«Մարտի 1-ին իրենք ցավ զգացել են իրենց մաշկի վրա, հոկտեմբերի 27-ի ցավը մաշկի վրա չեն զգացել». Անահիտ Բախշյան

Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նոր իշխանությունն առայժմ ոչինչ չի անում «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական բացահայտման համար. «Ես տեղյակ չեմ, ուրեմն՝ չի արվում: Որպես տուժողի իրավահաջորդ՝ պարտավոր եմ տեղյակ լինել ցանկացած նոր քայլից, բայց տեղեկացված չեմ, ուրեմն չի արվում»:

Նա ընդգծեց, թե ասվում է՝ պետք է նոր հանգամանքներ ի հայտ գան, որպեսզի գործը բացահայտվի. «Վերջին մի քանի ամսում տարբեր մարդիկ նոր փաստեր են ասում, բայց իմ կարծիքով՝ փաստ է, որ մինչև հիմա «Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված  մասով չունենք որոշում, որի հիման վրա կարող ենք դիմել նոր դատաքննության: Ես  գնալու եմ բանավոր ի՞նչը բողոքարկեմ»:

Ա. Բախշյանի խոսքով՝ դատախազը դեռևս հին իշխանության ներկայացուցիչ է. «Էդ հին դատախազն էլ շահագրգռված չի ուրեմն, և նոր դեմքերն էլ ուղղակի ժամանակ չունեն Հոկտեմբերի 27-ին անդրադառնալ, որովհետև «Մարտի 1»-ի գործն է: Մարտի 1-ին իրենք բոլորը ցավ զգացել են իրենց մաշկի վրա, հոկտեմբերի 27-ի ցավը մաշկի վրա չեն զգացել»:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվում խոսել Հոկտեմբերի 27-ի մասին, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Գագիկ Ջհանգիրյանն այն ամենաիրազեկված մարդն է, ով շատ-շատ բան գիտի, ու ինքը  պիտի պատասխանի նաև հարցին՝ ինչո՞ւ մինչ օրս անջատված մասով որոշում չենք ստացել:  Եղել են հարցազրույցներ, որտեղ շատ բաների մասին է խոսում:

Իրավաբան է, ինքը տեղյակ է և լավ գիտի, որ ծայրից սկսի, որ նորից այդ գործն առաջ գա, բայց լռում է, չգիտեմ՝ ինչու է լռում, որովհետև անձամբ ես՝ որպես տուժողի իրավահաջորդ, իր համար ոչ հաճելի հարցեր եմ տալու»:

Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին՝ Ա. Բախշյանն ասաց. «Դե, նա այն աստիճան նագլի մարդ է, որ համարձակվում է վաղաժամկետ ազատման մասին դիմում գրել: Ի դեպ, ինքը միակը չէ. այդ գործով մեկն էլ էր դիմել ամիսներ առաջ, մերժվել է (որովհետև այդ գործով որպես տուժողի իրավահաջորդ՝ կանչել են, իմ կարծիքն էլ են հարցրել, ես, իհարկե, այն ժամանակ էլ եմ դեմ եղել, այս տականքի վերաբերյալ միանշանակ դեմ եմ, ինքն անբարոյական քայլ է անում)»:

Հարցին,՝ արդյո՞ք դիմումը կբավարարվի՝ Բախշյանն արձագանքեց՝ «Ո՞վ է ձեռք քաշել իր անունից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս