Դատավոր Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չհայտնեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել:
Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս՝ Խուդոյանը նշել էր փաստական հանգամանքներ, որոնք հիմք են հանդիսացել պաշտպանական կողմի համար ինքնաբացարկ հայտնելու հարցում:
Այդ հանգամանքներից մեկը փաստաբանի համար այն է, որ Դանիբեկյանը նույն հանգամանքներով այլ գործերով արտահայտել է այլ իրավական դիրքորոշում:
«Մի դեպքում դատարանը նշում է, որ գրավը կարող է լինել բավարար խափանման միջոց, մյուս դեպքում՝ արտահայտում է այլ տեսակետ: Փաստական հանգամանքները ցույց են տալիս, որ դատավոր Դանիբեկյանն ունի կանխակալ բացասական վերաբերմունք պարոն Քոչարյանի նկատմամբ»,- ասել էր նա:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում փաստաբան Խուդոյանը պարզաբանել էր, որ պաշտպանական կողմը ոչ թե բողոքարկում է դատավոր Դանիբեկյանի որոշումը, այլ ասում է, որ դատավոր Դանիբեկյանը նույն օրենքը տարբեր ամբաստանյալների դեպքում կիրառում է տարբեր կերպով:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ