի որակը, այլ ծրագրի հնարավոր ամենացածր գումարը, սկսել էին իրենց բուռն պայքարը:

Ըստ Էդվարդ Միլիտոնյանի՝ հումանիտար առարկաները չարժևորելու մոտեցում կա և օրվա, և նախկին իշխանությունների մոտ:

«Մի բան ակնհայտ է: Եթե մենք ուզում ենք բուհական լեզվի, գրականության, պատմության առարկաները լինեն արդիական, բարձր մակարդակի, ապա փոփոխություն է պետք: Ամենախոտան ծրագրերն այսօր դպրոցական ծրագրերն են: Դպրոցական դասագրքերը շատ հին ոճով արած, պաթետիկ դասագրքեր են, ու հիմնվել դրա վրա ու հետագայում գրականություն չանցնել, կարծում եմ՝ սխալ մոտեցում է»,- ասաց Միլիտոնյանը՝ նախարարությանը հորդորելով լսել հանրության կարծիքն ու հաշվի նստել այդ կարծիքի հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ  

Տեսանյութեր

Լրահոս