ՊՆ-ն «Պրոմտեխնոլոգիայի» դեմ տեղեկատվական պատերազմ չի սկսել. տենդերի գաղտնիքների մասին առաջինը ռուսական մամուլն է խոսել

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարած զենքի մատակարարման տենդերի ձախողման մասին առաջին հրապարակումը, որին մասնակցել է «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS զինագործական ապրանքանիշ), եղել է ռուսական մամուլում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հիշեցրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով  ռուսական ընկերության և դրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի մեղադրանքներին, թե ՀՀ ՊՆ-ն տեղեկատվական պատերազմ է սկսել իրենց դեմ:

«Առաջին նյութը՝ տենդերի ձախողման, մրցույթի գաղտնիքների և իրավական խնդիրների մասին, հայտնվել է ռուսական մամուլում՝ «Օրսիսի» թույլ տված արտահոսքով, թե՝ տեսեք,  ՀՀ պաշտպանության նախարարությունը մեզ հետ լավ չի աշխատել: Այսինքն՝ տենդերի հանրայնացումը սկսվել է ռուսական կողմից, ռուսական մամուլում՝ «Կոմերսանտ», «Ռիա Նովոստի»՝ անանուն աղբյուրներին հղումներով: Մենք չենք այս թեման մամուլում շրջանառության դրել, ավելին՝ շահագրգռված չենք եղել, որ այս թեման մամուլում արծարծվի»,- նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանն այս համատեքստում  հարկ համարեց ևս մեկ անգամ շեշտել՝  ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պրոմտեխնոլոգիա» ընկերության դեմ ոչինչ չունի և պատրաստ է շարունակել համագործակցությունը, աշխատել քաղաքակիրթ պայմաններում:

Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունից ևս ասել էին, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը:

«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունն ազնիվ և իրավահավասար պայմանների ստեղծման, թափանցիկ տենդերային համակարգի, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության որոշումների կայացման հարցում՝ անձնական գործոնների բացակայության դեպքերում»,- նշել էին ընկերությունից:

Մարիամ Պետրոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս