Սխալ հարց եք տալիս

Արդեն մի քանի օր է` հայկական տնտեսագիտական միտքը՝ կառավարության արդարացումների ֆոնին, քննարկում է «Doing Business» Համաշխարհային բանկի վարկանիշով Հայաստանի 5 կետով հետընթացը: Ընդ որում, կառավարության տարբեր օղակներից արդարացումնեը, թե ինչո՞ւ է Հայաստանը հետընթաց ապրել,  ցանկացած դեպքում կառավարության օգտին չէ: Որովհետև շատ ավելի սուր հարց մնում է օդում կախված՝ «իսկ ինչո՞ւ Հայաստանը առաջընթաց չի գրանցել»: Բա ո՞ւր մնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած «կախարդական փայտիկը», բա ո՞ւր են ներդրողների հերթերը… Ինչո՞ւ է կառավարությունն այսօր արդարանում հետընթացի համար, երբ ակնկալիքը պետք է լիներ առնվազն՝ առաջընթացը, եթե չասենք՝ մեծ առաջընթացը:

Խնդիրն այն է, որ կառավարության՝ Համաշխարհային բանկի մեթոդաբանության փոփոխության մասին արդարացումների ճիշտ կամ սխալ լինելու շուրջ քննարկումների համատեքստում ստվերվում է մի քանի պարզ իրողություն:

Նախ՝ այն թեզը, թե կոռուպցիան վերանալուն պես բոլորը կգան ու փող կներդնեն Հայաստանում, ի չիք եղավ այս վարկանիշով, անկախ այն բանից, թե ինչ մեթոդաբանություն է փոխել Համաշխարհային բանկը: Որովհետև այս թեզի ռոմանտիկ հետևորդները չգիտեն բիզնեսի մասին մի պարզ իրողություն. կոռուպցիան, իհարկե, ներդրումների ու բիզնեսի համար մեծ խոչընդոտ է, բայց կա բիզնեսի համար է՛լ ավելի մեծ խնդիր: Դա վատ վարչարարությունն ու անկանխատեսելիությունն է: Փոփոխվող խաղի կանոնները, որոշում կայացնելու կամ այն իրագործելու անկարողությունը, վարչարարական տկարությունն այնքան մեծ մասշտաբների են հասել, որ դա շատ ավելի շոշափելի է, քան կոռուպցիայի դեմ պայքարը: Իսկ դրանից վատ բան բիզնեսի համար չկա:

Երկրորդ՝ նրանք, ովքեր արդարացնում են կառավարությանը, թե Համաշխարհային բանկը փոխել է մեթոդաբանությունը՝ կարևորելով բաժնետերերի պաշտպանությունը ֆոնդային բորսաներում, իսկ Հայաստանի ֆոնդային բորսան այդ առումով կաղում է, միտումնավոր կամ «պատահաբար» շեղում են խոսակցությունը կարևոր հանգամանքից: Ֆոնդային բորսան ու բաժնետերերի պաշտպանությունը գործարար միջավայրի գնահատման 10 չափանիշերից միայն մեկն է: Մնացած 9 պարամետրերից և ոչ մեկով Հայաստանը ոչ մի շոշափելի առաջընթաց չի արձանագրել, որպեսզի ստվերեր այդ մեկ՝ ֆոնդային բորսայի հետ կապված խնդիրը:

Ավելին, շատերի աչքից վրիպել է այն հանգամանքը, որ Հայաստանն ամենավատ ցուցանիշներն է արձանագրել 10 պարամետրերից, օրինակ, այս մեկով՝ «Շինարարական թույլտվությունների ստացում»: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Այո՝ դարձյալ վատ վարչարարություն ու որոշում ընդունելու անկարողություն, մի բան, որ վանում է բիզնեսն ու ներդրումները: Երբ կա օրենք, բայց պետական գերատեսչություններն օրենքով թույլտվություն տալուց խուսափում են՝ «мало ли», հանկարծ չհայտնվեն հեղափոխությանը մասնակցած  ակտիվիստներ ու չպահանջեն չեղյալ հայտարարել օրենքով տրված թույտվությունը: Կամ հանկարծ չպարզվի, որ օրենքով սահմանված կարգով թույլտվություն է տրվել մի նախկին պաշտոնյայի բարեկամի, որին պետք չէր թույլտվություն տալ:

Oրենքի «հարմարեցումը» պահի քաղաքական շահերին՝ բիզնեսի համար նույնքան լուրջ խոչընդոտ է, որքան կոռուպցիան: Ու եթե կառավարության աջակիցներին թվում էր, թե՝ եթե բիզնեսից կաշառք չես ուզում, ապա դա բավարար է ներդրումներ բերելու համար, սխալվում են: Բավարար չէ, որովհետև եթե կաշառք չես ուզում, բայց աջ ու ձախ, հաճախ անհիմն՝ բիզնեսի համար խոչընդոտներ ես ստեղծում, օրենքը շրջանցելով ու հարմարեցնելով պահի քաղաքական պահանջներին, դա ոչնչով չի տարբերվում կաշառք ուզելուց:

Մի կողմ թողնենք Համաշխարհային բանկի վարկանիշն ու պարզ տրամաբանությամբ մտածենք:

Ինչպե՞ս կարող է չիջնել, առավել ևս, բարձրանալ երկրի վարկանիշը, երբ երկրի ամենախոշոր ներդրման ճանապարհները փակ են, կառավարությունը մեկ տարուց ավելի փորձաքննում ու Ամուլսարում ձվում ասեղ էր փնտրում, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչը խոստովանում է, որ փորձաքննություններն արել են, որպեսզի բախումներից,  իմա՝ որոշում կայացնելուց ու որոշումն ի կատար ածելուց, խուսափեն: Վերջին 2 ամսում էլ 20 տարբեր բան ասվեց, ու ոչ մի լուծում չտրվեց:

Ինչպե՞ս պետք է բարձրանա երկրի վարկանիշը, երբ աղբահանությունն իրականացնող արտասահմանցի ներդրողին մեղադրում են իր գործը վատ անելու մեջ, հետո միակողմանի խզում են պայմանագիրը: Իսկ ներդրողը, ի լուր աշխարհի, հայտարարում է, որ քաղաքապետարանը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, իր հետ չի բանակցել է, չի փորձել քննարկել ու լուծումներ գտնել ու գնում է արբիտրաժ: Ինչպե՞ս կարող է բարձրանալ երկրի վարկանիշը, երբ երկրում գործում է մեղավորության կանխավարկածը:

Ցանկացած բիզնես ի սկզբանե «մեղավոր է», ցանկացած շահույթի հետապնդում՝ հանցավոր: Բիզնեսը պետք է արդարանա, հարմարվի, գլուխը կախ՝ ամիսներով սպասի կառավարության՝ սեփական քաղաքական շահերին հարմար որոշմանը, որը հենվում է ոչ թե օրենքի, այլ օրվա տրամադրության, ֆեյսբուքյան լրահոսի ու փողոցի պահանջի վրա: Համաշխարհային բանկի վարկանիշում անկումը քննարկելուց պետք է հարցնել, ոչ թե՝ ի՞նչ մեթոդաբանության հետևանքով է անկում ապրել Հայաստանի վարկանիշը, այլ, թե՝ իսկ այդ ինչո՞ւ ու ո՞ր ձեռքբերումների շնորհիվ պետք է անկում չապրեր:

Տեսանյութեր

Լրահոս