«Լրիվ արված է «под «Ռյան Էյր»», միանշանակ». «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյան

Երբ իռլանդական «Ռյան Էյր» փոքր բյուջետային ավիաընկերության՝ մեծ շուքով ու առավել մեծ աղմուկով հայկական շուկա մուտք գործելն ազդարարվեց, համատեղ ասուլիսի ընթացքում, 168.am-ի հարցին, թե որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս եք 20 դոլարով տոմսեր վաճառելու ՀՀ-ում, նպատակահարմար համարեց պատասխանել հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ասելով. «Ես շուտվանից ասել եմ, որ առաջարկել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանենք: Դա ընթացքի մեջ է»:

Եվ ահա արդեն իսկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում քննարկման է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, եթե հակիրճ ներկայացնենք, «օդի տուրք»-ի 10.000 ՀՀ դրամ ազատման արտոնությունից կազատվեն այն ավիաընկերությունները, որոնք իրականացնում են առևտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից, իսկ եթե ավելի պարզ նշենք, ապա «օդի տուրք»-ից ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին:

168.am-ն օրենքի նախագծի վերաբերյալ փորձեց կարծիքներ ստանալ Հայաստանում ավիափոխադրումներ իրականացնող մի քանի ավիաընկերությունների ներկայացուցիչներից՝ հասկանալու համար, թե ընդունելի՞ է արդյոք այս նախագիծը բոլորի համար, հակամրցակցային խնդիրներ չե՞ն առաջանալու, և առհասարակ ի՞նչ հեռանկարներ կան ավիափոխադրողների համար՝ կապված օրենքի նոր փոփոխությունների հետ:

Ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ նոր ուղղություն:

«Այս հարցի պատասխանը ես կոլեգաներիցս շատերից եմ փորձել ստանալ, բայց ոչ ոք չի կարողանում դա բացատրել: Բացի դրանից, ինչո՞ւ «Air France»-ը, լեհական LOT-ը, ավստրիական ավիաուղիները, «Аэрофлот»-ը, S7-ը, որոնք 20 տարուց ավելի շարունակում են օդի հարկ վճարել, պետք է էլի վճարեն, իսկ ինչ-որ նոր մտած ընկերություն չպիտի վճարի: Դա ինչքանո՞վ է ճիշտ»,- տարակուսեց Ա. Մուրադյանը:

Մեր հարցին, թե փաստորեն ինքը կարծում է, որ սա արվում է «Ռյան Էյրի» համար, վերջինս պատասխանեց՝ «լրիվ արված է «под «Ռյան Էյր»», միանշանա՛կ»:

«Սրանք լրիվ հակամրցակցային պայմաններ են: Ստացվում է, որ միայն «Ռյան Էյրի» համար է հանվում օդի տուրքը: Նրա համար, իհարկե, շատ մեծ զեղչեր են արվում: Բացի դրանից, պետբյուջեից նրան վճարվում է ռեալիթի: Գյումրիից թռչող յուրաքանչյուր ուղևորի համար, որքանով որ ես տեղյակ եմ, մոտ 80 եվրո, իսկ Երևանից՝ 20-70 եվրո՝ նայած ուղղությունների»,- նկատեց «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչը:

Հարցին, թե այդ գումարներն արդյո՞ք բյուջեից են վճարվելու, որովհետև կառավարությունը հերքում է դա, Արարատ Մուրադյանը պատասխանեց, որ իշխանություններն ասում են, որ դա վճարվում է արտաբյուջետային միջոցներից, բայց թե ո՞ր բյուջեից, ինքը չգիտի:

«Օրինակ, Ալիկանտեում նման մեխանիզմ գոյություն ունի, որ լոուքոսթ ավիաընկերություններին քաղաքային բյուջեից վճարում են շատ մեծ գումարներ, որ տուրիստ տանեն: Քաղաքային իշխանությունները բոլոր հյուրանոցներին հարկ են դրել ամեն ուղևորից, ենթադրենք, 5 եվրո, այսինքն՝ յուրաքանչյուր հյուրանոցի համարի արժեքի 5 եվրոն այդ լոուքոսթ ավիաընկերություններինն է: Այդ սխեման մեզ մոտ գոյություն չունի: Եթե այդ սխեման մեզ մոտ աշխատեր, ապա խնդիր չկար, բայց եթե դա մեր հարկերից է վճարվում ու միայն՝ «Ռյան Էյրին», … Այդքան գումարով կարելի էր հայկական ավիափոխադրող ստեղծել»,- ասաց Ա. Մուրադյանը:

168.am-ի հարցին, թե այս պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում իրենց հետագա գործունեությունը, և հնարավո՞ր է արդյոք՝ այս ամենը դառնա շուկան լքելու պատճառ, ասաց, որ իրենց ավիաընկերությունը շուկան չի լքի:

«Մենք աշխատում ենք կլասիկներից ավելի էժան գներով, գտնվում ենք նրանց ու լոուքոսթերի արանքում: Բայց եթե նույն «Ռյան Էյրը» թռիչք իրականացնի ֆրանսիական «Օռլի» օդանավակայանից… Գիտենք, որ «Շառլ դը Գոլից» թռչում է «Air France»-ը, ինքը թռչի «Օռլից», Վարշավայի ու Վիեննայի մյուս օդանավակայաններից, այսինքն՝ տրորի կլասիկ ավիաընկերությունների ոտքերը, չի բացառվում, որ նրանք նեղանան, թողնեն դուրս գան շուկայից, որովհետև հայկական իշխանությունները տվել են անհավասար պայմաններ: Այդ դեպքում ի՞նչը կխանգարի «Ռյան Էյրին»՝ 3 անգամ բարձրացնել գները, որովհետև, որքան տեղյակ եմ, հայկական կողմը որևէ մեխանիզմ չունի զսպելու գնաճը»,- ասաց Արարատ Մուրադյանը:

Նա խորհուրդ տվեց հիշել «Պոբեդա» ավիաընկերությանը, որը շուկա մտավ 7000 դրամով, այսօր նույն «Аэрофлот»-ի գներով է թռչում, այսինքն՝ «Ռյան Էյրը» լոուքոսթ գներով չի թռչելու:

«Ինքը որպես լոուքոսթ՝ աշխատում է այն պարագայում, երբ թռչում է 1-1.5 ժամ: Չորս ժամանոց թռիչք լոուքոսթ ավիաընկերությունը «լոուքոսթ» գներով չի թռչում: Ինքը 30-40 եվրոյով պետք է կատարի 1-1.5 ժամանոց թռիչքներ, ուր կա մրցակցություն, և եթե նա գնա 4 ժամ, ապա թռչելու է նույն 400 եվրոյով»,- նկատեց Ա. Մուրադյանը:

Վերջինս ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հունվար կամ փետրվար ամիսների համար Երևան-Հռոմ-Երևան ուղղության գինը «Ռյան Էյրով» նույն 200 եվրո արժեքն ունի:

Բացի դրանից, ինչպես նշում է Ա. Մուրադյանը, շատերը տեղյակ չեն, բայց եթե օնլայն հաշվառում չեն անցնում, օդանավակայանում պետք է ուղևորները վճարեն 57 եվրո, կանացի փոքրիկ պայուսակի համար՝ 12 եվրո, ուղեբեռի՝ 50 եվրո, ինքնաթիռի մեջ թեյի կամ ծածկոցի համար պետք է կրկին լրացուցիչ վճարել:

Հարցին, թե սրա դեմ ինչպե՞ս են պատրաստվում պայքարել, Արարատ Մուրադյանն ասաց, որ, երբ իրենք կոլեգաներով զրուցում են, բոլորն էլ պատրաստ են դիմել բոլոր ատյաններին, բայց քանի դեռ այս նախագիծն օրենք չի դարձել, առարկայական քայլեր չեն կարող կատարել:

«Բայց դեռ օրենքը չընդունած՝ «Ռյան Էյրը» տոմսերն առանց օդի տուրքի է վաճառում: Դա շատ կոպիտ խախտում է»,- նշեց «Tarom Airline»-ի հայաստանյան ներկայացուցիչը՝ հավելելով, որ կլասիկ ավիաընկերություններին խանգարելով՝ պետական բյուջե ավելի քիչ գումարներ կմուտքագրվեն, որովհետև եթե նրանք իրենց հաճախականությունը քչացնեն կամ դուրս գան շուկայից, հարկերի տեսքով շատ ավելի քիչ գումարներ կմտնեն պետական բյուջե:

«10.000 դրամները չի մուծում, օդանավակայանի մեծ զեղչեր է ստացել… Ես չգիտեմ՝ ի՞նչ է կատարվելու: Բոլոր դեպքերում, երբ կոլեգաներով շփվում ենք, բոլորն էլ շատ նյարդայնացած են»,- նկատեց Արարատ Մուրադյանը:

Նա շեշտում է, որ բոլորին նյարդայնացրել է այն հանգամանքը, որ այս ամբողջը սարքվել է «Ռյան Էյրի» համար:

«Ինձ՝ որպես մասնագետի, մոտեցել են որոշ պատգամավորներ, հարցեր են ճշտել, որ հարցուպատասխանի ժամանակ դրանք տան կառավարությանը։ Շատ չեմ ուզում մանրամասնել, բայց ես իզուր չեմ կանգ առնում «նոր ուղղություն» հասկացության վրա: Շատ կասկածելի բան կա այստեղ: «Ռյան Էյրը» Եվրոպայում շատ բազաներ ունի: «Аэрофлот»-ի բազան միայն «Շերեմետևոն» է, «Air France»-ինը՝ միայն «Շառլ դը Գոլը», իսկ «Ռյան Էյրը» շատ բազաներ ունի: Եթե նոր ուղղություն համարելու են այն ուղղությունը, որտեղ ավիաընկերությունը բազավորված է, ուրեմն օդի տուրքի հարկը հանվում է միայն «Ռյան Էյրի» համար»,- ասաց ռումինական ավիաընկերության ներկայացուցիչը:

Նա նշում է, որ իր կոլեգաներից շատերին, ինչպես նաև օդանավակայանների ղեկավարությանը տվել է հետևյալ հարցը, և նրանցից ոչ ոք չի կարողացել այդ հարցին պատասխանել՝ «Եթե «Air France»-ը բազավորված է «Շառլ դը Գոլ» օդանավակայանում, ու ինքը չընդունի Փարիզ-Ամստերդամ չվերթը, ու Ամստերդամից կատարվում է Երևան-Ամստերդամ-Երևան թռիչքը, դա համարվելո՞ւ է նոր ուղղություն, որ ինքը զեղչերը ստանա»:

«Ես կասկածում եմ, որ այդ ժամանակ կասեն, թե ինքը սկսում է Փարիզից», ինչը սխալ է: Ինքն արտոնագիրը կստանա՝ որպես Ամստերդամ-Երևան թռիչք, բայց քանի որ բազա չունի, սկիզբը Փարիզից է, ուրեմն դա նոր ուղղություն չէ: Այ սա է, որ որևէ մեկի մտքով չի անցել»,- նշեց Արարատ Մուրադյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ կա մի շատ կարևոր հարց ևս, որ ինքը տվել է և կառավարությունում, և Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահին, ու ոչ մի պատասխան չի ստացել:

«Կլասիկ ավիաընկերությունը եթե երեք ամիս վնասով է թռիչքներ իրականացնում, էլի շարունակում է թռչել: Լոուքոսթը երկու չվերթ չեղարկելու դեպքում առհասարակ հանում է տվյալ ուղղությունը: Ասենք՝ մայիս-հունիս-հուլիս-օգոստոս թռչում են ու շատ լավ փող են աշխատում, եկավ նոյեմբեր ամիսը, պարզ է, ուղևորները քիչ են, չվերթը հանում է, իսկ մինչ այդ օդի տուրքը չի մուծել: Ի՞նչ մեխանիզմ ունեն մեր իշխանությունները, որ չմուծած օդի տուրքերը հետ ուզեն: Այդ հարցը ես տվել եմ մեր իշխանություններին, և նրանք պատասխան չեն ունեցել, որովհետև ասել են՝ մեր մտքով նման բան չի անցել»,- եզրափակեց Արարատ Մուրադյանը:

Փորձեցինք լսել նաև «S7» ավիաընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Սայադյանի տեսակետը: Վերջինս ասաց, որ գտնվում է արտասահմանում, օրենքի նախագծի մանրամասներին ծանոթ չէ, այս պահին չի կարող մեկնաբանել, բայց պարզ է, որ օդի տուրքը բոլորի համար չի հանվում:

Այլ ավիաընկերությունների ներկայացուցիչների տեսակետները 168.am-ը կհայտնի առաջիկայում:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս