Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ժամը 13:13-ին մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատավոր Դանիբեկյանը մերժել էր Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:
Այսօրվա դատական նիստին կրկին ներկա չէր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նախորդ դատական նիստից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր դատավոր Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը, ինչպես նաև դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը:
Այսօր առաջնահերթության կարգով դատարանը լսեց Հովհաննես Խուդոյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ