Նիկոլ Փաշինյանը «քցե՞ց» Էդմոն Մարուքյանին
Նախօրեին խորհրդարանում բավականին հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան, խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում էր ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, ովքեր համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշերին: Ստացվում է, որ պարտադիր չի լինելու, որ այս պատասխանատու պաշտոններում նշանակվեն համակարգից համապատասխան փորձառությամբ՝ ստաժով ու կոչումով պաշտոնյաներ, այլ կարող են նշանակվել 25 տարին լրացած այն անձինք, ովքեր 4 տարի Հայաստանում մշտական բնակության տեղեկանք կարող են ներկայացնել։
Հավելենք, որ տևական ժամանակ է՝ նախագծի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել․ նախագիծը խորհրդարանում արդեն անցել է առաջին ընթերցումը և երեկ երկրորդ ընթերցմամբ դրվեց քննարկման, և հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ իշխանական խմբակցությունը չի պատրաստվում նորից կողմ քվեարկել։ Այսինքն՝ ստացվեց այնպես, որ Նիկոլ Փաշինյանը «քցեց» Էդմոն Մարուքյանին։ Փաշինյանը ներկա փուլում իր իսկական տարերքի մեջ է՝ օգտագործում ու դրանից հետո հեղինակազրկում է գրեթե բոլորին՝ առանց նախապայմանի ու ունեցած նշանակության։
Այս շարքին է դասվում նաև «Լուսավոր Հայաստանը», որը, կարելի է ասել, ամբողջովին տրվեց Փաշինյանի բոլոր քմահաճույքներին, կատարեց նրա համար ռիսկային ու այդ փուլում բավականին կարևոր հարցի ֆիգուրանտի դերը։ Փաստացի Փաշինյանը «Լուսավորին» նախ՝ դարձրեց իր քաղաքական գործիք, հետո «գցեց գծերից»՝ այդ կերպ հերթական անգամ ցնցելով ընդդիմադիր կուսակցության նրա միֆը։
Ի՞նչ է ստացվում, Մարուքյանն անձամբ հեղինակեց, ներկայացրեց խմբակցությունում, «Իմքայլականները» բոլորը միահամուռ կողմ քվեարկեցին, ու երկրորդ ընթերցման ժամանակ, միանգամից՝ ուպս․․․ քաղաքական որոշում է փոխվում՝ «Լուսավոր Հայաստանի» անվանը «գրպանային ընդդիմություն» ձևակերպումը կցելով։
Տեղին է հավելել, որ Նիկոլ Փաշինյանի համար սա առաջին դեպքը չէ, քանի որ իր քաղաքական կարիերայի ընթացքում նա «քցել» է բոլորին (Տեր-Պետրոսյան, ՀԱԿ խմբակցություն)՝ կախված այն բանից, թե տվյալ պահին իր քաղաքական շահերն ինչպես են դասավորվում։ Բոլորովին վերջերս մենք տեսանք, թե Ամուլսարի գործի շրջանակներում ինչպես վարվեց Քննչական կոմիտեի հետ։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը մի առանձին «ռասկլադ» ունի ուժայինների առումով․ փաստացի այս պնդման առաջին «ծիծեռնակը» հանդիսացավ Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանը, ում նախ՝ ներքաշեցին այդ ճղճիմ խաղի մեջ, ստեղծեցին արհեստական ինտրիգ, ապա շատ արագ, ընդամենը մի ձեռքի շարժումով՝ ազատվեցին նրանից։ Ավելին, ներկայումս Իվանյանի նկատմամբ ընթանում է ծառայողական քննություն, չնայած հետագայում պարզվեց, որ ոչ մի ռիսկային թեմա էլ գոյություն չունի։
Փաշինյանն ատամներով կախված է իշխանությունից, նա ոչ մի կերպ չի պատրաստվում զիջել իր աթոռը, և ամեն ինչ կանի իր իշխանությունը երկարաձգելու համար։ Այդ իսկ պատճառով այսօր ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ փաստացի ղեկավարի կողմից տարվում է անհասկանալի ու կործանարար քաղաքականություն, նրա գործողություններն ու ավերիչ հոգեվիճակն այն աստիճան վտանգավոր են դարձել, որ իրականում սպառնում են երկրի անվտանգությանը։ Ավելին, ՀՀ պետական համակարգում ճգնաժամային վիճակը գնալով խորանում է, ու, ցավոք, հետևանքները լինելու են անդառնալի։
Արմեն Հովասափյան