«Ղարաբաղի հարցում դավադրությունները բացառվում են. այս հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքոմ անդրադարձավ Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումների և շահարկումների մասին, որոնք տեղի են ունենում վերջին 1.5 տարվա ընթացքում: Նրա ներկայացրած դիտարկումները՝ ստորև.
«Առաջին դիտարկումն այն է, որ լուրեր են շրջանառվում, թե ՀՀ կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը մտադիր են Ղարաբաղը հանձնել: Հետո շրջանառվության դրվեց այն թեզը, թե ես ներքաշված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ և, ըստ ամենայնի, պայմանավորված պատերզամով Ղարաբաղը հանձնվելու է:
Դա տեղի ունեցավ 2018 թվականին` խորհրդարանական ընտրությունների համատեքստում և ես այդ ժամանակ Սյունիքի մարզում էի, մի քանի սուր ելույթներ ունեցա, ապա ԱԱԾ-ին հանձնարարեցի, որ հրավիրի և հարցաքննի մարդկանց, թե ի՞նչ տեղեկությունների հիման վրա են նման լուրեր հաղորդում:
Հիմա, ամբողջ խնդիրն այն է, որ շրջանառության մեջ է դրվում երրորդ թեզը: Ասում են, թե կառավարությունը կամ վարչապետը չի համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, դա նշանակում է, որ բանակցությունները մտել են փակուղի և սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով: Բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում այս թեմայով և այլն:
Այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, միշտ էլ վտանգներ է պարունակում, սակայն դրանք ավելին չեն, քան եղել են 3, 4 կամ 5 տարի առաջ: Եթե մոնիթորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, կտեսնենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում, լարվածության կտրուկ և էական անկում ունենք և դա տեղի է ունցել Դուշամբեի հայտնի քննարկումների համատեքստում, ինչը չի նշանակում, թե լարվածություն չկա: Ցավոք սրտի, մենք ունենք զոհեր»,- ասաց Փաշինյանը:
«Բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում: Սա իմ հարցը չէ, սա խմբի հարց չէ, սա համազգային հարց է: Բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ. ես ասել եմ, որ այս հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Իմ խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Եվ երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, այն կներկայացնեմ, կլինի համազգային քննարկում և որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Գրիգորի Հայրապետովին:
«Վերջերս սեփական դիմումի համաձայն, բայց իմ որոշմամբ աշխատանքից ազատվեց Պետական ծառայության պահպանության պետ Գրիգորի Հայրապետովը: Շրջանառվեց հետեւյալ թեզը. քանի որ Դուշանբեում Ալիեւն ու Փաշինյանը վերելակում են գտնվել, դավադիր պայմանավորվածություններ են եղել, եւ քանի որ Հայրապետովն է ներկա եղել եւ լսել դավադրության մասին, այդ պատճառով նրան ազատեցին»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ. «Սա շատ լրջորեն են դնում շրջանառության մեջ: Հիմա քննենք այս թեզը: Պատկերացրեք, որ կա դավադրություն: Եթե այդպես է, ուրեմն ես այնքան ապաշնորհ եւ դավադիր եմ, այնքան անխելք դավադիր, որ Ալիեւի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում, եւ դա անում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տասը տարվա թիկնապահի ներկայությա՞մբ… մարդ, որի հետ ես անձամբ շփվել եմ չորս ամիս: Դրանից առաջ նա տասը տարի եղել է Քոչարյանի գլխավոր թիկնապահը եւ եւս տասը տարի՝ Սերժ Սարգսյանի»: