Հոկտեմբերի 27-ի զոհերի ընտանիքները՝ Նաիրի Հունանյանի դիմումի ու քաղաքական առևտրի մասին

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական պաշտոնյաների ընտանիքների անդամներն ուշի ուշով հետևում են ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման դիմումի շուրջ ծավալվող իրադարձություններին և կատեգորիկ դեմ են նրա ազատ արձակմանը:

Նրանք հույս են փայփայում, որ երկրի ներկայիս ղեկավարությունը, ինչ էլ լինի, քաղաքական մոտիվներից դուրս, սթափ դատողությամբ որոշում կկայացնի:

«Լրատվամիջոցներում զանազան մեկնաբանություններ են հնչում, սկսել են Նաիրի Հունանյանի խցի պայմանների մասին մտահոգություններ հայտնել, նրա կաշկանդված խոսքի, հոգեկան առողջության մասին են խոսում: Բնական է, որ տարբեր են ԶԼՄ-ները, տարբեր ուժային կենտրոններից եկող արձագանքները պիտի տարբեր լինեն, բայց ես չեմ կարծում, որ այդ ողբերգական հանցագործության հնչեղությունը խամրել է այսքան տարի անց, և ժողովուրդը հանդուրժողաբար կարձագանքի ոճրագործի ազատ արձակման հնարավորությանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց հոկտեմբերի 27-ին գնդակահարված ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանի որդին՝ հայտնի փաստաբան Էմիլ Պետրոսյանը:

Ահաբեկչությանը զոհ դարձած մյուս պետական գործչի՝ պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների պրոֆեսոր Միքայել Քոթանյանի որդին՝ Տիգրան Քոթանյանը, ավելի կտրուկ արձագանքեց հարցին.

«Ինչպե՞ս կարելի է մտածել, որ այդ նենգ ոճրագործի ազատ արձակման մասով ընդհանրապես կարող են երկու տարբեր կարծիքներ լինել. իհարկե՝ ՈՉ: Հետևաբար՝ այդ հարցադրման իմաստը նաև չկա, հատկապես՝ զոհերի ընտանիքներիս համար: Նենգ մարդն ընդամենը ցանկացել է օգտվել օրենքով իրեն տրված հնարավորությունից, բայց սա չի կարող քննակման նյութ լինել, ահաբեկչի ազատ արձակումը վտանգավոր է ողջ հասարակության համար»,- ասաց նա:

Իսկ Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի առաջին արձագանքն ուղիղ հարցադրում էր երկրի ղեկավարությանը՝ «Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետևանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»:

Այս ամենից ի՞նչ ազդակներ եք նկատում, արդյոք Նաիրի Հունանյանին տրվող հնարավորությունը՝ ոճրագործությանն իրավական լուծում տալու փոխարեն, չի՞ դառնա նոր իշխանությունների ձեռքին զուտ քաղաքական խաղաքարտ՝ իշխանությանը նոր դիրքեր ապահովելու համար, հետաքրքրվեցինք մեր զրուցակիցներից: Նրանք բոլորը համարում են՝ գործը թերի է քննված, վարկածները չեն հիմնավորվել, բայց ընդգծում են, որ այս ամենում իրենց բացառապես իրավական հանգուցալուծումն է հետաքրքրում, և ոչ թե՝ «քաղաքական առուծախը»:

Մյուս կողմից՝ չեն տեսնում այն ազդակները, որ իշխանությունների մոտ կա ռեալ ցանկություն՝ գործն ամբողջությամբ բացահայտելու համար, ըստ էության նաև թերահավատորեն են նայում իշխանության ջանքերին՝ հաշվի առնելով հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի գերբեռնվածությունն ու քննվող մի շարք աղմկահարույց գործեր:

«Ասում են՝ նոր հանգամանքներ պիտի ի հայտ գան, որ գործը բացահայտվի, տարբեր մարդիկ նոր հանգամանքների մասին են պատմում: Էդ հին դատախազը հինն է, շահագրգռված չի ուրեմն, նոր դեմքերն էլ ուղղակի ժամանակ չունեն «Հոկտեմբերի 27»-ին անդրադառնալ, որովհետև «Մարտի 1»-ի գործով են տարված: Մարտի 1-ին իրենք բոլորը ցավ զգացել են իրենց մաշկի վրա, հոկտեմբերի 27-ի ցավը մաշկի վրա չեն զգացել»,- օրերս ասել էր ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը:

Այդուհանդերձ, ի՞նչ սպասել գործող իշխանությունից։ Այս հարցին բոլորը նույն կերպ արձագանքեցին՝ որևէ դեպքում Նաիրի Հունանյանին չի կարելի ազատ արձակել: «Ոճրագործների կրակոցները միայն մեր հայրերի ու ամուսինների դեմ չէր ուղղված, այլև մեր պետականության դեմ էր, և այդ կրակոցներով խաթարվեց մեր պետականաշինության ընթացքը, զարգացող Հայաստանի ապագան կործանելու համար էր կազմակերպված այդ հանցագործությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

Նրա կարծիքը կիսում է Լեոնարդ Պետրոսյանի որդին: «Խնդիրը, ինչպես ասում են, այս ընտանիքների թասիբի հարցը չէ, ավելի մասշտաբային պետք է դիտարկել: Զոհերի հարազատներս, այսպես թե այնպես, մեր օջախներում վառ ենք պահում նրանց լուսավոր հիշատակը, ընտանիքներով մշտապես կապի մեջ ենք միմյանց հետ: Բայց զոհվածները պետական գործիչներ են, ուստի ոճրագործի ցանկություն բավարարելու և պետականության դեմ ուղղված հանցագործության զուգահեռների մասին է խոսք գնում»,- ընդգծում է Էմիլ Պետրոսյանը:

«Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը նրա ազատ արձակման տակ չի ստորագրի, միգուցե շատ միամիտ եմ, որ այսպես եմ կարծում: Թեորետիկ առումով այսօր չեմ բացառում ոչ մի սցենար: Չեմ բացառում նաև, որ Նաիրի Հունանյանն անվտանգության երաշխիքներ ուզի և ցանկանա բացահայտել հանցագործության մութ կողմերը, ես դրան դեմ չեմ, բայց մի դեպքում՝ եթե հիմնավորվի կազմակերպիչների մասին օդում կախված ինֆորմացիան, այդ պայմանական առևտուրն իսկապես ծառայի թերի քննված գործի ամբողջական բացահայտմանը, նոր տեղեկատվությունը լինի միարժեքորեն հավաստի և հիմնավորված»,- նշեց Էմիլ Պետրոսյանը:

Անդրադառնալով Նաիրի Հունանյանի դիմումին հետևած բոլոր զարգացումներին՝ մասնագիտությամբ իրավաբան Էմիլ Պետրոսյանը չի շտապում դատողություններ անել, ասում է՝ հեղափոխությունից հետո ամեն օր էլ կարծես հետաքրքիր զարգացումներ են լինում, բայց դրանից էապես ոչինչ չի փոխվում:

Հիշեցնենք, նախօրեին Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումի վերաբերյալ քրեակատարողական ծառայությունն իր բացասական եզրակացությունը տվեց, հաջորդ քայլը պրոբացիայի ծառայությանն է, որից հետո ելքը կորոշվի՝ դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հարցը քննե՞լ դատական կարգով, թե՞ առհասարակ փակել թեման: Երեկ ԱԺ-ում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, համենայնդեպս, ակնարկել է, որ մերժվելու է Նաիրի Հունանյանի դիմումը: «Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշերով, կարծում եմ՝ ելքը պարզ է»,- ասել է նախարարը:

Սակայն ավելի ուշ խորհրդարանական «Ելք» դաշինքը լքած պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքով տեղեկացրեց, որ ՔԿՀ-ում նախօրեին 2-ժամյա հանդիպում է ունեցել Նաիրի Հունանյանի հետ:

Մինչ այդ, հիշեցնենք, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ, իր հերթին, հարցազրույցում չէր բացառել, որ իշխանության համար Հունանյանի ասելիքն անհրաժեշտ կլինի:

«Եթե Նաիրի Հունանյանը պատրաստ լինի էական և մինչև հիմա հանրությանն անհայտ տեղեկություն հաղորդել նախաքննական մարմնին, վերջինիս աշխատանքների ընթացքում իր հնարավորությունները կիրացնի՝ որպես Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի իշխանությունում դերակատարում ունեցած անձ»,- ասել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Հիշեցնենք, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ մուտք գործած Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Արցախի նախկին վարչապետ, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը, 8 մարդ վիրավորվել էր , իսկ 91-ը՝ գերեվարվել խորհրդարանական դահլիճում:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս