Ֆելիքս Ցոլակյանը՝ վարչապետին դիմելու խնդրանքի մասին
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ ինքն անձամբ է խնդրել ՀՀ վարչապետին, որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կատարի ԱԻՆ-ում:
«Աշխատանքից մարդկանց ենք ազատել կամ մարդու, որը բողոքել է, թե իբրև ԱԻՆ-ում տարբեր ուղղություններով խախտումներ կան, այդ պատճառով էլ խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրություններ կատարի: Խոսքը Փրկարար ծառայության տնօրենի մասին է»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարարը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ԱԻՆ-ում դժգոհությունների պատճառ է դարձել, որ ինքն իր յուրայիներին է աշխատանքի ընդունում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ արդեն ասել է, որ այդ կառույցում բարեկամ աշխատող չունի և որևէ մեկին աշխատանքի չի ընդունել: Փոխարենը՝ աշխատանքի է ընդունել ծանոթների, որոնց ճանաչել է, և որոնք ԱԻՆ-ում լուրջ փոփոխություններ են կատարել:
«Ասում էին, որ փոխնախարարը քրոջս տղան է, բայց հետո պարզեցին, որ քրոջս տղան չէ: Աշխատանքից ազատվել է ինը հոգի, որոնք ստորագրել են այն փաստաթղթի տակ, 6500 հոգանոց կոլեկտիվում այդքան են ստորագրել, որ իբրև կան խախտումներ: Կարծում եմ՝ նրանց մոտ ինքնապաշտպանական բնազդն է խոսել, քանի որ այդ ստորագրողները գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, և նրանք կամ պետք է դուրս գային, կամ նրանց հետ մի բան պետք է լիներ, և նրանք նախապես նման բան են արել»,- շեշտեց Ֆ. Ցոլակյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այդ մարդիկ արդյունավետ չեն աշխատել, աշխատանքի մեջ թերացել է նաև Փրկարար ծառայության պետը:
«Ամառային հրդեհների ժամանակ փրկարար ծառայության ղեկավարը տեղում չի եղել, սա է հիմնական պատճառներից մեկը, նա արձակուրդում է եղել»,- շեշտեց նախարարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել էր Արտակ Նահապետյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան