«Մեր անձնական հարաբերությունները բավականին ջերմ էին, բայց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ես համարում եմ սխալ, անգամ՝ աղետալի». Աղասի Ենոքյան

«168 TV»ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը

– Պարոն Ենոքյան, Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած կենտրոնում հոկտեմբերի 27-ի վերաբերյալ կազմակերպված քննարկմանն արգելվել է մի շարք լրատվամիջոցների մուտքը: Դուք ինչպե՞ս եք դա գնահատում, արդյո՞ք սա որևէ աղերս ունի ազատ խոսքի և ժողովրդավարության հետ:

– Աղերս ունի այնքանով, որ սրանով հերքվում է խոսքի ազատությունը: Ստյոպա Սաֆարյանը, ժամանակին լինելով քաղաքական գործիչ, դրանից հետո՝ վերլուծաբան, հիմա՝ լինելով քարոզիչ, շատ լավ հասկանում է խոսքի ազատության կարևորությունը, հասկանում է նաև խոսքի ազատությունը ճնշելու կարևորությունը: Այսինքն՝ նա կազմակերպել է միջոցառում, որտեղ ցանկանում է՝ հնչի միայն իր կարծիքը, դրա համար այնտեղ այլ լրատվամիջոցներ չպետք է լինեն, որոնք կարող են հարցեր տալ, որոնք չպետք է հնչեն իր գրասենյակում: Դրանով նա այս քննարկում կոչվածը դարձնում է քարոզչական միջոցառում, որովհետև միայն մի կարծիք է հնչելու, և մյուս լրատվամիջոցները, որոնք ներկա են գտնվելու, ակամա դառնալու են քարոզչական գործիքներ:

– Առհասարակ, այսօր Հայաստանում խոսքի ազատության, մամուլի ազատության վիճակն ինչպիսի՞ն է: «Yerevan Today»-ի, ապա՝ «Հայելի» ակումբի դեմ իրականացված գործողություններն արդյոք համարո՞ւմ եք լրատվամիջոցներին լռեցնելու փորձեր:

– Լավ վիճակում չէ, որովհետև իշխանություններն ունեն հնարավորություն՝ ցանկացած պահի ազդելու խոսքի ազատության վրա: Դուք նշեցիք «Yerevan Today»-ի համակարգիչները տանելու փաստը՝ այդպես էլ չբացատրվեց դրա անհրաժեշտությունը, որոշ լրատվամիջոցների ուզում էին հանել իրենց գրասենյակներից, ոստիկաններ էին այցելում լրատվամիջոցներ, հիմա շատ լրատվամիջոցներ դատերի մեջ են, էլ չեմ ասում՝ ինչ է սպասվում այս լրատվամիջոցներին՝ ըստ նոր օրենքների, որոնք պատրաստում է ԱԺ-ն:

Մի խոսքով՝ լրատվամիջոցները դեռևս չունեն իշխանությունների ճնշումներին դիմակայելու անհրաժեշտ ռեսուրսը, օրենսդրական բազան բավականին հեղհեղուկ է, իշխանություններն օրենսդրական բազան մեկնաբանելու, ձեռնածություններ անելու մեծ փորձ ունեն, և, որ ամենակարևորն է՝ իշխանությունները մեծ ցանկություն ունեն զավթելու նաև չորրորդ իշխանությունը:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում նախկին լրագրող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանում:

– Սա շատ կարևոր գործոն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը, լինելով լրագրող, շատ լավ հասկանում է լրատվամիջոցների նշանակությունը, հնարավորությունները և, ի վերջո, նա իր հեղափոխությունը մեծավ մասամբ կատարել է մեդիամանիպուլյացիաների հիման վրա: Եվ նա հասկանում է, որ վերցնելով իշխանությունը՝ ինքը պետք է սահմանափակի այլ լրատվամիջոցների գործունեությունը, որպեսզի ինքը չկորցնի իշխանությունը: Այսինքն՝ ինքը շատ ավելի լավ է հասկանում լրատվամիջոցների դերը, խոսքի արժեքը, քան Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իրենից առաջ եղածները:

– Ինչո՞ւ եք այսօր դարձել Նիկոլ Փաշինյանի քննադատը, նախկինում կարծես թե դուք լավ հարաբերություններ ունեիք:

– Մեր անձնական հարաբերությունները, վերջին անգամ երբ հանդիպել ենք, բավականին ջերմ էին, այսինքն՝ այստեղ անձնական հարաբերությունների խնդիր չկա: Պարզապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ես համարում եմ սխալ, անգամ՝ աղետալի, որովհետև քայքայվում են ժողովրդավարության հիմքերը, քայքայվում է իշխանությունների փոխադարձ բալանսի հիմքը, որը պետությունն է, այսինքն՝ պետությունն է քայքայվում: Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում երկրի պաշտպանունակության հետ, ինչ է կատարվում Արցախում: Այս բոլորը դեպի կործանում տանող ճանապարհ է:

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ արժեհամակարգի փոփոխությո՞ւն եք նկատում:

– Կարծում եմ՝ այո, այն առումով, որ նա հեղափոխությունն արեց մի բանի համար, փորձեց դրան հավատարիմ մնալ, հետո երևի այդ իշխանության ծանրությունը շատ մեծ էր նրա համար, և նա չկարողացավ այդտեղ իր արժեհամակարգով մնալ:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս