Մանկական մահացությունների դեպքերի մասին բարձրաձայնում են ծնողները
Երևանի ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը հերթական ահազանգն է հնչեցնում մայրական և մանկական մահացության դեպքերի մասին: Ըստ նրա՝ դրանց պատճառների պարզաբանման մասին Առողջապահության նախարարությունը լռում է:
Մարինա Խաչատրյանը պնդում է, որ մայրական և մանկական մահացությունների պատճառները պարզելու համար անհրաժեշտ է ձևավորել անկախ հանձնաժողովներ.
«Լինում են դեպքեր, երբ մայրը զգում է երեխայի խաղը, բայց ասում են՝ երեխան մահացած է, հետո երեխային ցույց չեն տալիս ծնողին: Եթե ստեղծվի անկախ հանձնաժողով, հարցում կարվի, թե որտե՞ղ է երեխայի մարմինը, պարզ կլինի, թե ինչ պատճառներ են եղել: Մանկավաճառության դեպքերը նույնպես հնարավոր կլինի կանխարգելել»:
Մարինա Խաչատրյանը լրագրողներին ներկայացրեց Նարեկ Գրիգորյանին, ում 4.5 ամսական երեխան մահացել է Հերացու պոլիկլինկայում ստացած պատվաստումից ժամեր անց: Ըստ նրա՝ քրեական գործ է հարուցվել, որը վերջերս կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով.
«2018թ. երեխաս հերթական պատվաստումից 42 Ժամ հետո մահացավ, ԱՆ ֆեյսբուքյան պաշտոնական կայքում հրապարակվել էր երեխայիս մահացության պատճառը՝ որպես սրտի բնածին արատ, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չկար: Երեխայիս պատվաստել են 30 օր ժամկետում՝ չպահպանելով թույլատրելի սահմանները: Երեխայիս տվել են 1 տարի ժամկետն անցած դեղորայք»:
Ն. Գրիգորյանն արձանագրեց տեխնիկական մի շարք թերություններ ու փաստեր, որոնք, ըստ նրա՝ խեղվել են. «Վարույթ իրականացնող մարմինը՝ չնայած նրան, որ կային բազմաթիվ անհամապատախանություններ, ասաց՝եկեք գործը կարճենք, հետո դիմեք Դատախազություն՝ տեսեք՝ ինչ կստացվի: Դիմել եմ գլխավոր դատախազին՝ կարճման որոշումը չեղարկելու համար»:
Նա հավելեց, որ ոչինչ չի ակնկալում Առողջապահության նախարարությունից. «Լավագույն բանը, որ կարող է անել Առողջապահության նախարարությունը, դա փակվելն է:
Դուք մեզ առանց ռիսկի գործոնների ստիպում եք մեր երեխաներին ռիսկի ենթարկել, բայց դուք ոչ մի բանի համար պատասխանատվություն չե՞ք ուզում կրել»:
Մարինա Խաչատրյանը ներկայացրեց վիճակագրություն, թե 2018 թվականին քանի մահվան դեպք է գրանցվել և քանիսի դեպքում են քրեական գործեր հարուցվել.
«0-1 տարեկան երեխաների շրջանում 260 մահվան դեպք, միայն 22-ի դեպքում է, որ հարուցվել է քրեական գործ. բա մնացած մահվան դեպքերն ինչո՞ւ չեն ուսումնասիրվել: Մինչև 5 տարեկան 316 դեպքից միայն 5-ի դեպքում է քրեական գործ հարուցվել: Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ չի, որ իրապես ուսումնասիրվում է»:
Մանկական մահացության մասին խոսեց նաև մեկ այլ ծնող՝ Վլադ Հարությունյանը. «Դեպքը երեք տարի առաջ է եղել և էլի Հանրաապետակն հիվանդանոցում, ծննդաբերությունը հասել էր վերջին օրերին և 9 ամսական էր: Ծննդաբերությունից մի քանի օր առաջ գնացել էինք հիվանդանոց, հիվանդանոցից տուն եկանք ու կինս ասաց, որ մի քիչ ցավեր ունի, բժշկուհին ասաց՝ նորմալ է, նախածննդաբերական վիճակ է, «Նոշպա» դնի, կանցնի: Բայց տեսանք, որ չի անցնում ցավը, գնացինք հիվանդանոց: Բժշկուհին էխո արեց ու բարի դեմքով ասաց՝ պտուղը մահացած է, երեխային պետք է հեռացնենք»:
Գլխավոր տնօրենն ասել է, որ նման դեպքեր լինում են, իսկ պատճառների մասին ասել են կտեղեկացնենք. «Մի թղթի կտորի վրա, ինչ-որ նախադասություններ են գրել»:
Վ. Հարությունյանը շեշտեց, որ մինչև վերջ կինը զգացել է երեխայի խաղը և նրանք երեխայի մարմինն այդպես էլ չեն տեսել:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան