Բաժիններ՝

Հանքարդյունաբերություն. Վնասնե՞ր, թե՞ օգուտներ

Հայաստանը, հանդիսանալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) թեկնածու երկիր, հավաքագրել և 2019 թվականի հունվարի 30-ին հրապարակել է ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցը, որը ներառել է օգտակար հանածոների ադյունահանմամբ զբաղվող 16 ընկերությունների 2016 և 2017 թվականների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տարաբնույթ տվյալներ: Ի դեպ, սա այն հարթակն է, որտեղ ներկայացված տվյալները պետք է որ կասկած չհարուցեն, քանի որ  ներկայացված տեղեկատվությունը ստուգվել և համադրվել է պետական լիազոր մարմինների կողմից ներկայացված համարժեք տեղեկատվության հետ:

ԱՃԹՆ շրջանակներում հաշվետվություններին ծանոթանալիս մեզ հետաքրքիր թվաց հանքարդյունաբերող ընկերությունների հրապարակած, իրենց կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի (ըստ հաշվետվության` նվիրատվությունների) մասին հաշվետվությունը և այդ ծրագրերի համադրությունը համապատասխան ընկերությունների շրջանառության (հասույթի) հետ:

Ստորև ներկայացվող աղյուսակներում արտացոլված են ընկերությունների մասհանումները սոցիալական ծրագրերին և նրանց շրջանառության ծավալները:

Հաջորդ աղյուսակներում ներկայացված են հայաստանյան այն ընկերությունները, որոնք թեև հաշվետու տարիներին շրջանառություն չեն ունեցել, սակայն իրականացրել են բարեգործական ծրագրեր:

Ինչպես կարելի է նկատել, շրջանառության (հասույթի) համեմատ՝ սոցիալական ծրագրերին ուղղված միջոցներով առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (որը, ի դեպ, 2018 թվականի և 2019 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներով ՀՀ առաջին հարկատուն է), որը 2016 թվականի սոցիալական ծրագրերին է ուղղել իր հասույթի 2.18 տոկոսը, իսկ 2017 թ.՝ 1.96 տոկոսը: Վերջին տեղը  զբաղեցնում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 2017 թվականին  իր մասհանած 0.03 տոկոս ծավալներով: Մինչդեռ «Վայք Գոլդ» ՍՊ ընկերությունը նշված տարում բարեգործությանը միջոցներ չի ուղղել:

Իսկ միջին ցուցանիշը   առաջատարի (ԶՊՄԿ) մասնակցությամբ կազմում է 2017 թթ.` 1.09 տոկոս, իսկ առանց նրա ցուցանիշների հաշվառման՝ 0.28 տոկոս:

Ինչպես տեսնում ենք, էական շեղում կա լեռնագործական ընկերությունների կողմից բարեգործական ծրագրերին ուղղվող միջոցների ծավալներում:

Հետաքրքրական է նաև իմանալ, թե ինչպիսին է իրերի դրությունն աշխարհում, և իրենց շրջանառության համեմատ՝ ինչ նյութական միջոցներ են ուղղում սոցիալական ծրագրերին աշխարհի առաջատար ընդերքօգտագործող ընկերությունները:

Համացանցում հասանելի պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրումն ունի հետևյալ պատկերը`

Ակնհայտ է դառնում, որ աշխարի 6 խոշորագույն լեռնագործական ընկերությունները բարեգործական նպատակներով ուղղում են իրենց հասույթի (շրջանառության) միջինում 0.42 տոկոսը:

Տեսանելի է, որ հայկական լեռնագործական ընկերությունները սոցիալական, այսինքն՝ իրենց համար ոչ պարտադիր, ծրագրեր են իրականացնում համաշխարհային միջինի հետ համադրելի ծավալներով: Այս վիճակագրությունը «փչացնում է» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի կողմից սոցիալական ծրագրերին ուղղված միջոցների միջինն ավելի քան 4.5 անգամ գերազանցում է համաշխարհային ցուցանիշը:

ԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս