«ԱԺ-ի օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի հարց չկա». Վլադիմիր Վարդանյան

«Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ մենք պարզապես քննարկել ենք զուտ աշխատանքային հարցեր, որոնք կապված են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության, կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության արգելման վերաբերյալ կոնվենցիայի հետ կապված որոշ հարցերի մասին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով եվրոպացի գործընկերների հետ Ստամբուլյան կոնվենցիային նվիրված փակ քննարկմանը:

Նա նաև ընդգծեց, որ ԱԺ-ի օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի հարց չկա, պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ, և ըստ նրա՝ պետք է անցնի որոշակի գործընթաց:

«Պետք է հստակ մի բան հասկանանք՝ Հայաստանը ԵԽ անդամ է, պետք է ընթանանք այդ ճանապարհով, խոսքը չի գնում որևէ գործընթացի մասին, խոսքը գնում է պարզապես քննարկումների մասին: Ես զարմանում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս աստիճանի արձագանք ստացավ, շատ այլ կոնվենցիաներ կան, որոնք վավերացվել են մեր երկրի կողմից, որոնք ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ»,- հավելեց նա

Նա նաև նշեց՝ հարցի վերաբերյալ գաղտնի դիվանագիտություն չեն վարում:

Նշենք, որ ԵԽ ներկայցուցիչները չցանկացած մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի փակ նիստում տեղի ունեցավ Ստամբուլյան կոնվենցիային նվիրված քննարկում, որին մասնակցում էին Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրևիոյի նախագահ Մարսելին Նաուդին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս