Բաժիններ՝

«Առաջարկել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանել». Տաթևիկ Ռևազյան

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է 20 մլն դոլարի ներդրում կատարել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Այս մասին այսօր Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Հայաստան մուտքի առիթով հրավիրված ասուլիսին հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն՝ հավելելով, որ ներդրումներն արդեն սկսվել են:

«Ապրիլին, երբ Ryanair-ը սկսի չվերթերը, մեզ մոտ արդեն պատրաստ կլինի ժամանման նոր սրահը: Եվ մենք հնարավորություն կունենանք ավելի շատ չվերթեր ընդունել»,- վստահեցրեց Վենդեն՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարությունը շահագրգիռ է «Շիրակ» օդանավակայանի զարգացման հարցում:

Ինչ վերաբերում է Ryanair-ի՝ Հայաստանին հետ կապված ծրագրերին, ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը հայտնեց, որ առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Մեմինգենի հետ կկապվի մարտի վերջից:

«Մեր ընկերությունն ամենամեծն է Եվրոպայում, ունենք ամենամեծ ցանցը: Եվ ոչ միայն մեգահանգույցներում և մայրաքաղաքներում ենք չվերթեր իրականացնում, այլ միավորում ենք շրջանները: Մեզ համար, կոմերցիոն շահից բացի, կարևոր է նաև ինտեգրումը: Ունենք 86 բազավորման կետեր: Այն հնարավորություն է տալիս Հայաստանը կապել այդ կենտրոնների քաղաքների հետ: Վերջերս բացել ենք բազավորման կետեր Մարսելում, Թուլուզում և Բորդոյում, որտեղ շատ հայեր են բնակվում: Հաջորդ տարի նոր ուղղություններից են լինելու Վրաստանը, Լիբանանը: Սպասարկում ենք 152 միլիոն հաճախորդի, հաջորդ տարիներին ցանկանում ենք այդ թիվը հասցնել 200 միլիոնի:

Ryanair ընկերությունների խումբը բաղկացած է չորս ավիաընկերությունից՝ 500 ինքնաթիռով: Չվերթերն իրականացնում ենք 234 օդանավայականների միջոցով այնպիսի ցածր գներով, որոնց հետ ոչ ոք չի կարող մրցակցել»,- նշեց Դեյվիդ Օ՛Բրայանը:

Անդրադառնալով ավիաընկերության տոմսերի արժեքին՝ Դեյվիդ Օ՛Բրայանը տեղեկացրեց, որ ամենացածր արժեքը 4.99 եվրո է, իսկ միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո: Տոմսերը կսկսեն վաճառվել այսօրվանից:

Երևանից յուրաքանչյուր ուղղությամբ շաբաթական երկու անգամ չվերթեր կիրականացվեն, սակայն հետագայում դրանք կավելանան: Ընկերությունը խոստանում է, որ չի բավարարվելու շաբաթական վեց չվերթով:

168.am-ի հարցին՝ որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս եք 20 դոլարով տոմսեր վաճառելու ՀՀ-ում, նպատակահարմար համարեց պատասխանել հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ասելով.

«Ես շուտվանից ասել եմ, որ առաջարկել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանենք: Դա ընթացքի մեջ է»:

Մեր հաջորդ հարցին՝ հայտնի է, որ  այլ երկրներում ընկերության մուտքի համար պետբյուջեից գումար է հատկացվում, արդյոք ՀՀ բյուջեի  միջոցներից Ryanair-ին գումար հատկացվելո՞ւ է՝ Տաթևիկ Ռևազյանն արձագանքեց.

«Օդանավակայանի, պետության և Ryanair-ի համագործակցության արդյունքում մի շատ լավ առաջարկ է արվել, որ կարողանա ընկերությունն առավել արդյունավետ աշխատի: Այսինքն՝ սուբսիդավորում չկա, լավ պայմաններ են առաջարկվել: Մենք չենք տվել այնպիսի արտոնություններ, որոնք պատրաստ չենք այլ ընկերություններին տրամադրել: Այսինքն՝ նոր ուղղությունների զարգացման համար լավ պայմաններ բոլորին ենք տրամադրում»:

Իսկ հարցին՝ արդյոք Ryanair-ը ռուսական ուղղություններով թռիչքներ հետագայում ունենալո՞ւ է, որն իրականացնում է ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը, արդեն Ryanair ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը պատասխանեց՝ ոչ:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս