Ե՞րբ Երուսաղեմը պատրաստ կլինի ճանաչել Ցեղասպանությունը, և ի՞նչ խոչընդոտներ կան այդ հարցում. մեկնաբանում է Քնեսեթի նախկին պատգամավորը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի պատմական քվեարկությունը նոր թափ է հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին խոսակցություններին:
Այս օրերին հատկապես ակտիվ քննարկվում է Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավորությունը: Հաշվի առնելով ամերիկաիսրայելական հարաբերությունների ներկայիս բնույթը, մի շարք միջազգայնագետներ չեն բացառում, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին կարող է հետևել նաև Երուսաղեմը:
Իսրայելական անգլալեզու «The Times of Israel» առցանց թերթը, անդրադառնալով հոկտեմբերի 29-ի քվեարկությանը, գրել էր, որ հոկտեմբերի 29-ը, երբ Թուրքիան նշում է Հանրապետության օրը, այսուհետ կմնա պատմության մեջ նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիայի դեմ երկու նախագծերի ընդունմամբ. մյուսն այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օրինագիծն էր: Իսրայելական լրատվամիջոցի պատրաստած հոդվածում նշված էր, որ այս ամենը տեղի էր ունենում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատված ներխուժումից և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ վերցրած քրդերի վրա հարձակումից երեք շաբաթ անց:
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունն ուղղված էր պատմական արդարությանն ու ճշմարտությանը: Թուրքիային չպետք է թույլ տալ՝ ահաբեկել աշխարհը՝ կորզելով ցեղասպանության ժխտում»,- նշել է «Կապույտ և սպիտակ» կուսակցական դաշինքի առաջնորդներից Յաիր Լապիդը, ով իր «Yesh Atid» կուսակցությամբ բազմիցս բարձրացրել է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նա այս տարվա ապրիլին խոսել էր Իսրայելի «բարոյական և պատմական պատասխանատվության» մասին՝ նշելով, որ ժամանակն է իր երկրի կառավարության համար ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դադարեցնելու Թուրքիայի ճնշումներին դիմակայելու քաղաքականությունը: Քնեսեթի պատգամավոր Գիդեոն Սաարը ևս կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի սկզբունքային և բարոյական դիրքորոշումը՝ 100 տարի առաջ հայերի սպանությունը ցեղասպանություն ճանաչելով: Իսրայելը ևս պետք է հստակ հայտարարի այդ սարսափելի վայրագության ճանաչման մասին»,- գրել էր նա Twitter-ում:
168.am-ի հետ զրույցում Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան–Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը նախ անդրադարձավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևին՝ նշելով, որ այդ բանաձևի վերաբերյալ երկակի զգացումներ է ունեցել: «Մի կողմից՝ ուրախ եմ, որ նման բանաձև է ընդունվել, և ես ընդհանուր առմամբ 1999 թվականից, երբ Քնեսեթի պատգամավոր դարձա, ստեղծեցի Իսրայել-Հայաստան միջկուսակցական, միջխորհրդարանական բարեկամության խումբ, որի աշխատանքի օրակարգի առաջնահերթ հարցերից մեկն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն էր: Ուստի ինձ համար ուրախալի էր տեսնել, որ ինչ-որ երկրներում ընդունվում են ճանաչման բանաձևեր, որոշումներ, ավելին, ես հաճախ եմ ասել, որ, եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, շատ հնարավոր է, որ մոտակա ժամանակահատվածում նաև Իսրայելը, որը բավական հաճախ համաձայնեցնում է իր դիրքորոշումը Սպիտակ տան հետ, կարող է նման որոշում կայացնել: Բայց առաջին հերթին՝ հստակեցնենք, որ սխալ է, երբ գրում են, որ ԱՄՆ-ը ընդունեց Ցեղասպանությունը:
Ցավոք սրտի, սա դեռ Ստորին պալատում ընդունված բանաձև է, ուստի, որպեսզի այն դառնա օրենք, և նախագահը ստորագրի, դեռ երկար ժամանակ գուցե հարկավոր լինի: Ինչո՞ւ հենց ներկայումս ընդունեցին այդ բանաձևը, թեև այդ մասին շատ է խոսվել, ի պատասխան Թուրքիայի ռազմական օպերացիային Սիրիայի հյուսիսում: Վատ է, երբ պատմական իրադարձությունները մեկնաբանում են՝ կախված քաղաքական իրավիճակից: Կա փաստ, կա Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերություններ են կառուցվում տարբեր երկրների հետ, պետք է ճանաչել այդ փաստը, և, ցավոք սրտի, ստիպված ես մտածել, թե ավել ինչ պետք է անի Թուրքիան, որպեսզի այլ երկրները երես թեքեն Թուրքիայից և ընդունեն նման որոշում»,- ասաց Ալեքսանդր Ցինկերը:
Ինչի վերաբերում է Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչմանը, ապա, նրա խոսքով՝ Իսրայելի ներքաղաքական կյանքում բարդ իրավիճակ է: Նա հիշեցրեց, որ այս տարի արդեն երկու անգամ արտահերթ ընտրություններ են անցկացվել՝ ապրիլ և սեպտեմբեր ամիսներին, որոնց արդյունքում ոչ մի կերպ չի հաջողվել ձևավորել կոալիցիա, այսինքն՝ Քնեսեթը գրեթե չի գործում: «Հիմա ընթանում են բանակցություններ, մոտ ենք այն բանին, որ ներկայումս ևս կոալիցիա չձևավորվի, որի դեպքում հաջորդ տարեսկզբին տեղի կունենան թվով երրորդ ընտրությունները: Ուստի այսօր, որպես այդպիսին, Քնեսեթը չի աշխատում: Այո, ես կարդացել եմ, կան որոշ խորհրդարանականներ, որոնք, ինչպես նախկինում, այսօր էլ հանդես են գալիս Ցեղասպանության ճանաչման օգտին: Ուրախությամբ կարող եմ նշել, որ նման պատգամավորների թիվն աճում է: Կարծում եմ, որ նրանք հաշվի են առնում իրենց ընտրազանգվածի կարծիքը. Իսրայելում անցկացվող բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ հասարակության ավելի քան 60 տոկոսը կողմ է Ցեղասպանության ճանաչմանն Իսրայելի կողմից:
Մենք հույս ունենք, որ կլինի ազգային միասնության Կառավարություն, այսինքն՝ երկու խոշոր խմբակցությունները կմիավորվեն և կունենան կայուն մեծամասնություն խորհրդարանում, նրանք կախված չեն լինի տարբեր ոչ մեծ կուսակցությունների կարծիքներից, ձայներից: Այդ դեպքում շատ հնարավոր է, որ այս հարցը կրկին բարձրացվի Քնեսեթում, քանի որ այս հարցի վերջին շրջանառությունը Քնեսեթում անցավ հետևյալ փուլերը՝ հարցը քննարկվեց, փոխանցվեց հանձնաժողովին, հանձնաժողովը դիտարկեց, որոշում կայացրեց, որ իմաստ ունի մտցնել օրակարգ քննարկման օրենքի հաստատման համար, այսինքն՝ առաջին քայլն արվել էր, իսկ հետո գործընթացը կանգնեց կրկին Թուրքիա-Իսրայել անհասկանալի փոխհարաբերությունների պատճառով:
Ներկայումս մեր հարաբերությունները գտնվում են բավականին ցածր մակարդակի վրա, և քանի դեռ Էրդողանն իշխանության է, հավանական չէ, որ կլավանան: Բայց ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իսրայելում ևս կա թուրքական լոբբի, գործարարներ, որոնք անկախ քաղաքական հարաբերություններից՝ իրենց շահերն են փորձում առաջ մղել: Բայց պետք է այդ ամենին ըմբռնումով մոտենալ»,- ասաց Ալեքսանդր Ցինկերը՝ հույս հայտնելով, որ Քնեսեթի աշխատանքների վերականգնման դեպքում Ցեղասպանության ճանաչման հարցը կմտնի օրակարգ: Նրա խոսքով՝ հնարավոր և հարկավոր է Իսրայելում ևս այս հարցը ոչ այնքան՝ մեռյալ կետից, որքան՝ ցածր մակարդակից զարգացնել: «Խոսքը թե մեր երկրների միջև հարաբերություններին է վերաբերում, որը, հույս ունենք, որ Իսրայելում ՀՀ դեսպանատան աշխատանքի մեկնարկի դեպքում կակտիվանա, թե Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներին է վերաբերում: Հուսով եմ, որ բոլորս միասին կհաջողենք, որպեսզի ընդունվի նման արդարացի պատմական որոշում»,- ասաց Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: