«Վարչապետ Փաշինյանն արցախյան հարցի կարգավորումը տանում է փակուղի». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ով ողջունել է  ժողովրդական ընդվզումը և ոչ թե, ինչպես ընդունված է ասել, հեղափոխությունը, 1.5 տարվա ընթացքում  տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ իր մեկնաբանությունն ունի։

Չալաբյանի փոխանցմամբ՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում էր ուզուրպացնել իշխանությունն իր երրորդ առաջադրմամբ, ինչը ժողովուրդն արդարացիորեն չընդունեց,  սակայն դրանից հետո տեղի ունեցած զարգացումներն արդեն ենթակա են քննադատության։

Այս մասին այսօր «168.TV»«Ռեվյու» հաղորդման եթերում ասաց Չալաբյանը՝ նշելով, որ, թեև չի բացառում, որ իշխանությանը քննադատելու համար արժանանան բացասական գնահատականի, սակայն պնդում են՝ «Փաշինյանն այլևս չի ներկայացնում հասարակության ճնշող մեծամասնության կարծիքը»։

«Ազգային օրակարգի» համահիմնադրի փոխանցմամբ՝ եթե հիմա լինեն ընտրություններ, Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի հավաքել այնքան ձայն, ինչքան ստացավ 2018 թվականի արտահերթ ընտությունների ժամանակ:  Չալաբյանը չի բացառում նաև, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը»  տրոհվի։

«Դա հավանական եմ համարում շատ պարզ պատճառով. հիշե՛ք, «Իմ քայլը» դաշինքը  կուռ մարմին և կազմակերպություն չէ, այնտեղ կան տարբեր բլոկներ։ Ես չեմ բացառում իրավիճակ, որ «Իմ քայլը» դաշինքը տրոհվի, և որոշ հատվածներ անցնեն այլ քաղաքական առաջնորդների կողմը»,- ասաց նա՝ նշելով, որ նման բաները տեղի են ունենում արտաքին ուժեղ ազդակների պայմաններում։

Ավետիք Չալաբյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ճիշտ օգտագործել իրեն տրված հանրային վստահությունն ու լեգիտիմությունը։

«Դրա հիմնական պատճառներից մեկն իր  ձևավորած միանձնյա իշխանությունն է. եթե նա գնար ազգային համաձայնության ճանապարհով, իր ունեցած ռեսուրսն ավելի լավ կօգտագործեր»,- ասաց Չալաբյանը։

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին աշխարհից հնչող արձագանքներին՝ նա ընդգծեց, որ, թեև Նիկոլ Փաշինյանը շարունակ կրկնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են և աննախադեպ, սակայն իրականում իրավիճակը բոլորովին այլ է։

«Դրանք ո՛չ փայլուն են, ո՛չ էլ աննախադեպ։ Ավելին՝ աննախադեպ վատ են։ Հիշեք՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Բաքվում, և մեր նախարարն անգամ չմեկնեց, թեև դա կարող էր ընդհանրապես տեղի չունենալ. դա մեզ ուղղված մեսիջ է։ Կամ ի՞նչ է նշանակում՝ «Վալդայի» համաժողովում ելույթ է ունենում Ադրբեջանի նախագահը, իսկ Հայաստանից մարդ անգամ հրավիրված չէ. սա ևս հաղորդագրություն է՝ ուղերձ։ Հիմա հարց՝ արդյո՞ք դրանք փայլուն հարաբերությունների մասին են վկայում»,- ամփոփելով միտքը՝ հարց հնչեցրեց Չալաբյանը։

Ինչ վերաբերում է գերտերություններից ԱՄՆ-ին, ապա, ըստ Չալաբյանի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին չի կարելի եզրակացություններ անել՝ հիմքում դնելով Լոս Անջելեսում 10 հազարանոց հանրահավաքը։

«1.5 տարի է անցել, բայց Միացյալ Նահանգներից որևէ  ղեկավարի հետ Փաշինյանը չի հանդիպել. դա փաստ է. Օրինակ, նա չի հանդիպել Թրամփի կամ արտգործքարտուղար Պոմպեոյի կամ, ասենք, ինչ-որ մի սենատորի հետ»,- ասաց Չալաբյանը։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև 2020 թվականի բյուջեի նախագծի, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցներին։

«Փաշինյանը կրկնում է նախորդ իշխանության դասական սխալը, երբ ասում էին՝ բյուջեով ցույց չենք տալիս և մի երկրորդ հաշվապահություն ունենք։ Ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ մարդը բյուջեից փող է թալանել, դա կարող է միայն լինել դատական կարգով, իսկ դատարաններում գործերի քննությունը տարիներ է տևում: Պատկերացրեք, որ էդ մարդիկ հրաժարվում են փող վճարել, կամ փախնում են՝ ինչպես Միհրան Պողոսյանը, կամ մեկուսարանում ասում են՝ էլ փող չենք տալիս, ինչ է, մենք սպառազինություններ չենք առնելու»,- մտահոգություն հայտնեց Չալաբյանը։

Խոսելով արցախյան խնդրի կարգավորման մասին՝  Ավետիք Չալաբյանը նախ՝ հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «հարցի լուծումն ընդունելի պետք է լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար»  ձևակերպումը, ապա հարց ուղղեց ՀՀ վարչապետին.

«Պարո՛ն Փաշինյան, Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում. այդ բանաձևն արցախյան կարգավորումը տանում է փակուղի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս