«ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գործառույթների վերահսկողական մեխանիզմներ չկան». Սաքունց

«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույց է պատրաստվել, որի հեղինակներն են  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակից Արմինե Սադիկյանը տեղեկացրեց, որ զեկույցը կազմվել և ծրագիրն իրականացվել է  «Արևեյան գործընկերություն» ծրագրի քաղաքացիական հասարակության ֆորումի վերադրամաշնորհային ծրագրի միջոցով:  Ըստ նրա՝ այս ծրագրի առանձնահատկությունը նրանում է, որ ծրագրերը պետք է իրականացվեն ԱլԳ մի քանի երկրների կազմակերպությունների մասնակցությամբ: Այս ծրագրի դեպքում, ըստ նրա, Ուկրաինայից և Մոլդովայից մեկակական կազմակերպություն է մասնակցել՝ «Պրոմո-լեքս» ասոցիացիան և Արևելյան եվրոպական անվտանգության հետազոտական նախաձեռնությունների հիմնադրամը:

Բանախոսի փոխանցմամբ՝ զեկույցը ներկայացված է երկու լեզվով՝ հայերեն՝ միայն Հայաստանի մասով, և անգլերեն՝ երեք երկրների մասով: Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստացել ԵՄ-ի և  NED-ի կողմից:

«Ծրագրի ամբողջ նպատակն այն էր, որպեսզի ուսումնասիրենք երեք երկրներում ռուսական ռազմական բազաների իրավական փաստաթղթերի առկայությունը, իրավական կարգավորումների արդյունավետությունը, ինչպես նաև մարդու իրավունքների վիճակը, դրա ազդեցությունը ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների վիճակի վրա:

Մարտահրավերներից առաջինը մեզ համար այն էր, որը փոքր-ինչ դժվարացնում էր ծրագիրն իրականացնել, անհրաժեշտ իրավական կարգավորումների բացակայությունն էր: Մենք փորձեցինք դիմել ԱԳՆ-ին՝ ձեռք բերելու համար պայմանագրերը, համաձայնագրերը, դրանց կից արձանագրությունները: Մեզ հայտնեցին, որ գոյություն ունի 10 նմանատիպ փաստաթուղթ, այլ աղբյուրներից կարողացանք ձեռք բերել ևս 9 փաստաթուղթ, այսինքն՝ պաշտոնական տվյալները փոքր-ինչ տարբերվում են գոյություն ունեցող իրավիճակից»,- ասաց Սադիկյանը:

Նա նաև մի փոքր վիճակագրություն ներկայացրեց. տարիներ շարունակ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ 19 միջադեպ է հայտնի դարձել, մահացել է ՀՀ 3 ոստիկան, 16 քաղաքացիական անձ, որոնցից չորսը՝ երեխաներ, վիրավորվել է 8 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, սպանությունների, վիրավորումների, վնասվածքների, ծեծկռտուքների, ալկոհոլի չարաշահման, վիճաբանությունների և նմանատիպ դեպքերի հետևանքով:

Արթուր Սաքունցը ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները՝ ասաց, որ իրեն շատ պարզ մի հարց էր հետաքրքրում՝ արդյոք կա՞ որևէ ուղղակի կապ ՌԴ բազայի գործունեության միջպետական կարգավորումների և այդ բազաների ծառայության իրականացման հետևանքով մարդու իրավունքների խախտումների միջև:

Նա տեղեկացրեց, որ իրավիճակը երեք երկրներում տարբերություններ ունի, բազայի ներկայության հետևանքները տարբեր կերպ են դրսևորվում:

«Երբ մենք ներգրավված էինք Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործով դատաքննությանը, բնականաբար, ուշադրություն դարձրինք հայ-ռուսական պայմանագրերի կարգավորումներին՝ արդյոք կա՞ ՀՀ իշխանության կողմից պատշաճ վերահսկողություն ռուսական բազայի գործունեության նկատմամբ»,- ասաց Սաքունցը՝ շարունակելով, որ, երբ քրեական գործի ընթացքում, ինչպես և հետագայում այս ծրագրի ընթացքում լրացուցիչ հարցադրումների միջոցով փորձել են պարզել, թե կա՞ն արդյոք այդ մեխանիզմները, զարմանալիորեն բացահայտել են, որ չկան:

Սաքունցն ասաց, որ նույնիսկ ՀՀ պետական բյուջեից ռուսական բազայի կենսագործունեության համար տրամադրվող ֆինանսական միջոցները համարվում են գաղտնիք:

Նա զարմանքով նշեց, որ ՀՀ պաշտպանության բյուջեն բաց է, բայց թե ինչքան գումար է ՀՀ-ն հատկացնում ռուսական բազային՝ պետական գաղտնիք է, ինչը, ըստ նրա՝ կոնցեպտուալ առումով անհասկանալի է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարն ասաց, որ այս ծրագրի շուրջ աշխատանքի ընթացքում արձանագրել են, որ պայմանագրերի առանձին կետերով կան դրույթներ, որով նախատեսվում էր առանձին, խնդրահարույց հարցերի վերաբերյալ խառը հանձնաժողովների ձևավորում և խնդիրների կարգավորում, քննարկում այդ հանձնաժողովների կողմից:

«Ի զարմանս մեզ, երբեք նման հանձնաժողովներ չեն ստեղծվել խնդիրների լուծման նպատակով»,- ասաց Սաքունցը:

Նա մեկ այլ ուշագրավ հանգամանք նշեց: Նրա խոսքով՝ 1992 թվականից Հայաստան-Թուրքիա, ՀՀ-Իրան սահմանապահ ծառայության գործառույթի իրականացումը ՌԴ սահմանապահ ուժերի կողմից, այդ պայմանագրով նախատեսված էր, որ պետք է աստիճանաբար անցնի ՀՀ սահմանապահ ուժերին:

«Հարց է ուղղվել, թե ինչ քայլ է կատարվել այս ուղղությամբ: Մեր ԱԱԾ-ն պատասխանեց, որ ոչ մի քայլ չի կատարվել: Հայտնի չեն դրա իրականացման մեխանիզմները նույնիսկ»,- ասաց նա:

Սաքունցը վստահեցնում է, ուսումնասիրության հիմնական եզրակացությունն այն է, որ հայ-ռուսական 19 պայմանագրերից որևէ կետով ՀՀ իշխանության կողմից ռուսական բազայի գործունեության վերահսկողական մեխանիզմ չի արձանագրվել:

«Չգիտեմ՝ կա՞ն արդյոք պայմանավորվածություններ, բայց ՀՀ քաղաքացիների համար ընկալելի չեն այդ մեխանիզմները: Բյուջեի մասը ևս անհասկանալի է, այնինչ դա շատ կարևոր է, դա արդյունավետությանն է վերաբերում, նպատակայնությանը, հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքն է հատկացումների հիմնավորվածությունը: Հասկանալի չէ մեզ համար այդ բազաների գործունեության համար տրամադրված տարածքների հատկացման անվճար կամ վճարովի լինելու մասը»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նա մեկ այլ փաստ ներկայացրեց: «Սահմանապահ տարածքով  մոտ 40-45 խոշոր եղջերավոր անասուններ էին անցկացվել դեպի Թուրքիա, որն արձանագրված է ռուսական ուսումնասիրություններում, հարուցված քրեական գործ կա: Սակայն քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ կատարողներին չհայտնաբերելու հիմնավորմամբ: Երբ ԱԱԾ-ից պահանջեցինք այդ նյութերը, նույն նյութերը ռուսական կողմը տվել էր հայկական կողմին»,- ասաց Սաքունցը:

Նա նշեց, որ ոչ պատշաճ  վերահսկողության և մոնիտորինգի ինստիտուտների բացակայությունն անվերահսկելի են դարձնում որոշակի գործառույթներ:

«Ռազմական բազայի ներկայությունը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ: Բայց դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափորոշիչներին, այդ գործառույթները պետք է վերահսկելի լինեն, համապատասխանեն մարդու իրավունքների չափանիշերին, որի համար էական է կանխարգելող, փոխհատուցող մեխանիզմների առկայությունը»,- ասաց Սաքունցը՝ տեղեկացնելով, որ այս ուսումնասիրությունը ներկայացնելու է ՀՀ իշխանություններին:

Սաքունցի խոսքով՝ այս զեկույցի ներկայացումից հետո, հնարավոր է՝ լինեն մանիպուլյացիաներ, սակայն, նրա համոզմամբ, իրենք բարձրացնում են կոնկրետ հարցեր, խնդիրներ, որոնք պետք է դիտարկվեն ՀՀ իշխանության կողմից:

«Մեր խնդիրը ռիսկերի նվազեցումն է, պետք է քաղաքական մանիպուլյացիաներից զերծ մնանք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս