Դավիթ Տոնոյանը՝ Արցախի հարցի լուծման վարչապետի տարբերակի մասին

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախի հարցին՝ կրկին վերհաստատեց իր հայտարարությունը, թե Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների՝ արցախցիների, հայաստանցիների և ադրբեջանցիների համար.

«Բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում: Սա իմ հարցը չէ, սա խմբի հարց չէ, սա համազգային հարց է: Բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ. ես ասել եմ, որ այս հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Իմ խնդիրն է՝ բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Եվ երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, այն կներկայացնեմ, կլինի համազգային քննարկում, և որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

168.am-ը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը, և առհասարակ նման տարբերակ տեսանելի՞ է:

«Ես լիովին վարչապետի հետ համաձայն եմ, բայց պատկերացրեք, եթե այլ տարբերակ լինի, և որևէ ժողովրդի դա չլինի ընդունելի, դա ինչ է նշանակելու, նույն լարվածության շարունակությունն է, ռազմական գործողության վերսկսումը: Այլ տարբերակ չկա»,- նշեց Դավիթ Տոնոյանը:

Նախարարի կարծիքով՝ վարչապետի նշած տարբերակը կա՝ պատերազմի վերսկսման անհնարինությունը:

Ինչ վերաբերում է բանակցություններին, Դավիթ Տոնյանն ասաց, որ չի կիսում այն կարծիքները, թե բանակցություններ չկան: Շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում:

«Մեր դիվանագիտական ծառայությունը և Արտաքին գործերի նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ՀՀ արտգործնախարարի՝ BBC-ին տված հարցազրույցին, Դավիթ Տոնոյանը նկատեց՝ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը միտված է եղել արտաքին աշխարհին, այլ ոչ թե ներքին: Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը շարունակում է գործել:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ եղել է կարճատև լարվածություն, որն այս պահին չկա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս