Իսրայելը Գազայում հարված է հասցրել «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարին
Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարին: Այս մասին հաղորդել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը:
«Գիշերը Գազայում հարված է հասցվել «Իսլամական ջիհադի» ավագ հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Նա պատասխանատու է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների եւ վերջին ամիսներին Իսրայելի տարածքի հրթիռակոծումների համար եւ պատրաստում էր նոր հարձակումներ: Բանակի գործողությունները հանձնարարվել էին Իսրայելի Գլխավոր շտաբի պետի եւ Ընդհանուր անվտանգության ծառայության տնօրենի (ՇԱԲԱՔ, հակահետախուզություն) կողմից եւ հավանության արժանացել վարչապետի եւ պաշտպանության նախարարի կողմից այն բանից հետո, երբ դրանք ներկայացվել էին եւ հաստատվել Իսրայելի անվտանգության կաբիենտի կողմից»,- ասված է Նաթանյահուի դիվանատան հայտարարության մեջ:
Իսրայելի Kan պետական ռադիոկայանը, վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներ, հաղորդել է, որ ալ Աթան Գազայի հատվածում իրականացված գիշերային գրոհի հետեւանքով սպանվել է, եւս երեք հոգի վիրավորվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: