Թե ինչպես ժամանակին Վահե Գրիգորյանը չկարողացավ պաշտպանել Նիկոլ Փաշինյանին

Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ կարգելու Նիկոլ Փաշինյանի իդեա-ֆիքսը հանգիստ չի տալիս իշխանական թևին: Ասում են՝ հոգնել են ամեն անգամ մի նոր սարդոստայն գործելուց, չեն թաքցնում նաև, որ հիասթափված են Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության դեպքից հետո: Մասնավոր զրույցներում իշխանավորներից ոմանք խոստովանում են, որ Վահե Գրիգորյան & Գագիկ Ջհանգիրյան ֆորմատով «ՍԴ բարեփոխման» սցենարը չաշխատեց:

Ստացվում է՝ մի կողմից՝ Վահե Գրիգորյանի ունակություների մասով առանձնապես մեծ վստահություն չկա թիմի ներսում, մյուս կողմից՝ այդ անվստահությունը խորացրել է ՍԴ-ից փոխանցված 3 մլն դրամի ամոթալի պատմությունը, որը նա ստացել էր աշխատավարձի տեսքով՝ փաստացի չաշխատելու դիմաց:

Սակայն նույն թիմակիցներին երևի արժեր հիշեցնել, որ փաստաբան Վահե Գրիգորյանը ունի նիստերին չներկայանալու վաղեմի պրակտիկա, և սա ժամանակին չի էլ հուզել Նիկոլ Փաշինյանին:

Շատ ավելի վաղ նա նույն կերպ վերաբերվեց անձամբ Փաշինյանի շահերի պաշտպանությանը դատարանում: 2010թ.-ին Վահե Գրիգորյանի փաստաբանական գիտելիքին ու փորձին վստահել էր Փաշինյանը՝ ՀՀԿ-ական երեք օլիգարխներից պաշտպանվելու համար:

Այն ժամանակ էլ նա փորձեց ֆոն ստեղծել, թե պատրաստ է Փաշինյանի շահերը պաշտպանել նրան դատի տված ՀՀԿ-ական երեք գործարարներից, սակայն մշտապես բացակայում էր նիստերից՝ անհիմն պատճառաբանություններով, միայն մեկ անգամ է բարեհաճել ներկայանալ նիստի: Իսկ այդ շրջանում Վահե Գրիգորյանը ամենաթրենդային փաստաբաններից մեկն էր համարվում, մարտի 1-ի գործով նա միանգամից հեղինակություն դարձավ:

Հիշեցնենք, 2010 թվականին իշխող ՀՀԿ-ական երեք գործարար պատգամավորներ՝ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը և Լևոն Սարգսյանը, «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ մեկ միասնական հայցով դիմել էին դատարան 14.10.2010թ. հրապարակած նյութով իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին  պատճառված վնասի հատուցման պահանջով:

Հերքումից բացի, գործարարները թերթից, որպես փոխհատուցում, պահանջել էին իրենց վճարել 7.5 մլն դրամ (այդ թվում՝ դատական ծախսերի փոխհատուցումը):

Թերթն այդ օրվա համարում գրել էր, թե իր տեղեկություններով` ՌԴ իրավապահները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում՝ նարկոթրաֆիկի, թրաֆիկինգի և փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն ՀՀ թվով 32 պաշտոնյաներ ՝ընդգծելով ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունները:

«ՌԴ իրավապահները ՀՀ պաշտոնյաների ցուցակը ցուցադրել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, և նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել…»,- գրել էր Փաշինյանի ընտանեկան թերթը:

Նշենք, որ մինչ այդ երեք գործարարները նամակով դիմել էին «Հայկական Ժամանակի» (ՀԺ) այդ ժամանակվա խմբագիր Աննա Հակոբյանին՝ պահանջելով, որ ՀԺ-ն հրապարակի իրենց իսկ ձեռքով կազմած հերքման տեքստը՝ իրենց անունից:

Աննա Հակոբյանը, սակայն, հրաժարվել էր գործարարների հերքման տեքստը հրապարակել, փոխարենը լրատվամիջոցի քաղաքականությունը վարող Նիկոլ Փաշինյանը լրագրողական հետաքրքիր լուծում էր մոգոնել. ամիսներ անց մի նոր՝ «Ճշտում» վերնագրով հրապարակումով ներողություն էր խնդրել ընթերցողներից՝ ընդգծելով, թե իբր խնդրահարույց հոդվածը «թյուրիմացաբար տպագրվել է նյութի աշխատանքային, չխմբագրված տարբերակով», և «Ճշտում» մտցնելով, ՀԺ-ն բացահայտել էր իր հրապարակման աղբյուրը:

Հատկանշական է, որ Դատական վեճի առարկա դարձած հոդվածից հետո երեք գործարարներին՝ դեռ արտադատական փուլում ուղարկված փակ նամակներով՝ լրատվամիջոցը բացահայտել էր իր աղբյուրը, որպեսզի պատասխանատվության չենթարկվի: Թվում է՝ պարզաբանող նյութը և աղբյուրի բացահայտելը փաստաբան Վահե Գրիգորյանի համար Փաշինյանին պաշտպանելու զենքեր պիտի դառնային, բայց… նա տանուլ տվեց դատարանում:

Դատարանը հօգուտ երեք գործարարների որոշում կայացրեց՝ պարտավորեցրեց ՀԺ-ում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրած նյութի հերքումը տպագրել, իչպես նաև տուժող ճանաչված երեք գործարարներին վճարել 6 մլն 132 հազար դրամ:

Նկատենք, դեռևս 2010-ին, երբ զրպարտության և վիրավորանքի գործերով Հայաստանում նոր-նոր էին դատական գործեր քննվում, և երբ նմանատիպ գործերով դատական պրակտիկա չկար, փաստաբանն ընդամենը պետք է պնդեր, որ տուժողին աղբյուրը բացահայտվել է, հետևաբար՝ լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից: Այս մասին կա օրենքում: Եվ հատկանշական է, որ այդ հնարավորության մասին բազմիցս խոսել է ՀԺ խմբագիր, ներկայիս «Իմ քայլ»-ական պատգամավոր Հայկ Գևորգյանը, մինչդեռ փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանում չի կարողացել պնդել այս հիմնավորումը: Եվ ահա, ժամանակին թույլ գործով Փաշինյանին պաշտպանել չկարողացած իրավաբանին այսօր նույն Փաշինյանը փորձում է ամեն կերպ Բարձրագույն դատարանի ղեկավար դարձնել, ու, թերևս, միայն այն բանի համար, որ երբևէ առնչվել է նրա հետ:

Սա նոր Հայաստանի կադրային քաղաքականության մոտեցումն է, ու Վահե Գրիգորյանի դեպքն այն ցցուն օրինակներից է, որով կարելի է հասկանալ, թե ինչպես, օրինակ, սկզբում՝ ՀՀ Մշակույթի նախարար, և ապա՝ ԱԺ իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար դարձավ Նիկոլ Փաշինյանի անգլերենի դասատու Լիլիթ Մակունցը, ՀՀ Արդարադատության նախարար դարձավ Ռուստամ Բադասյանը, որի հետ Փաշինյանը հեղափոխության օրերին՝ իր ձերբակալումից հետո, մի քանի ժամով շփվել էր փաստաբանական ծառայություն ստանալու համար:

Հիշենք, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի օրինակը, որին փոխնախարար, հետո պատգամավոր դարձրեց Փաշինյանը՝ միայն այն պատճառով, որ մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվելու օրերին նա իր տանը թաքցրել էր Փաշինյանին: Դե, իսկ վարչապետի սանիկ Գարիկ Սարգսյանի (կոկորդիլոս Գարիկ) մարզպետ դառնալու, քավոր Հայկ և Վահե Ղալումյան եղբայրների մանդատի ու Իջևանի քաղաքապետ դառնալու դրվագների մասին ավելորդ է խոսել, ավելորդ է հիշել նաև վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանի մանդատավոր դառնալը, որի հետևանքով բալանսն ապահովելու համար ստիպված նաև իր եղբորորդուն՝ Սիփան Փաշինյանին նույն մանդատից մեկ օրինակ տրվեց:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս