Հայաստանյան դիվանագիտական վակուումը

Դարեր շարունակ հայ ազգի երազանքն է եղել անկախ Հայաստանի գաղափարը, ինչը, սակայն, դառնալով իրականություն, գրեթե կորցրել է իր արժեքն ու կարևորությունը: Այդ պետականության պահպանման համար անհրաժեշտ է նաև ճիշտ աշխարհաքաղաքական դիսլակացիա։ Այնպես չէ, որ Հայաստանն այնպիսի հզոր գերտերություն է, որ տարածաշրջանում լուրջ քաղաքական ու աշխարհաքաղաքական հետաքրքրվածություն ունեցող խաղացողներն առանց նրա չկարողանան իրենց քաղաքականությունը կառուցել, սակայն իր աշխարհագրական դիրքով, ինչպես նաև պոտենցիալով միշտ հետաքրքրել է համաշխարհային գերտերություններին, ավելին՝ միշտ իր այդ դիրքի շնորհիվ եղել է հարձակումների ու ավերածությունների թիրախում։ Նախօրեին Երևան էր ժամանել համաշխարհային առանցքային դիվանագետներից մեկը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Այս հանգամանքը բավականին հատկանշական է հայ-թուրքական մերձեցման ֆոնին, ինչպես նաև Արցախի բանակցային վակուումի պարագայում։ Սկզբունքորեն Հարավային Կովկասում առկա են ազդեցության երկու հիմնական կենտրոններ, որոնց հետ Հայաստանը կարող է համագործակցել: Գործ ունենք Մոսկվա-Վաշինգտոն աշխարհաքաղաքական դուալիզմի հետ։ Քննարկման ենթակա չէ այն, որ Ռուսաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակի խաղացող գերտերություն է։ Այսօր աներկբա է նաև այն, որ մեր տարածաշրջանում ներկայումս ավելի շահեկան են ռուսական դիրքերը, քան Արևմուտքի, քանի որ ՌԴ-ն կարողանում է միաժամանակ փայլուն համագործակցել տարածաշրջանային այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, և պատահական չէ, որ այդ մասին իր խոսքում ակնարկեց նաև Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Ռուսաստանը փորձելու է իր քայլերն իրականացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։

Ի դեպ, մամուլում այսօր տեղեկատվություն կար այն մասին, որ Լավրովի այցից հետո փորձագիտական շրջանակները շրջանառության մեջ են դնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի հետ կապված մոտեցումներ։ Նախ անհասկանալի է, թե ինչ քաղաքականություն և ընդհանրապես ինչ մոտեցումներ ունեն այսօր հայաստանյան իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցի բանակցությունների վերաբերյալ, քանի որ այսօր նա փաստացի չի կատարել որևէ քայլ, այլ հակառակը՝ բանակցությունները մտցրել է ակնհայտ փակուղի։ Ընդ որում, այդ մասին բացահայտ «Վալդայ» ակումբի իր ելույթում ակնարկեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը՝ նկատի ունենալով օգոստոսի 5-ին Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը, երբ նա հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Փաշինյանը նախորդ տարի մայիսին հայտարարեց, որ Արցախը վերադառնում է բանակցային սեղան, սակայն և՛ Լավրովը, և՛ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, և, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, և ամերիկյան կողմը մերժել են այդ առաջարկը։ Պետք է նշել, որ այդ առաջարկը մերժվել է, քանի որ դա արվել է փնթի ու անպատասխանատու ձևով, ավելի կոնկրետ՝ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները, ովքեր Արցախի հարցով թիվ մեկ միջնորդ կառույցն են և գործընթացի պատասխանատուները, Փաշինյանի նման գաղափարի մասին իմացել են ուղիղ եթերից, ինչը կոպտագույն դիվանագիտական «կիքս» է։

Ըստ բանակցային տրամաբանության՝ եթե բանակցող երկրի ղեկավարը տվյալ գործընթացի վերաբերյալ ունի նոր գաղափար և մոտեցման փոփոխություն, ապա նա նախապես պետք է դրա մասին իրազեկի և այդ հարցը քննարկի բանակցության միջնորդ հանդիսացող մարմնի ներկայացուցիչների հետ, փորձի այնտեղ այդ նորմն անցկացնելու համար գաղափարակից ու դաշնակից փնտրել, այլ ոչ թե ինքնագլուխ խոսի և սեփական պնդումներն առաջ տանի ամբոխահաճո պոպուլիզմով։

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, արհամարհել է ՄԽ համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկարվարությանն ու համանախագահներին։ Մի կարևոր դրվագ ևս. ներկայումս Փաշինյանն ամեն կերպ խուսափում է այս թեմայից և ոչ մի անդրադարձ չի անում, թե ինչ փուլում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու գաղափարը։ Երևանում Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են նորմալ դաշնակցային հարաբերությունների մակարդակում։ Եվ երբ Լավրովի այս հայտարարության վրա ուրախանում և իրար հերթ չտալով տարածում են ՀՀ գործող իշխանությունների ներկայացուցիչներն ու դիվանագիտության պատասխանատուները, ակամայից ցանկություն է առաջանում նրանց հիշեցնել նաև Լավրովի «Վալդայ» ակումբի հայտարարությունը, որը, մեղմ ասած, ՀՀ-ի և Արցախի օգտին չէր։

Ինչևէ, սպասենք զարգացումներին։ Մի դիտարկում. որքան էլ ՀՀ ներկայիս իշխանությունները փորձեն խոսել իրենց ինքնուրույն և «հայակենտրոն» քաղաքական կուրս վարելու մասին՝ ակնհայտ է, որ այս աստիճանի ռուսահպատակ կառավարություն Հայաստանը չի ունեցել, որքան էլ ժամանակին ընդդիմադիր և նույն Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նույն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս