Կարեն Դեմիրճյանի այրին հորդոր ունի Փաշինյանին

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված ԱԺ նախագահ, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին ապշած է, որ այսօր Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման հարց է բարձրացվում և անգամ քննարկման օրակարգ է դարձել:

«Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետևանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում շատ ուղիղ, հասցեական հարցադրում է հնչեցնում Ռիմա Դեմիրճյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմում գրելու փաստին:

«Իսկ եթե այդուհանդերձ նման հարց է բարձրացվել, ապա միայն մի բան կասեմ՝ դա իմ իրավունքը չէ, ես չեմ որոշողը, չեմ կարող լուծում տալ հարցին, բայց պետք է հիշել, որ դա միայն իմ կորուստը չէ, հայ ժողովրդի կորուստն է, նրա կյանքի, ապագայի, կործանված հեռանկարի, ամեն ինչի կորուստն է, որը շատ դժվար է վերականգնել»,- ասաց տիկին Դեմիրճյանը:

Կարեն Դեմիրճյանի այրին համարում է, որ այդ օրվա կրակոցները հենց հայ ժողովորդի դեմ էր ուղղված, և այդ օրվա կորստի բեռը միայն զոհերի ընտանիքները չեն կրել, կրել ենք բոլորս, հետևաբար՝ ժողովրդի խոսքն այդ հարցում պետք է լսելի լինի:

Կարդացեք նաև

«Բոլոր դեպքերում դա ժողովրդի լուծելու հարցն է: Այդ ողբերգական միջադեպով սպանվեցին մարդիկ ու մեր ապագան, կորուստը միայն գնդակահարվածների ընտանիքներինը չէ, իմը չէ միայն: Ոչ մենք, և ոչ էլ մեր ժողովուրդն այդ կրակոցների հետևանքները մինչ օրս չենք մարսել: Մինչև 27-ը մենք ունեինք մեկ Հայաստան, հոկտեմբերի 27-ից հետո՝ բոլորովին ուրիշ Հայաստան: Այդ օրվա կրակոցներով սասանվեց ամբողջ ժողովուրդը, որովհետև դա հանցագործություն էր՝ ուղղված հենց ժողովրդի դեմ: Հետևաբար՝ այս հարցը, լավ կանեիք՝ նաև մեր ժողովրդին հղեիք։ Եթե ժողովուրդը կասի՝ այո՛, ինչ արած, ուրեմն թող ազատվի Նաիրի Հունանյանը կալանքից: Բայց եթե հարց հղեիք, ապա ես չեմ կարծում, որ հայերի մեջ կլինեն մարդիկ, ովքեր կտան իրենց համաձայնությունը, բացառությամբ մի քանիսի, որոնք կողմնակից են դաժան մարդասպաններին։ Բնավ, ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը կհամաձայնի դրան»,- ասում է տիկին Դեմիրճյանը:

Մեր դիտարկմանը, որ այս դեպքում ժողովրդի խոսքը որոշիչ չէ, Նաիրի Հունանյանի դիմումը հասցեագրված է երկրի ղեկավարությանը, հետևաբար՝ հանձնաժողովի կարծիքից հետո այն պետք է ուղարկվի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ու միայն երկրի ղեկավարների ստորագրությամբ է վճռվում, ուստի ի՞նչ ակնկալել երկրի բարձրագույն ղեկավարից, և ո՞րն է Կարեն Դեմիրճյանի այրու հորդորը վարչապետ Փաշինյանին՝ վերջինիս որոշիչ վճռից առաջ, նա պատասխանեց.

«Բնականաբար, երկրի ղեկավարությանն է հասցեագրվել դիմումը, բայց ես կարծում եմ՝ նրանք խելամիտ կմոտենան և հաշվի կառնեն բոլոր հանգամանքները, նրանք պարտավոր են հաշվի առնել ժողովրդի վերաբերմունքն ու կարծիքը ոճրագործին վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ»:

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Տիկին Ռիմա Դեմիրճյանին ուղղված հարցերը շատ էին, բայց երբ նրան հարցրեցինք Նաիրի Հունանյանի գլուխ բարձրացնելու, նրա դիմումի քաղաքական ազդակների, քաղաքական հնարավոր վերադասավորումների մասին, նա հուզվեց և այլևս չկարողացավ զրույցը շարունակել:

Տեսանյութեր

Լրահոս