«Պաշտպանության նախարարության համակարգում պարզ է՝ ինչ է կատարվել, ինչպես է կատարվել». Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստ է գնալ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով և պատասխանել հարցերին, որևէ խնդիր չի տեսնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է գնալ հանձնաժողով և այնտեղ պատասխանել բոլոր հարցերին:

«Դեռևս ինձ հանձնաժողով չեն կանչել: Ես չէի ցանկանա հիմա գնահատականներ տալ հանձնաժողովի աշխատանքին, ասելով՝ սպասելի կամ անսպասելի բացահայտումներ կլինեն կամ չեն լինի: Բայց Պաշտպանության նախարարության համակարգում պարզ է՝ ինչ է կատարվել, ինչպես է կատարվել: Ընդհանրապես շատ կցանկանայի, որ մի նման հանձնաժողով էլ այն կողմում՝ Ադրբեջանում ստեղծվեր»,- նշեց Դ. Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ այն ասեկոսեները, բանսարկությունները և հարցերը, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ՝ կապված ապրիլյան պատերազմի հետ՝ կփարատվեն, երբ հանձնաժողովն ամփոփի աշխատանքները:

«Չեմ կարող ասել, թե հանձնաժողովն ինչեր վեր կհանի, բայց այն, ինչ կատարվում է`ակնկալում եմ դրական արդյունք, որը կպատասխանի բոլոր հարցերին: Ինձ համար պարզ է, որ հակառակորդի կողմից ապրիլին եղել է դավադիր գործողություն: Իսկ հայկական կողմից եղել են թերացումներ, որոնք վերլուծվել են, և մենք դրա վերաբերյալ քաջատեղյակ ենք»,- ասաց նախարարը և չմանրամասնեց, թե հայկական կողմն ինչ թերացումներ է ունեցել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս