«Սա շատ լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանդեպ». Սամվել Մարտիրոսյան
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատության խնդրին և լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտման դեպքերին՝ ասաց.
«Նախորդ տարվա «Yerevan Today»-ի դեպքը շատ վատ դեպք էր. շատերը դիտարկում են միայն այն, որ ուժայինները մտել են, և այլն, ինչն ի սկզբանե վատ է, բայց այստեղ կա մի կարևոր բան. տեխնիկան առգրավվել է, ընդ որում՝ Հայաստանում երկար ժամանակ նման դեպք չի եղել, ինչը նշանակում է, որ լրագրողները պատրաստ չեն: Այստեղ ո՞րն է ամենամեծ վտանգը՝ լրատվամիջոցները միշտ ունենում են աշխատանք՝ գաղտնի աղբյուրների հետ, և դա օրենքով պաշտպանված երևույթ է: Եվ եթե դու տեխնիկան առգրավում ես, փաստացի կարող է աղբյուրը վտանգվել: Սա շատ լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանդեպ. դուք հասկանում եք, չէ՞, որ այնտեղ կարող են մարդիկ լինել, որոնք լուրջ վտանգի տակ հայտնվեն այն պատճառով, որ ինչ-որ մեկը եկել է, համակարգիչը տարել է, ու այնտեղ փակ նամակագրություն կա»:
Ըստ փորձագետի՝ խոսքի ազատության հետ կապված լուրջ խնդիր է նաև մամուլի ինքնուրույնության խնդիրը. «Այսինքն՝ քանի որ լրատվամիջոցները շատ քիչ շանս ունեն՝ ֆինանսապես ինքնուրույն լինել, իրենք անընդհատ ընկնում են ազդեցությունների տակ: Իսկ պետության կողմից ճնշումների տեսանկյունից իրավիճակն ակնհայտ բարելավվել է, բայց կա հանրային ճնշում, օրինակ՝ «Հայելի» ակումբի դեպքը, կամ մտնում եք քոմենթները՝ հայհոյանքների շարան է: Ոչ միայն լրատվամիջոցներին են հայհոյում, այլև ուղղակի կարծիք հայտնողներին: Երբ ատելության խոսքը դառնում է առօրեական, հասկանալի է, որ լրագրողը կվախենա ինչ-որ թեմաների անդրադառնալ, ոչ թե նրա համար, որ իրեն կզանգեն, կամ ինչ-որ մեկը կծեծի, այլ ուղղակի հանրային ճնշման տակ: Չեմ կարծում, թե դուրեկան է աշխատել անընդհատ հայհոյանքների և ձու շպրտելու հավանականության տակ»:
Այս իրավիճակը, Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սկսվեց 2016թ. ապրիլյան պատերազմի օրերից. «2016թ. մարդիկ մտան ադրբեջանցիների հետ լեզվակռվի մեջ ու դրանից դուրս չեկան: ՊՊԾ գնդի գրավումը շատ լուրջ ներքին ընդհարման բերեց, հեղափոխությունն էլ հաջորդ փուլն էր: Եվ, ցավոք սրտի, հիմա քաղաքական էլիտան էլ է ներգրավված այս ամենի մեջ. կարող է՝ հայհոյանք չեն գրում, բայց դա էլ է լինում, լրագրողներն էլ են ախր ներգրավված: Մեկ էլ տեսնում ես՝ լրագրողը մեծ գրառում է կատարում, մեջը ում մասին, ինչ ասես՝ գրված է: Կարող է տարօրինակ թվալ, բայց շատ երկրներում լրագրողին անմիջապես գործից կհանեին: Այս ամենին գումարվում է նաև այն, որ սոցցանցերն ամբողջ աշխարհում պրոբլեմ են, ատելության խոսքը գնալով աճում է, մենք էլ այս ամենը կիրառում ենք՝ որպես գործիք»:
«168 TV»-ի տեսանյութը դիտել 21:37 րոպեից