Ով պիտի պատասխան տա չիրականացված ծրագրերի և տնտեսությանը հասցված վնասների համար
Կառավարության աշխատանքը գնահատման կարիք ունի
Այնպես է ստացվել, որ այս տարի պետական բյուջեում փողն «ուռել» է։ Բայց ոչ այն պատճառով, որ ծախսելու տեղ չկա։ Ծախսելու տեղ միշտ էլ կա, ուղղակի կառավարությունը չի կարողանում ժամանակին ծախսել։
Ու ոչ թե այն պատճառով, որ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, ինչպես փորձում է համոզել հասարակությանը, այլ այն պատճառով, որ ի վիճակի չէ արդյունավետ կազմակերպել աշխատանքները և իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսել է։ Այնպես չէ, որ դրանց ծավալներն այնքան շատ են, որ անհնարին է իրականացնել։ Նման խնդիր չկա։ Պարզապես կառավարության աշխատանքի արդյունավետությունն է ցածր։
Ստացվել է այնպես, որ բյուջեն պլանավորելիս նախատեսել են ծրագրեր, առանց հաշվարկելու` կարո՞ղ են դրանք իրականացնել, թե՞ ոչ։ Ու հիմա առաջացել է մի իրավիճակ, երբ փողը հավաքվել է, բայց ծրագրեր չկան, կամ դրանց իրականացման ընթացքն այնքան ցածր է, որ գումարները լռվել-մնացել են բյուջեում։
Չիմանալով ինչ անել, կառավարությունը դրանք դեպոզիտ է դնում Կենտրոնական բանկում։ Սեպտեմբերի վերջի տվյալներով՝ գանձապետական հաշվի մնացորդը գերազանցում էր 300 մլրդ դրամը, ինչը մեծ գումար է Հայաստանի տնտեսության համար։
Եթե կառավարությունը կարողանար լավ աշխատել, ապա այդ գումարները ոչ թե քնած կլինեին կամ ավանդադրված Կենտրոնական բանկում, այլ ներդրված տնտեսության մեջ` նպաստելով շրջանառությունների ավելացմանը։ Պարզ բան է, որքան գումարներն արագ են պտտվում, այնքան դրանց արդյունքն ավելի մեծ է։ Բայց այս կանոնը մեր դեպքում չի գործում։
Կառավարությունն իր համար արդարացում է գտել` իբր նախկին իշխանությունների մեթոդներով չի ուզում աշխատել, որովհետև ռիսկեր է տեսնում։ Իսկ ո՞վ ասաց, որ պետք է նախկինների մեթոդներով աշխատել։ Մի՞թե անցած մեկուկես տարին բավարար չէր այդ մեթողներից հրաժարվելու և նորը ստեղծելու համար։ Բայց դա կառավարությունը չի արել։ Ու հիմա կանգնել է մի խնդրի առաջ, որից տուժում է ամբողջ տնտեսությունը։
Ամիսներ պահանջվեց հասկանալու, որ պետք է ձև գտնել գումարները գոնե այլ ճանապարհով տնտեսություն վերադարձնելու համար։ Որպես առավել հեշտ տարբերակ՝ ընտրվեց ավելացված արժեքի հարկի նախկին գերավճարների վերադարձը։ Աստիճանաբար մարելու փոխարեն` որոշվեց դա միանգամից անել։ Այնպես չէ, որ այդ քայլով կառավարությունը մեծ լավություն արեց տնտեսվարողներին։ Այսպես թե այնպես, պարտավոր էր վերադարձնել այդ գումարները։ Բայց գոնե դրանով կարողացավ գումարների մի մասը հետ ուղարկել տնտեսություն։
Թեև դա չի նշանակում, որ այդ քայլով լուծվեցին բյուջեով նախատեսված ծրագրերի ժամանակին իրականացման հետ կապված խնդիրները։ Դրանք շարունակում են մնալ օդում կախված։ Ու ինչքան էլ վարչապետն ասի, որ այս տարի կապիտալ ծախսերն ավելի շատ են, քան անցած տարի էր, դրանով իրավիճակը չի փոխվում։ Հատկապես որ, հայտնի է, թե անցած տարի ինչ էր կատարվում այդ ծրագրերի հետ։ Իշխանության գալուց հետո դրանք մեծամասամբ կասեցվեցին։ Կառավարության ղեկավարն ամենուրեք կոռուպցիոն ռիսկեր էր փնտրում, ինչի հետևանքով էլ բազմաթիվ ծրագրեր պարզապես դադարեցվեցին։
Ու եթե այդքանից հետո այս տարի կապիտալ ծախսերը որոշակի աճ ունեն, դա դեռ չի նշանակում, թե կառավարությունն այս առումով լուրջ հաջողության է հասել։ Խնդիրն ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ։
«Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի շատ ավելի մեծ կապիտալ ծախսեր ենք կատարել, բայց մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաև բարձր որակական չափանիշեր ենք դրել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ որակական չափանիշերի մասին է խոսքը, երբ կառավարությունը չի կարողանում ժամանակին կազմակերպել գնումների իրականացման հետ կապված գործընթացները։ Խնդիրը շինարարական նախագծերի ձևավորման և մրցույթների կազմակերպման մեջ է։ Մինչ դրանք հետ են ընկնում` գումարները կախվում են բյուջեում։
Ահա հիմնականում այդ գումարների մասին է խոսքը, երբ վարչապետը հայտարարում է, թե մենք փողի խնդիր չունենք։ Այդպես աշխատելու դեպքում ցանկացած կառավարություն էլ փողի խնդիր չի ունենա։ Բայց դա չի որոշում կառավարության աշխատանքի արդյունավետությունը։ Կառավարությունը նրա համար չէ, որ փողը հետ գցի, որովհետև չի կարողանում արդյունավետ կազմակերպել աշխատանքները։ Կառավարությունը նրա համար է, որ իրականացնի պետության նախանշած ծրագրերը։
Առաջին հերթին՝ հենց դրանով է որոշվում, թե կառավարությունը որքանո՞վ է արդարացնում իրեն։
Այն, ինչ ունենք այսօր, այնքան էլ չի խոսում կառավարության արդյունավետ աշխատանքի մասին։ Ծրագրերի թերակատարումը` հատկապես, երբ դրանց համար գումարներ կան, ոչնչով արդարացված չէ։ Եվ, որ շատ կարևոր է, դրանով կառավարությունը մեծ վնաս է հասցնում է տնտեսությանը` տնտեսական գործընթացներից հանելով շրջանառու միջոցները։
Այդ պայմաններում տեղին չէ հպարտանալ, որ կառավարությունը փողի խնդիր չունի։ Պետական բյուջեում հավաքվող փողը պետք է ծախսվի նախատեսված նպատակների իրականացման համար։ Ու եթե չի ծախսվում, նշանակում է՝ այդ նպատակներն էլ չեն իրականանում։ Անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ կբերվեն դրա համար` մեղավորը կառավարությունն է, որը չի կարողացել՝ ինչպես ճիշտ պլանավորել պետական բյուջեն, այնպես էլ՝ ճիշտ կազմակերպել իր աշխատանքները։
Սա կառավարության թերացումն է, որից հնարավոր չէ փախչել։ Առավել ևս, անհասկանալի արդարացումներ փնտրել։
«Երբ ասում ենք, որ մենք փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ դուրս գանք ու ուղղակի փող բաժանենք, այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի։ Երբ ասում ենք՝ չունենք փողի խնդիր, նկատի ունենք՝ կապիտալ ներդրումներ անելու համար»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Որ շրջանառության մեջ գտնվող փողի քանակի ավելացումը կարող է հանգեցնել դրա արժեզրկմանը, այդպես էլ կա։ Բայց այդ վտանգը մեզ չի սպառնում։ Ու պետք չէ հասարակության մոտ փորձել տպավորություն ստեղծել, որ կառավարությունն աշխատավարձ կամ թոշակ չի բարձրացնում, սոցիալական վճարները չի ավելացնում, որպեսզի դրամը չարժեզրկվի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ