«Ապրիլյան օպերացիայի վրա Ադրբեջանը ծախսել է մոտ 10 միլիարդ, բայց սրանով հանդերձ՝ ոչնչի չհասան». Իսկանդարյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այն փուլում չէ, որից կարելի է լուրջ փոփոխություններ ակնկալել: Այսինքն՝ Մինսկի խմբի ձևաչափը կմնա, դրանից ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը դուրս չի գա, կշարունակվեն տարբեր մակարդակներով հանդիպումները, բայց սրա հետ մեկտեղ՝ ՀՀ-ի և Արցախի հետ սահմանային հատվածներում կրակոցներ և որոշակի լարվածություններ կլինեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ արձանագրելով, որ սահմանային լարվածության մակարդակը և կրակոցների թիվը նվազել է, բայց լիովին բացառել դա հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանի ռազմավարությունն է՝ բանակցել, միաժամանակ՝ լարվածություն ստեղծել սահմանին:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», կամ «պետք է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Արցախի, ՀՀ-ի և Ադրբեջանի համար», Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ դրանք տեղավորեց քաղաքական սովորական հռետորաբանության տրամաբանության մեջ:
«Այո, սա քաղաքական հռետորաբանություն է: Նիկոլ Փաշինյանը, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, հիմնվում է տարբեր խմբերի վրա և տարբեր երկխոսություններ վարում. նա ասում է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է շարունակել, այնուհետ, թե՝ արցախցիներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, հետո նա ասում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Աշխատում է տարբեր զանգվածների հետ, և միշտ է այդպես եղել: Ի՞նչ է՝ նա առաջի՞նն է, որ ասել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իհարկե՝ ոչ: Կամ նա առաջի՞նն է, որ ասել է՝ մեզ կոնսենսուս է պետք կամ որոշում, որը երկուսին էլ կբավարարի: Այն, ինչ ասում է Փաշինյանը, քաղաքականության բաղադրիչ է, որը կշարունակվի: Այլ հարց է, որ այսօրվա դրությամբ գոյություն չունի մի լուծում, որն ընդունելի կլինի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի և դրանց հասարակությունների համար: Հակամարտությունը հնարավոր է լուծել փոխզիջման միջոցով, եթե ապոկալիպտիկ սցենարներ չլինեն: Այս առումով՝ Փաշինյանը ճիշտ է, էլ ի՞նչ ձևով պետք է կարգավորել կոնֆլիկտը: Բայց այսօր դրա հնարավորությունը չկա»,- ընդգծեց քաղաքագետը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անհանգստություններին՝ արտաքին վատ սցենարների և դրանց ՀՀ-ի պատրաստ լինելու հետ կապված, Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրեց՝ Քոչարյանը կալանքի տակ է, իսկ նրան գործող իշխանությունն է մեղադրում, այս պարագայում, բնականաբար, չէր գովելու:
«Այն առաջնորդները, որոնք գնում են, հետո միշտ էլ հայտարարում են՝ իրենց ժամանակ ամեն ինչ ճիշտ էր արվում, իսկ այն, ինչ հիմա է կատարվում, սխալ է: Եվ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այս համատեքստում պետք է դիտարկել: Քոչարյանը քաղաքական գործիչ է, որը կալանքի տակ է, ուստի բնական է, որ պիտի ասի՝ գործող իշխանությունները սխալներ են թույլ տալիս: Սա բնավ չի նշանակում, որ սխալներ թույլ չի տալիս գործող իշխանությունը, բայցև այլ վարքագիծ Քոչարյանի կողմից դժվար է պատկերացնել՝ նա պետք է մեղադրի: Իհարկե, կան գործընթացներ, ինչ-որ բաներ լավ են արվում, ինչ-որ բաներ՝ վատ, իրավիճակը բարդ է, հատկապես, երբ խոսքը ղարաբաղյան խնդրին է վերաբերում, որը նման է բազմաթիվ շերտերից բաղկացած կաղամբի՝ տնտեսական, քաղաքական հետաքրքրություններից մինչև տարբեր երկրների լոբբինգ»,- նշեց քաղաքագետը:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարության մասին, Իսկանդարյանը նշեց՝ նման հնարավորություն չկա այսօր, քանի որ Ադրբեջանը չունի ոչ մի պատճառ դրան համաձայնելու, իսկ առանց Ադրբեջանի համաձայնության՝ դա հնարավոր չէ. «Մեկ ձեռքը ծափ չի տալիս»:
«Սա հստակ ապացույց է այն բանի, որ Ադրբեջանը չի ցանկանում կարգավորել հակամարտությունը, նրան պետք է շարունակել օգտագործել բանակցությունները որպես գործիք՝ ոչ թե խնդրի կարգավորման, այլ՝ բոլորովին այլ բանի համար: Պարզից էլ պարզ է՝ եթե քեզ անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունը փոխզիջման միջոցով, ապա դու կխոսես Արցախի հետ: Ուստի, եթե Ադրբեջանն իրականում ցանկանար խնդիրը կարգավորել, ապա հենց ինքը կպահանջեր, որ Արցախն ինչ-որ ձևով մասնակից դառնա գործընթացին, որովհետև այլ կերպ այս խնդիրը հնարավոր չէ լուծել»,- պնդեց Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, քաղաքագետը նախ նշեց, որ 2016-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ որակելը ճիշտ չէ, նման էսկալացիաներ հնարավոր են, բայց լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ ոչ:
«Պատերազմի համար բոլորովին այլ պայմաններ են պետք՝ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական և մարդկային ուժի բոլորովին այլ մակարդակ: Սրա համար ռիսկերը բոլորովին այլ են, նման հնարավորություն այսօր չկա և երկար ժամանակ չի լինի: Բայց սա չի նշանակում, որ երբևէ չի լինի: Արցախում առկա բալանսը հնարավոր չէ մեկ օրում, մեկ տարում խաթարել, ինչը ցույց տվեց նաև 2016-ի ապրիլյան էսկալացիան: Չկա նման խնդիր, որն Ադրբեջանը կարող է լուծել ռազմական ճանապարհով»,- վստահեցրեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն այսօր ընդամենը փորձում է իր ռազմական ներուժի ավելացմամբ կամ դրա մասին հայտարարելով՝ ճնշում գործադրել ՀՀ-ի վրա՝ հասնելու իրեն ձեռնտու լուծմանը:
Իսկ գերտերություններին, ըստ նրա, ՀՀ-ն այն աստիճան հետաքրքիր չէ, որ լուրջ քաղաքական ճնշում գործադրեն ղարաբաղյան հակամարտության գործընթացի շրջանակում. այն, ինչ այս տարիներին տեսել ենք, ընդամենը «մատ թափ տալ է եղել»:
Վերադառնալով 2016-ի ապրիլյան գործողություններին, Իսկանդարյանն ակնարկեց՝ թեպետ Ադրբեջանն ապրիլյան իրադարձություններին գրագետ էր պատրաստվել և տարիների ընթացքում աստիճանաբար կուտակել անհրաժեշտ զինուժ, սակայն արդյունքում ոչինչի չհասավ, ուստի զարմանալի է, որ հայկական կողմում ապրիլյան պատերազմի մասին պարտության տեսանկյունից են դիտարկում:
«Ադրբեջանի կողմից կռվել են հատուկ նշանակության ջոկատայիններ, ինչը թանկ հաճույք է: Մեկ հատուկ նշանակության ջոկատային պատրաստելը համարժեք է մեկ օդաչու պատրաստելուն, այն շատ թանկ է: Ապրիլյան օպերացիայի վրա Ադրբեջանը ծախսել է մոտ 10 միլիարդ, բայց սրանով հանդերձ՝ ոչնչի չհասան: Եթե անգամ իրենց նպատակին հասնեին էլ և որոշակի առաջընթաց ապահովեին, միևնույն է՝ հնարավոր չէր լինելու լուծել ղարաբաղյան խնդիրը: Եվ, չգիտես ինչու, ապրիլյան էսկալացիան ՀՀ-ում որպես պարտություն ընկալվեց մեզ համար, ինչն իրականում այդպես չէ: Այն ցույց տվեց ուժերի հավասարություն և ոչ թե անհավասարություն, երբ Ադրբեջանի հատուկջոկատայինների դեմ վատ զենքով կռվեցին ժամկետային զինծառայողներ: Այն, ինչի կարողացավ հասնել Ադրբեջանը, նա դրան հասավ առաջին գիշերը, երբ աշխատեց հանկարծակիության գործոնը»,- եզրափակեց Իսկանդարյանը:
Մարիամ Պետրոսյան