Բացահայտվել է բուքմեյքերական ընկերությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դեպք. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է բուքմեյքերական ընկերությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դեպք:
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները պահպանելու սկզբունքին և որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի հակազդման և հանցավորության դեմ պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը, 2019 թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը և մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ կանխորոշել են 06.09.2019 թ.-ին կայացած «Տորպեդո Երևան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբների խաղի արդյունքը ձեռնտու հաշվով և ապահովել «Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբի հաղթանակը, իսկ մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետևանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա հանցագործություն կատարած հիշյալ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պարզված հանգամանքները փոխանցվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և ՈՒԵՖԱ՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու, նույնանման երևույթները ապագայում բացառելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է»։